14.11.2018 | 
Կրթություն
«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱՅԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱՅԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կազմակերպել էր պլենար դասախոսություն, որը վարում էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանն ասաց, որ դասախոսության նպատակն ուսանողների մոտ գիտության նկատմամբ սերը մեծացնելն էր:

 

«Դեռ անցած տարվանից ցանկություն ունեինք այցելել Բյուրականի աստղադիտարան և լսել պարոն Միքայելյանի դասախոսությունն աստղաքիմիայի մասին: Սակայն ուսանողների թիվն այնքան մեծ էր, որ որոշեցինք նրան հրավիրել ԵՊՀ և ավելի ընդգրկուն թեմայի վերբերյալ դասախոսություն կազմակերպել, ինչպիսին է աստղագիտությունը և դրա կապն այլ գիտությունների հետ, մասնավորապես քիմիայի, կենսաբանության, ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի, բժշկագիտության և այլն»,- պարզաբանեց Շ. Վարդանյանը:

 

 

Արեգ Միքայելյանը դասախոսության մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպես է առաջացել աստղագիտությունը, ինչ արդյունքներ է այն գրանցել մինչ այժմ և ինչ հեռանկարներ ունի: Ի դեպ, պարոն Միքայելյանը ևս մեկ անգամ հերքեց աստղագուշակության ճշմարտացիությունը:

 

Դասախոսության ընթացքում Արեգ Միքայելյանն ուսանողներին պատմեց, թե տիեզերքից ստացված տվյալները ինչպես են նպաստում տարբեր գիտությունների զարգացմանը. «Աստղագիտությունը սերտորեն կապված է այլ գիտությունների հետ: Այսօր աշխարհում ձևավորվել և մեծ թափով զարգանում են միջգիտակարգային ու բազմաճյուղ նոր գիտություններ, որոնք չեն ցանկանում սահմանափակվել միայն երկրի վրա հետազոտությունների արդյունքներով: Մենք Հայաստանում փորձում ենք հետ չմնալ և հետևել համաշխարհային միտումներին»:

 

Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ուսանողներին խորհուրդ տվեց կյանքը դիտարկել դինամիկայի մեջ. «Գիտությանը լուրջ վերաբերմունք ցույց տվեք, ձեզ համար թող կարևոր լինի ձեր ապագան, որովհետև առաջիկա տասնամյակներն ամենակարևորն են լինելու»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԴՅՈՒՐԻՆ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ. ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստալսարանում այսօր Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց «Փաստերի ստուգման ուղեցույցը»։
ԵՊՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կազմակերպել էր հանդիպում ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված ԵՊՀ ուսանողների հետ: