18.03.2019 | 
Կրթություն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի Ադամյան սրահում այսօր տեղի ունեցավ «Սոցիալական աշխատողների կրթության կազմակերպման մարտահրավերները համայնքային սոցիալական աշխատանքի կադրերի պատրաստման օրինակով» խորագրով կլոր-սեղան քննարկումը:

Միջոցառումն  իրականացնում էր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, որին ներկա էին ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչ Աիդա Մուրադյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, ՀՀ աշխատանքի և սոցիալական ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտից, ՄԱԿ-ի մանկական, «Մանկական զարգացման», «Հայաստանի մանուկներ», «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական հիմնադրամներից, ինչպես նաև  դասախոսներ Սոցիոլոգիայի ֆակուլտետից:


 

Քննարկման առանցքում ՀՀ բուհերում սոցիալական աշխատողների կրթության կազմակերպումն էր, կրթության և պրակտիկայի ներդաշնակեցումը:

 

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի տեղեկացմամբ, կլոր-սեղան քննարկման նպատակն է հրավիրել շահագրգիռ կողմերին, համալսարանական կրթություն ապահովող  ներկայացուցիչներին, ինչպես նաև այն միջազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ աջակցում են այդ գործընթացին և միտված են լուծելու ոլորտում առկա խնդիրները:

 

Ողջունելով հյուրերին՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանն ընդգծեց, որ կլոր-սեղան քննարկմանը հաճելի է տեսնել ֆակուլտետի շրջանավարտներին, որոնք լուրջ գործունեություն են ծավալում տարբեր կազմակերպություններում. «Նշանակում է, որ ֆակուլտետը ճիշտ ճանապարհով է գնում»:

 

Խոսելով քննարկման առանցքային խնդրի մասին՝ դեկանը նշեց, որ պետք է ստեղծել մի համակարգ, որը կմիավորի բոլոր շահագրգիռ կողմերին. «Մասնագիտական դաշտում գործում են տարբեր սուբյեկտներ: Մեր նպատակն է համակարգել սուբյեկտների գործունեությունը, ինչպես նաև կրթական ջանքերը համակցել համապատասխան պետական և ոչ պետական գործակալների հետ»:

 

Անդրադառնալով «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ»

ծրագրի նպատակներին՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչ Աիդա Մուրադյանը նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին, ինչպես նաև օգնել առավել խոցելի ընտանիքներին. «Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել համայնքային սոցիալական ծառայությունները»:

 

Մուրադյանի հավաստմամբ, որևէ համակարգ չի կարող աշխատել, եթե դրա տեսլականն անորոշ է: «Մեր գլխավոր նպատակն է խոսել համակարգի աշխատուժի և արհեստավարժության մասին: Ամենալավ մեթոդները, ծրագրերը և մեխանիզմները չեն կարող աշխատել, եթե «ո՞վ է այն անում» հարցի պատասխանը չունենք: Ես լիահույս եմ` մի օր կհասնենք այն արդյունքին, որ մարդկանց կբուժեն բժիշկները, դատարանում իրավապաշտպանություն կիրականացնեն իրավաբանները, իսկ սոցիալական աշխատանքով կզբաղվեն ոլորտի մասնագետները»,- ամփոփեց Ա. Մուրադյանը: 

 

Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձան նաև հեռավար ուսուցմանը, 

բուհերի համակարգային մոտեցմանը  և միավորված աշխատանքին:

 

ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Եվգինե Վարդանյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց «Համայնքային սոցիալական աշխատանք» դասընթացի մշակման աշխատանքները, իսկ ՀՀ բուհերում դրա ներդրման կազմակերպչական և բովանդակային հարցերին անդրադարձավ ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը:

 

Տեղեկացնենք, որ հանդիպումները, կլոր-սեղան քննարկումները, կարծիքների փոխանակումները շարունակական բնույթ են կրելու:


Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՈՒՄ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ու կենսաբանության ֆակուլտետներում այսօր բաց դռների օր էր մի քանի ավագ դպրոցների աշակերտների համար:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ ԵՎ ՅԱՐՈՍԼԱՎԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Իրավագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալել են Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պատվիրակությանը՝ ի դեմս Քրեական իրավունքի և կրիմինոլոգիայի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր Արտյոմ Իվանչինի: