01.03.2016 | 
Կրթություն
ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ
ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ
Առաջիկա երեք տարիների ընթացքում հայկական և եվրոպական մի քանի բուհերի ջանքերով կարդիականացվեն միկրոէլեկտրոնիկայի դասավանդման կրթական ծրագրերը:

Այս տարի մեկնարկել է Եվրոպական միության «Erasmus+» ծրագրի «Development of two cycle innovative curricula in microelectronic engineering» նախագիծը (Երկաստիճան նորարարությունների ծրագրի մշակում միկրոէլեկտրոնային տեխնոլոգիաների ասպարեզում), որի մեջ ներառված է նաև ԵՊՀ-ն՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական  և հետազոտական ու Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոններով:

 

Նախագծում ներառված են նաև հինգական բուհեր Իսրայելից և Ղազախստանից, եվրոպական կողմը համակարգում են երկու բուհեր Գերմանիայից, մեկական բուհ Իտալիայից և Բուլղարիայից: Հայաստանից նախագծին մասնակցում են ԵՊՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիան և Գավառի պետական համալսարանը:

 

Փետրվարի 18-19-ը Կրակովի պետական համալսարանում կայացել է նախագծի աշխատանքային առաջին հանդիպումը, որին ներկա էին մասնակից բոլոր բուհերը: Հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում: Երկու օրերի ընթացքում յուրաքանչյուր ներկայացուցիչ ներկայացրել է իր բուհը, կրթական համակարգը, մասնավորապես միկրոէլեկտրոնիկայի ուղղությամբ ունեցած փորձը:

 

ԵՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը և ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար Սամվել Շուքուրյանը: Վերջինս գործընկերներիներին պատմել է Հայաստանի, ներկայիս կրթական համակարգի, ԵՊՀ՝ ծրագրին մասնակից երկու կենտրոնների գործունեության, աշխատանքային ուղղությունների և նվաճումների մասին:

 

«Նախագծի ավարտին մշակվելու են կրթական ծրագրերի արդիականացման ավելի քան 10 մոդուլներ, որոնք ներդրվելու են մասնակից բոլոր բուհերի ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում»,- ասում է Ալեքսանդր Գրիգորյանն ու հավելում, որ սա «Tempus»-ի «Erasmus+»-ի առաջին նախագիծն է, որի շրջանակներում հայկական բուհերը համագործակցելու են իսրայելական բուհերի հետ: 

   

«Այս ծրագիրն օգտակար է նաև այն առումով, որ ուսանողական շարժունակության հնարավորություն է տալիս: Ուսանողը կարող է ծրագրի մի մասը լսել այստեղ, մյուս մասը՝ նշված բուհերից որևէ մեկում: Այսինքն՝ ունենալ հնարավորություն ուսման ժամանակ ունկնդրելու խնդիրների վերլուծությանը տարբեր մոտեցումներ ցուցաբերող պրոֆեսորների և ծանոթանալ նյութի մեկնաբանման տարբեր եղանակների, ինչը նաև մեր կենտրոնի կարևոր նպատակներից մեկն է, որն առայժմ անհասանելի է լավ մասնագետների պակասի պատճառով»,- ասում է պարոն Շուքուրյանը:

 

Նշենք, որ աշխատանքային երկրորդ հանդիպումը, որի նպատակն արդեն ոլորտում եղած խնդիրների վերհանումն է լինելու, կանցկացվի Երևանում այս տարվա սեպտեմբերին:

Այլ նորություններ
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի և իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում ի.գ.դ., պրոֆեսոր Վահե Ստեփանյանի հետ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած հոդվածների ժողովածուի կարևոր թեմաներից մեկին:
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ արձակագիր Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» գրքի շնորհանդեսը՝ ևս մեկ անգամ արժևորվելու և կարևորվելու ստեղծագործության ուրույն դերը գրականության մեջ: