05.10.2018 | 
Հասարակություն
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկում:

Քննարկմանը ներկա էին Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ինչպես նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ և ուսանողներ:

Դանիել Իոաննիսյանը շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանին քննարկմանն աջակցելու համար:
Նա նշեց, որ Հայաստանը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների, որոնք, ըստ ամենայնի, տեղի են ունենալու ընթացիկ տարում:

Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ճգնաժամին՝ նշելով, որ իրականում տեղամասերում խախտումներ բավականին քիչ են եղել, և խնդիրները ծագել են բուն «խաղի կանոնների» հետ:

Իոաննիսյանն ասաց, որ պետք է խթանել գաղափարների, գաղափարախոսությունների և ծրագրերի մրցակցությունը, ինչպես նաև պետք է ավելացնել կուսակցություններին տրվող եթերաժամանակը: Նա խոսեց նաև ընտրություններին մասնակցելու և չմասնակցելու տարբեր մոտիվացիաների մասին:



Նա անդրադարձավ զինվորների վրա ճնշումներ գործադրելուն և ավելացրեց, որ պետք է նրանց համար հավասար հնարավորություն ստեղծել նախընտրական ծրագրերին ծանոթանալու համար:

Բացի այդ՝ այժմ վարչական խախտումների դեպքում հնարավոր է առանց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջնորդության դիմել Վարչական դատարան:

Քվեարկության մասնակիցների վերաբերյալ սուտ տեղեկություն տրամադրելու մասին խոսելիս Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այն ապաքրեականացվել է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա միտումնավոր է արվում:



Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն առաջարկում են 3-ի փոխարեն 4 կուսակցության ներկայացվածություն Ազգային ժողովում:
«Այս փոփոխություններով իմպլեմենտացվում են բազմաթիվ առաջարկներ, որոնք գործող օրենսգրքի հետ կապված տվել է Վենետիկի հանձնաժողովը, բայց չեն իրականացվել: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ առաջիկայում ժամանելու են Հայաստան և մասնակցելու են աշխատանքներին»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Խոսելով հակառակ սցենարի մասին, այսինքն՝ եթե Ազգային ժողովը չհաստատի բարեփոխումները, նա նշեց, որ տեխնիկապես շատ բարդություններ կառաջանան, քանի որ տարբեր գերատեսչություններ ունեն գործառույթների ժամկետներ, որոնք ուղղակի հնարավոր չէ իրականացնել ներկա օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում:

Քննարկման ընթացքում մի շարք հարցեր և մտահոգություններ հնչեցին համամասնական ընտրակարգի, Ազգային ժողովը վարչապետի հրաժարականի դեպքում ցրելու, սահմանադրական փոփոխությունների մասին:

 

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. «ԱՅՍՏԵՂ՝ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՆԸ, ԵՍ ԱՊՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ, ԹԱԽԾՈՒՄ ՈՒ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ»
ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը 50 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Կյանքի լավագույն տարիները համալսարանում անցկացրած տիկին Նելլին մեզ հետ զրույցում սիրով պատմեց հենց այդ տարիների մասին:
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Հոկտեմբերի 8-ին «Hraparak.am»-ում «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդված է հրապարակվել, որում առկա մեղադրանքներին անդրադարձել է Մարատ Գրիգորյանը: