26.06.2017 | 
Կրթություն
ԹՅՈՒՐՔԱԳԵՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԵՊՀ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔՈՒՄ
ԹՅՈՒՐՔԱԳԵՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԵՊՀ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի ուսանողների դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Գյումրիում:

Հունիսի 25-ին Թյուրքագիտության բաժնի բակալավրիատի ուսանողներն իրենց դիպլոմները ստացան մի շենքում, որտեղ դեռևս 1920 թ.-ին հիմնադրվել և մի քանի ամիս գործել է Հայաստանի համալսարանը՝ ներկայիս Երևանի պետական համալսարանը:

 

Ուսանողների դիպլոմները հանձնեց Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը, ով նշեց, որ Մայր բուհի առաջին շենքում դիպլոմների հանձնումը մեծ խորհուրդ ունի:

«Մոտ հարյուր տարի առաջ այս դահլիճում հավաքված երախտավորներն ունեցել են մեծ նպատակ՝ ստեղծել այնպիսի բուհ, որը կտա Հայաստանի և հայության շահերին ծառայող մասնագետներ: Անցած տարիներն ապացուցել են, որ ԵՊՀ-ն կարողացել է իրականացնել այդ առաքելությունը, և մեր համալսարանը ավարտել են հազարավոր մասնագետներ, որոնք ծառայել են այդ առաքելությանը: Հիմա հերթը ձերն է՝ ստացած գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու մեր երկրի բարգավաճման, հզորացման, անվտանգության ապահովման գործին»,- նշեց պարոն Մելքոնյանը:

 

 

Ընդգծելով կրթության և գիտության դերը հայ ժողովրդի կյանքում՝ նա փոքրիկ պատմական ակնարկով ներկայացրեց տվյալ ժամանակաշրջանն ու համալսարանի ստեղծման կարևորությունն ու նշանակությունը:

 

Դիպլոմների հանձնման արարողությունից հետո Շիրակի թեմի առաջնորդարանում ԵՊՀ շրջանավարտներին հյուրընկալեց, օրհնեց և շնորհավորեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

 

 

Ուսանողներն արարողությունն ավարտեցին ուխտագնացությամբ դեպի Վահրամաբերդի եկեղեցի, որը կառուցվել է 988-1029 թվականներին սպարապետ Վահրամ Պահլավունու կողմից:

Այլ նորություններ
ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Է ՍՆՈՒՑՎՈՒՄ»
Այսօր Մայր բուհի գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը հանդիպեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ:
ՉԻՆԱՐԵՆ ՍՈՎՈՐՈՂ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ՍՏԱՑԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
Այսօր ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ չինարեն սովորող ուսանողների ավարտական վկայականների հանձնման արարողությունը: