16.06.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին իրականացնում է բուհի շրջանավարտների տվյալների հավաքագրում և տվյալների բազայի համալրում: Այս տարի կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ շրջանավարտների շրջաթերթերի գրանցումն ու դիպլոմների հանձնումն իրականացվում է միաժամանակ՝ միջոցառումն ավելի յուրօրինակ և հիշարժան դարձնելու համար: Հատուկ այդ նպատակով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկը ձևավորվել և ստացել է տոնական տեսք: Շրջանավարտը, ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության դիպլոմների բաժնից ստանալով իր դիպլոմը, մոտենում է այդ հարկում տեղադրված սեղանին, վերցնում ԵՊՀ տարբերանշանով իր բաժին շոկոլադը և լրացնում հարցաթերթիկը:

 

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակից Արծվիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կենտրոնը նպատակ ունի մշտական կապ ապահովելու շրջանավարտների հետ համալսարանն ավարտելուց հետո ՝ նրանց պարբերաբար տեղեկացնելով առկա թափուր աշխատատեղերի, վերապատրաստման դասընթացների, կրթական և այլ ծրագրերի մասին:

 

Ջերմ ու անմիջական մթնոլորտում դիպլոմները ստանալուց հետո շրջանավարտները հնարավորություն են ստանում լուսանկարվելու հատուկ պատրաստված շրջանակներով ԵՊՀ ցուցատախտակների մոտ, որոնք նախատեսված են «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում հրապարակելու համար: Այդ նպատակով ստեղծվել է «#Շրջանավարտ2017» հեշթեգը: ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կհետևի այդ գրառումներին և ԵՊՀ ռեկտորատի ուշադրությանը կներկայացնի համալսարանական կրթության վերաբերյալ շրջանավարտների դիրքորոշումները:

 

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Լիլիթ Ղազարյանն այսօր ստացավ իր կարմիր դիպլոմը: Ուսումնառության ընթացքում եղել է կուրսի ավագը, մասնակցել է համալսարանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների: Թեև ուսանողական ակտիվություն չի ցուցաբերել, սակայն արել է հնարավորը՝ ուսանողական տարիները հետաքրքիր դարձնելու համար. «Ինչ խոսք, տխուր է հրաժեշտի պահը, որովհետև համալսարանում անցկացրած յուրաքանչյուր օր ունի իր պատմությունը: Այս տարիների ամենամեծ ձեռքբերումը ստացածս գիտելիքներն են, որոնք ապագայում կկիրառեմ աշխատանքում»:

 

Տեղեկացնենք նաև, որ այս օրերին որոշ ֆակուլտետներում կազմակերպվում են նաև ավարտական հանդիսավոր միջոցառումներ, իսկ որոշ ֆակուլտետներում էլ նախընտրում են բարի ավանդույթ դարձած միջոցառումները՝ դիպլոմները հանձնելով պատմամշակութային տարբեր վայրերում:

 

Նշենք, որ ԵՊՀ շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը կշարունակվի մինչև հուլիսի 21-ը:

Այլ նորություններ
ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՊԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Հոկտեմբերի 18-21-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի կողմից կազմակերպված «Եվրասիական անվտանգության ապահովման արդի հիմնախնդիրները» խորագրով երիտասարդական համաժողովը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԷՐԱՍՄՈՒՍ+»-Ը
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ուսանողներին ներկայացվեց «Էրասմուս+» ծրագիրը: