28.09.2018 | 
Քաղաքականություն, Գիտություն
ԵՊՀ-Ն ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ-Ն ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Այսօր Լ. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանից ժամանած պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ԵՊՀ ղեկավար կազմի հետ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, Լ. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր Երլան Սիդիկովին, Ղազախստանի հանրապետության Մշակույթի և սպորտի նախարարության «Ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոն»-ի տնօրեն Ասիլխան Սաուդովին և պատվիրակության մյուս անդամներին:

Հանդիպմանը ներկա էին Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց Մայր բուհի հիմնադրման պատմությունը:
«Մենք տալիս ենք հանրապետության գիտական արտադրանքի 1/3-ը: Շատ են խնդիրները: Գիտական ներուժը ծերանում է, իսկ երիտասարդները ոգևորված չեն գիտությամբ զբաղվել, աշխատավարձները ցածր են, ուստի նրանք նախընտրում են բիզնեսով զբաղվել կամ արտագաղթել», -նշեց ԵՊՀ ռեկտորը:

Խոսելով խնդիրների մասին՝ Արամ Սիմոնյանն անդրադարձավ պետության կողմից գիտության ֆինանսավորմանը, արտագաղթի և համալսարանների թվի աճի պատճառով ուսանողների թվի կրճատմանը:

«Այժմ համալսարանի բյուջեի ընդամենը 12 տոկոսն են կազմում գիտությունից առաջացած ֆինանսները: Սա շատ փոքր թիվ է, սակայն, այնուհանդերձ, բարձր է Հայաստանի համար»,- ասաց նա:

Խոսելով համագործակցության մասին՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ պետք է այն զարգացնել բոլոր ուղղություններով՝ մագիստրոսական ծրագրեր, ասպիրանտական կրթություն, դրամաշնորհներ: Նա կարևորեց նաև բնագիտական թևում համագործակցությունների զարգացումը:

«Մեզ հետաքրքրում են միջազգայնացման, ուսանողների և դասախոսների փոխանակման հարցերը, գիտության տարբեր ճյուղերի զարգացումը»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Լ. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր Երլան Սիդիկովն ուրախություն հայտնեց համագործակցության սկզբի համար. «Այսօր Դուշանբեում հանդիպել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գործընկերային հարաբերությունների զարգացման մասին: Եվ հենց այս պահին այդ համագործակցությունը կայացման փուլում է»:



Ռեկտորները որոշեցին մասնագետների վերապատրաստման ծրագրեր իրականացնել՝ սկիզբ դնելով երկկողմ համագործակցությանը:

Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Արևելագիտության ֆակուլտետում, ապա Ղազախստանի լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնում հանդիպեցին հայ և ղազախստանցի ուսանողներին:

Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը ողջունեց ուսանողներին՝ կարևորելով երիտասարդների կրթվածությունը և դրա հիմնաքարային լինելը պետության համար:

Լ. Գյումիլովի անվան Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր Երլան Սիդիկովը ողջույնի խոսքում նշեց, որ երկու երկրների ղեկավարների այսօրվա հանդիպումը սկիզբ է դնում երկկողմ համագործակցությունների շարքին.

«Մենք կարծես կանխազգում էինք դա և հանդիպումից մեկ ժամ անց սկսեցինք զարգացնել համագործակցությունները»,- ասաց Երլան Սիդիկովը:

 

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
«ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
Երկօրյա այցի շրջանակում «Բյուրակն» կրթահամալիրի սաներն այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ:
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտական նստաշրջանը: