07.06.2019 | 
Կրթություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅՏՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՅՔԼ ԳԼԵՆՈՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅՏՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՅՔԼ ԳԼԵՆՈՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Գլենոնը:

Պրոֆեսոր Մայքլ Գլենոնը մի շարք սահմանադրական և միջազգային իրավունքի վերաբերյալ հոդվածների, ինչպես նաև բազմաթիվ գիտական աշխատանքների և գրքերի հեղինակ է: Նա՝ որպես իրավական խորհրդատու, երկար տարիներ աշխատել է ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում: Որպես հրավիրյալ դասախոս՝ միջազգային իրավունքի պրոֆեսորը հանդես է եկել Եվրոպայի և ԱՄՆ-ի ամենահայտնի համալսարաններում:

 

Դասախոսության սկզբում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը փաստեց, որ հանդիպման մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեն լսելու աշխարհահռչակ մասնագետին. «Պրոֆեսոր Գլենոնը հայտնի է նաև իր պրակտիկ գործունեությամբ: Նա միջազգային դատական ատյաններում բազմիցս ներկայացրել է ՀՀ-ի շահերը»:

 

Քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ, միջոցառման համակարգող Պավել Թադևոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, փաստեց, որ Մայքլ Գլենոնի հեղինակային կարծիքները տպագրվել են միջազգային այնպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսիք են «Los Angeles Times»-ը, «New York Times»-ը, «The Washington Post»-ը և այլն:

 

 

Մայլք Գլենոնը հանդիպմանը հանդես եկավ «Ժողովրդավարությունը ժամանակակից աշխարհում» խորագրով դասախոսությամբ, որի ընթացքում խոսեց ժողովրդավարության ժամանակակից մարտահրավերների մասին և առավել մանրամասն ներկայացրեց ԱՄՆ քաղաքական իրավիճակը:

 

Մեզ հետ զրույցում Պավել Թադևոսյանը փաստեց, որ հրավիրյալ պրոֆեսորը թեման ընտրել է՝ հաշվի առնելով նաև Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Նա ասաց նաև, որ Մայքլ Գլենոնը հանդիպելու է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ, որի ընթացքում ուրվագծվելու են հետագա համագործակցության հեռանկարները:

 

Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու հայտնի պրոֆեսորին:

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: