16.05.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ. ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՂԱԼՅԱՆ ԵՎ ԼԻԱ ՕՍԻՊՅԱՆ
ԵՊՀ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ. ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՂԱԼՅԱՆ ԵՎ ԼԻԱ ՕՍԻՊՅԱՆ
Երևանի պետական համալսարանը իր հիմնադրման օրվանից դարձել է մեր պատմության շրջադարձային իրադարձությունների լուռ վկան, կրթել է Առաջին Հանրապետության նորանկախ սերնդին, սովետական երիտասարդությանը, Երրորդ Հանրապետության քաղաքացիներին:

ԵՊՀ հիմնադրման 99-ամյակը լավ առիթ է անդրադառնալու ոչ միայն բուհի ստեղծման պատմությանը վերաբերող փաստերին, այլև այն մարդկանց, ովքեր տարիների փորձով և այդ ընթացքում կատարած աշխատանքի շնորհիվ կարողացել են ԵՊՀ-ին առանձնահատուկ ակադեմիական շունչ հաղորդել:

 

Երկար կարելի է վիճել այն հարցի շուրջ, թե արդյոք համալսարանն է նվիրյալներ ծնո՞ւմ, թե՞ նվիրյալներն են համալսարանը կառուցում, բայց մի հարցում ամեն ինչ անվիճելի է ՝ համալսարանը դառնում է այն հարթակը, որտեղ գործում և աշխատում են նվիրյալները:

 

Վլադիմիր Մաղալյանի՝ գրադարանի վերածված աշխատասենյակ տանող ճանապարհը անցնում է ԵՊՀ գրադարանի երրորդ հարկով: Հանդիպման օրը պարոն Մաղալյանը վատառողջ էր և չնայած դրան՝ և՛ ինձ ընդունեց, և՛ հարցազրույցի ընթացքում պատասխանեց մի քանի հեռախոսազանգերի՝ բոլորին խոստանալով օգնել գրքերի տպագրության գործում:

 

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Վ. Մաղալյանը իր կյանքից կես դար՝ 55 տարի, նվիրել է Երևանի պետական համալսարանին, որից 35 տարին անցկացրել է ԵՊՀ պաշտոնաթերթը խմբագրելով: Իր գործի նվիրյալը այսօր արդեն ԵՊՀ պատմության մի մասն է դարձել:

 

Հարցազրույցի սկզբում պարոն Մաղալյանը ինձ խնդրեց սեղանի վրայից հեռացնել ձայնագրիչն ու հեռախոսը, ասաց՝ սարքերից կաշկանդվում է: Հետո սկսեց անթաքույց ոգևորությամբ անդրադառնալ ԵՊՀ պատմությանն ու այնտեղ կուտակած իր կենսափորձին:

 

«Խմբագրածս թերթը 35 տարի շարունակ առանց դադարների հրատարակվել է՝ ունենալով ընդամենը 3 աշխատող: Բարդ էր, մանավանդ վերջին 15 տարիները, որոնք համընկան  Սովետական Միության փլուզման և Հայաստանի Երրորդ Հանրապետության կայացման տարիների հետ:

 

Այդ տարիների ընթացքում տեսել եմ նաև միակուսակցության հաստատումն ու վերջինիս փլուզումը, և իմ խորհուրդը երիտասարդներին միայն մի բան է՝ բոլոր հարցերում սկզբունքայնություն դրսևորել: Դա հաճո է բոլորին, իսկ ամենից առաջ՝ ժողովրդին»:

 

Հարցազրույցի վերջում, սովորության համաձայն, պարոն Մաղալյանն ասաց, որ նյութն անպայման միասին խմբագրենք՝ կարող է ինչ-որ բան շտկելու կամ ավելացնելու կարիք ունենա:

 

Համալսարանը մեր ժողովրդի լուսատու ջահն է: Հնագույն ժամանակներից մեր ժողովուրդը առանձնահատուկ սեր է տածել գիտության և գրականության հանդեպ: Աշխարհում առաջիններից ենք եղել, որ դեռևս 5-րդ դարամուտին  գիր ենք ունեցել և այն պահպանել ենք: Գիրն էլ մեր լեզուն, մեր մշակույթը և ամենից առաջ մեզ է պահպանել:

 

Գլաձորի, Տաթևի համալսարանները, Սանահինի դպրոցը հայ ժողովրդի ուսումնատենչ ոգու դրսևորումներն են: Մեր պետականության ստեղծման երկրորդ տարում հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը, որն անխափան պահպանել է իր գործունեությունը մինչ այսօր:

 

Համալսարանը հիմնադրվել է ծանր պայմաններում ՝ սկզբում ունենալով մեկ, իսկ հետո՝1921 թվականին՝ երկու ֆակուլտետ:

 

1936 թվականին այն արդեն ուներ շուրջ 10 ֆակուլտետ: Այդ ֆակուլտետներն իրենց անուններով պահպանվել են երկար ժամանակ՝ ընդհուպ մինչև 1980-ական թվականները:

 

Բոլոր ժամանակներում համալսարանն ունեցել է այնպիսի ամբիոններ և ֆակուլտետներ, որոնք բխել են Հայաստանի տնտեսական, մշակութային և հոգևոր պահանջներից:

 

Տասնամյակների ընթացքում ԵՊՀ-ն կարողացել է աճել, համալրվել նոր ուսանողներով և դառնալ այն դարբնոցը, որտեղ կերտվել են Հայաստանի տարբեր ոլորտներում մեծ ներդրում ունեցող անվանի գիտնականներ, արժանապատվության բարձր զգացումով օժտված քաղաքացիներ:

 

Իր հարյուրամյակի շեմին Երևանի պետական համալսարանը զարգացել և դարձել է  Հայաստանի Հանրապետության առաջատար բուհը, որի սովորողների թիվն այսօր հասնում է շուրջ 20.000-ի:

Համալսարանն ունի բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնց շնորհիվ պատրաստվում են ժամանակի մարտահրավերներին դիմակայող ու մասնագիտական պահանջներին համապատասխանող կադրեր: Այդ կադրերը հնարավոր ամեն ինչ անում են, որ Հայաստանն իր ակադեմիական ներկայով հետ չմնա աշխարհի գիտական անցուդարձից:

 

ԵՊՀ-ն միշտ էլ գիտության նկատմամբ սեր ու ձգտում ունեցող մարդկանց պակաս չի ունեցել, խնդիրը միայն սերունդներին տրվող կրթության հասանելիության մեջ է:

 

Նախկինում կրթությունն անվճար էր, մարդկանց ուսումնատենչությունը՝ բարձր: Համալսարանում նրանք ստանում էին որակյալ կրթություն և ուսման վարձի մասին մտածելու կարիք չունեին, որը ոչ միշտ է մատչելի:

 

Համալսարանական կրթությունը ուսանողին զինում է շրջահայացությամբ, իսկ շրջահայաց ուսանողը միշտ էլ գտնում է այն ամենակարևորը, որին ուզում է հասնել կյանքում: Դրա շնորհիվ էլ ականավոր մարդ է դառնում:

Համալսարանում առաջին ուսուցիչները արտասահմանում կրթություն ստացած մարդիկ էին՝ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Հակոբ Մանանդյան, Յուրի Ղամբարյան, ով մասնագիտությամբ իրավաբան էր և Երևանի պետական  համալսարանի առաջին ռեկտորը:

 

Այս մարդկանց դերը համալսարանի կայացման գործում հազիվ թե հնարավոր լինի գերագնահատել:

 

Համալսարանի հաջորդ նվիրյալի աշխատասենյակը Կենսաբանության ֆակուլտետում է: Բարձր առաստաղն ու երկար վարագույրների դիմաց դրված բույսերը առաջին բաներն են, որ աչքի են զարնվում տիկին Օսիպյանի աշխատասենյակ մտնելիս:

 

Կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանը ԵՊՀ-ի հետ իր գիտական ճամփորդությունը սկսել է դեռևս 1947 թվականից՝ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանող լինելով:

 

Այս ընթացքում տիկին Օսիպյանը հասցրել է հրատարակել ավելի քան 400 գիտական աշխատություններ, 6 մենագրություն, Հայաստանում հիմնադրել է սնկաբանության փորձարարական ուղղությունը, բազմիցս մասնակցել է միջազգային և տարածաշրջանային գիտաժողովների:

 

 

 

Լիա Օսիպյանը գիտությանը նվիրած իր այդքան երկար տարիների ընթացքում հասցրել է անցնել «կեղծ» գիտությունների մասին որոշման միջով, որը, ըստ նրա, ամենահետաքրքիր բան էր, որ կատարվել է ֆակուլտետում:

Այդ որոշման պատճառով Կենսաբանության ֆակուլտետը միանգամից զրկվեց այնպիսի մասնագետներից, ինչպիսին են Արմեն Թախտաջյանը, Միքայել Չայլախյանը և ուրիշներ,  որովհետև նրանք չէին համապատասխանում «սովետական գիտության մակարդակին»:

 

Սեպտեմբերից այս անվանի մարդկանց դասախոսությունները լսելու փոխարեն ուսանողները գնում էին կուսակցական ժողովների:

 

Չղջիկների վրա կատարվող հետազոտությունները սովետական քաղաքացուն, ըստ կայացված որոշման, պետք չէին:

 

Հետագայում Ջոն Քենեդին կասեր, որ այդ որոշման պատճառով Սովետական Միության գիտական կյանքը առնվազն քսան տարով հետ մնաց գիտության զարգացումից:

Եվ էլի ուսանողների հետևողականության և պայքարի շնորհիվ ռեկտորը որոշեց չեղյալ հայտարարել ժամանակին տրված տարօրինակ հրամանը»:

 

«Բուհը մեզ հնարավորություն էր տալիս շատ լավ ուսումնասիրելու բնությունը դեռևս առաջին կուրսից,- պատմում է տիկին Օսիպյանը,- մենք շատ ժամանակ էինք անցկացնում բնության գրկում, իսկ ավելի բարձր կուրսերում նաև պրակտիկաների էինք մասնակցում Բաթումում, Սոխումում, Ղրիմում, Բուլղարիայում՝ ուսումնասիրելով բուսաբանական այգիները:

 

Մենք բոլորս վստահ էինք, որ ավարտելուց հետո աշխատելու էինք: Պատերազմից հետո աշխատուժի պահանջարկը մեծ էր: Պատերազմից, ցավոք, քչերն էին վերադարձել և մասնագետների կարիք շատ կար»:

Տիկին Օսիպյանի կենսագրությունը ուսումնասիրելիս ինձ համար հատկապես հետաքրքրական էր այն, որ վերջինս 1970-ական թվականներին եղել է Սովետական Միության կանանց խորհրդի անդամ, որը նախագահում էր Վալենտինա Տերեշկովան: Հետաքրքրիր էր իմանալ, թե ինչով էր զբաղվում կանանց խորհուրդը սովետական տարիներին:

 

«Ամեն տարի մենք երկու-երեք անգամ պլենում էինք հրավիրում, և ներկաները պատմում էին, թե իրենց մոտ կանանց շարժումը ինչպես է ընթանում,- պատասխանեց տիկին Օսիպյանը,- մեկ-մեկ որ գնում էինք արտասահման, այնտեղ պատմում էինք սովետական կնոջ գիտական գործունեություն ծավալելու ազատության, հավասար աշխատավարձ ու աշխատանքային իրավունքներ  ունենալու մասին, ինչը զարմացնում էր Արևմուտքին: Նրանք պայքարում էին այն ամենի  համար, ինչ մենք արդեն ունեինք: Երբ նրանց հետ խոսում էինք գիտությամբ զբաղվող կանանց թեմայից, ինձ մոտ միտք առաջացավ՝ գիրք հրատարակել այն բոլոր գիտական աշխատանքների մասին, որ արել են Սովետական Հայաստանի կանայք տարբեր ոլորտներում: 1977 թվականն էր: Այդ ուսումնասիրության ժամանակ ես հասկացա, որ կանայք ավելի համբերատար ու բծախնդիր են, իսկ սրանք այն հատկանիշներն են, որ պահանջում է գիտությունը մարդուց»:

 

 

ԵՊՀ-ում անցկացրած 6 տասնամյակից ավելի տարիների ընթացքում տիկին Օսիպյանը դարձել իր գործի գիտակն ու նվիրյալը: «ԵՊՀ-ն ինձ համար ակադեմիական հարթակ է եղել, որտեղից ես բարձրաձայնել եմ ինձ հուզող գիտական հարցերի մասին: Համալսարանն ինձ տվեց ծրագրեր, որոնք էլ ինձ հետագայում գիտնական դարձրին»:

 

 Անի Պողոսյան

Այլ նորություններ
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է  ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն:
ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՇԱՏ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ
Ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում ենք, թե ՀՀ կառավարության անդամներից քանի տոկոսն են կրթությունը ստացել ԵՊՀ-ում և որ ֆակուլտետներում: