03.07.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐԸ
Հունիսի 30-ին ԵՊՀ-ում ամփոփվեց «Ուսանողների ձեռներեցական ունակությունների զարգացումը ստարտափ նախաձեռնությունների շրջանակում» դասընթացների շարքը:

Ծրագիրը մեկնարկել էր մարտ ամսին: Թեև ծրագրի տևողությունը նախատեսված էր մեկ ամիս, սակայն անհրաժեշտությունից ելնելով՝ նախաձեռնողներն այն իրականացրին մի քանի ամսում: Այս դասընթացների կազմակերպմամբ ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնն անում է իր առաջին քայլերը: Ծրագրի շրջանակում ԵՊՀ ուսանողների համար ձեռներեցության զարգացմանը միտված դասախոսություններով հանդես են եկել ոլորտի առաջատար մասնագետները: Նրանք ներկայացրել են այն առաջնային քայլերը, որոնք անհրաժեշտ են ոլորտում հաջողություն արձանագրելու համար:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին և շնորհավորելով ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու համար, ասաց. «Դուք մեր ծրագրի երկարաժամկետ դասընթացների առաջին շրջանավարտներն եք: Կարծում եմ՝ մեր դասընթացները կնպաստեն, որպեսզի ձեռներեցության ոլորտում անեք ձեր առաջին քայլերը: Հույս ունեմ, որ այս ծրագիրը տարեցտարի ավելի արդյունավետ և ընդգրկուն կլինի»:

 

ԵՊՀ պրոռեկտորը ծրագրի մասնակիցներից լսեց նաև նրանց տպավորություններն ու կարծիքները, թե որքանով են այդ դասընթացներն իրենց համար արդյունավետ եղել: Ձեռներեցության և ստարտափերի ոլորտում մասնագիտացում ստացած ԵՊՀ ուսանողները կարևոր համարեցին նշել, որ դասընթացներն անցել են հագեցած գրաֆիկով, որոնց ընթացքում բարձրացվել են նաև ոլորտի առանձնահատկություններին և նրբություններին վերաբերող տարաբնույթ հարցեր:

 

 

Վերոնիկա Հովհաննիսյանը սովորում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: Դիմել է ծրագրին, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ հետաքրքրված է ձեռներեցությամբ և ստարտափերով. «Այս ծրագիրը հիանալի հնարավորություն տվեց մեր մտքերն իրագործելու համար:

Դասընթացներին մասնակցել եմ մեծ ոգևորությամբ: Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր դասախոսություն տարբերվում էր մյուսից: Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում նմանաբնույթ դասընթացների անհրաժեշտությունը»:

 

Ծրագրի մասնակիցները դասընթացների շրջանակում ձևավորել էին 6 թիմեր: Նրանք ներկայացրին իրենց գաղափարները, խոսեցին դրանց անհրաժեշտության, ինչպես նաև ծրագրում ներառված դրույթների մասին: Ներկայացված ծրագրերի մեծ մասը հիմնականում արտադրություններ էին: Թիմերն իրենց աշխատանքները ներկայացնելիս  որպես կարևոր բաղադրիչ նշեցին շուկայում դիրքավորման, սպառողին ճիշտ ներկայանալու և ֆինանսական պլանավորման հարցերը:

 

Ծրագրի մասնակիցները միջոցառման ավարտին պարգևատրվեցին հավաստագրերով:

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: