06.07.2017 | 
Կրթություն
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ԵՎՍ ՄԵԿ ՍԵՐՆԴԻ
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ԵՎՍ ՄԵԿ ՍԵՐՆԴԻ
Հուլիսի 5-ին «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցավ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Օրն առավել հիշարժան դարձնելու համար բնության հետ ամենասերտ առնչությունն ունեցող ֆակուլտետներից մեկի շրջանավարտների դիպլոմները հանձնելու վայրն ընտրվել էր գեղատեսիլ բնությունը։

 

Շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանը և Կենսաբանության ֆակուլտետի դասախոս Կարեն Թռչունյանը։

 

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նրանց մաղթեց  հաջողություններ և մասնագիտական նոր ձեռքբերումներ. «Հուսով եմ, որ մենք դեռ շատ առիթներ կունենանք հպարտանալու մեր շրջանավարտներով»:




Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն էլ, շնորհավորելով բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ, կարևորեց նրանց նվիրումը ընտրած մասնագիտությանը և միաժամանակ հույս հայտնեց, որ ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման նմանօրինակ միջոցառումները կդառնան ավանդական:

 

«Կենսաբան մասնագետների կոչումը ոչ միայն կենդանի բնության գաղտնիքները ճանաչելը և բացահայտելն է, այլև ներկայիս տնտեսական զարգացման պայմաններում բնության ներդաշնակ զարգացումը, մարդ-բնություն փոխհարաբերության կայունությունը ապահովելը: «Դիլիջան» ազգային պարկը Հայաստանի Հանրապետության բնության այն եզակի հատուկ պահպանվող տարածքներից է, որտեղ փորձ է արվում չխաթարել բնության ներդաշնակությունը՝ միաժամանակ չխոչընդոտելով տնտեսության, մասնավորապես տուրիզմի զարգացմանը»,- խոսելով արարողության իրականացման վայրի ընտրության պատճառների մասին՝ ասաց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանը:

 

Նա նշեց նաև, որ այս արարողությամբ ևս մեկ քայլ արվեց հայ երիտասարդներին հայրենիքին և մայր բնությանը կապելու համար, որպեսզի մեր շրջանավարտները ԵՊՀ-ում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնեն մեր հայրենիքին ու նրա բարեկեցությանը:

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: