03.02.2021 | 
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:

Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Ողջունելով ներկաներին՝ Լիլիթ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի մասնակիցներին և կոչ արեց պարտաճանաչ մասնակցել դասընթացներին ու լինել պատասխանատու. «Ես շատ կցանկանայի, որ դասընթացի ավարտին տրվող հավաստագիրը ձեզ համար չի լինի պարզապես հերթական հավաստագիր, այլ այն կկարողանա ձեզ օգնել պատկերացում կազմել հայկական աշխատաշուկայի առանձնահատկությունների մասին և կողմնորոշվել այդ աշխատաշուկայում՝ հաշվի առնելով առկա նոր մարտահրավերները»,-նշեց Լիլիթ Հակոբյանը:

 

Ըստ նրա՝ ծրագրի կարևոր նպատակներից մեկն է նաև հայրենադարձությունը. «Ինձ համար անչափ կարևոր է նաև, որ ծրագրին մասնակցող տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակիցները միմյանց հետ ունենան և՛ աշխատանքային, և՛ ընկերական փոխհարաբերություններ»:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանն իր հերթին շեշտեց ծրագրի անցկացման կարևորությունը, հատկապես հիմա, երբ մասնագետները կամ ապագա մասնագետները հնարավորություն ունենան ծանոթանալու աշխատաշուկայի այսօրվա պահանջներին և անհրաժեշտ հմտություններին:

Խոսելով ծրագրի նպատակների մասին՝ Կարինե Նազարյանը նշեց, որ հիմնական նպատակներից է աջակցել սփյուռքահայ երիտասարդ մասնագետների մրցունակության բարձրացմանն ու նպաստել աշխատաշուկայում նրանց ինտեգրման գործընթացին՝ անկախ տարիքից ու մասնագիտական հմտություններից:

 

«Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» ծրագրի մեկնարկի առաջին օրը մասնակիցների համար դասընթաց վարեց «2minds» կազմակերպության համահիմնադիր, բիզնեսի զարգացման գծով տնօրեն Գայանե Գրիգորյանը:

 

Դասընթացի ընթացքում տիկին Գրիգորյանն անդրադարձավ ամենաթրենդային մասնագիտացումներին և ներկայացրեց ամենապահանջված հմտությունները:

Հիշեցնենք, որ ծրագրի տևողությունը երկու ամիս է և բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլը ներառում է դասընթացներ, թրեյնինգներ, ինչպես նաև հանդիպումներ գործատուների հետ (փետրվար 2021), իսկ երկրորդը՝ գործնական փուլը, կմեկնարկի 2021 թվականի մարտից ինթերնշիփի, մենթորշիփի ձևաչափով:

 

Ծրագրի վերջում մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ ինթերնշիփ/մենթորշիփ փուլն անցած մասնակիցներին կազմակերպությունների կողմից կտրվեն երաշխավորագրեր։

Անի Պողոսյան