17.02.2020 | 
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԸՆԿԱԼՎԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԺՄ ԸՆԿԱԼՎՈՒՄ Է». ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԸՆԿԱԼՎԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԺՄ ԸՆԿԱԼՎՈՒՄ Է». ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԱԺ պատգամավոր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Համազասպ Դանիելյանի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել են «International IDEA» կազմակերպության ներկայացուցիչներ Փիթեր Վոլֆը և Նանա Կալանդաձեն, որոնք ներկայացրել են «The global state of democracy 2019» զեկույցի հիմնական դրույթները և դրանում Հայաստանին վերաբերող անդրադարձները:

«International IDEA»-ն (International Institute for Democracy and Electoral Assistance) միջկառավարական կազմակերպություն է, որն աջակցում է ժողովրդավարության կայունությանն ամբողջ աշխարհում: Կազմակերպությունը հրապարակում է «Ժողովրդավարության իրավիճակն աշխարհում» զեկույցը, որը վերլուծում է ժողովրդավարության միտումները և ներկայացնում դրա հիմնական մարտահրավերները:

 

2019 թվականի վերաբերյալ հրապարակված զեկույցում մեծ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին: Զեկույցում նշվում է, որ չնայած մարտահրավերներին և վտանգներին՝ ժողովրդավար երկրների թիվն աճել է, և ի թիվս մի քանի երկրների՝ Հայաստանը, ընդամենը մի քանի տարի առաջ չընկալվելով ժողովրդավար պետություն, այժմ ընկալվում է:

 

Մեզ հետ զրույցում Համազասպ Դանիելյանը պատմեց, որ կազմակերպության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել այլ նպատակով, բայց նրանց հետ համագործակցության ժամանակ միտք է հղացել հատկապես ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել հանդիպում-քննարկում, ինչը հնարավորություն կտա նրանց հենց կազմակերպության ներկայացուցիչներից լսելու զեկույցի մասին:

 

««International IDEA» կազմակերպությունը համաշխարհային մտավոր կենտրոններից («think tank») մեկն է: Այս կազմակերպության կողմից իրականացվող ժողովրդավարության չափումն աշխարհում հայտնի չափումներից մեկն է, և կարծում եմ՝ նախաձեռնությունն ուսանողների համար օգտակար կլինի»,- ասաց Համազասպ Դանիելյանը:

 

 

Հանդիպում-քննարկմանը, որին ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Մարտին Թովմասյանը և դոցենտ Նարեկ Գալստյանը, «International IDEA» կազմակերպության ներկայացուցիչ Նանա Կալանդաձեն մասնակիցներին պատմեց կազմակերպության առաքելության և գործունեության մասին:

 

Բանախոսը, անդրադառնալով զեկույցին, պարզաբանեց դրա կառուցվածքը, ինչպես նաև մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչ մեթոդներ են կիրառվում զեկույցը պատրաստելիս:

 

«Աշխարհում ժողովրդավարության իրավիճակի ցուցիչների կոնցեպտուալ շրջանակը հիմնված է ժողովրդավարության հինգ հատկանիշների վրա՝  ներկայացուցչական կառավարություն, հիմնարար իրավունքներ, կառավարության ստուգում, անկողմնակալ վարչակազմ և մասնակցային ներգրավածություն: Շրջանակի հիմքում ընկած են հանրային վերահսկողությունը և քաղաքական հավասարությունը»,- ասաց Նանա Կալանդաձեն և պարզաբանեց, թե յուրաքանչյուր հատկանիշ ինչ ենթահատկանիշներ է պարունակում:

 

Նա նշեց, թե ժողովրդավարության դրական ինչ զարգացումներ են գրանցվել աշխարհում, և թե ինչ մարտահրավերներ կան այսօր: Ըստ զեկույցի՝ ժողովրդավարության մարտահրավերներից է օրինակ այն, որ աշխարհի բոլոր տարածաշրջաններում և կառավարման պետական կարգի բոլոր տեսակների պարագայում քաղաքացիական տարածքը փոքրանում է:

 

 

Հանդիպում-քննարկմանը բանախոսը նշեց, թե զեկույցում Հայաստանի վերաբերյալ ինչ անդրադարձներ են եղել՝ փաստելով, որ դրանցից մեկն արձանագրված է ժողովրդավարության դրական զարգացումների շարքում:

 

«Այդ անդրադարձը փաստում է, որ ժողովրդավարության հանրային պահանջներն ուժեղ են նույնիսկ այն երկրներում, որտեղ երբևէ այն չի եղել: Հայաստանում և Մալազիայում 2018 թ. տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններ կատարելու պահանջով ցույցերը հանգեցրին ժողովրդավարական փոփոխությունների այդ երկրներում»,- ասաց Նանա Կալանդաձեն:

 

Զեկուցման ավարտին բանախոսը պատասխանեց նաև ուսանողների հարցերին:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳՐՔԵՐՈՎ
Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Իրավագիտության ֆակուլտետին է նվիրել հայտնի հրատարակչությունների 160 անուն օտարալեզու գիրք:
 ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԴԻՏՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Երկրում արտակարգ դրություն հաստատելուց հետո ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը պարբերաբար կազմակերպում է առցանց, բաց կինոդիտումներ՝ նպաստելով ոչ միայն իր ուսանողների, այլև ամբողջ հայության շրջանակում հայագիտության զարգացմանը: