04.06.2019 | 
Հասարակություն
ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կազմակերպած համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել խոցելի խմբերի զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերը:

Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության և քննարկման հարթակ խոցելի իրավիճակներում գտնվող անձանց և վերջիններիս հետ աշխատող կառույցների միջև, ինչպես նաև կիսվել տեղական և միջազգային փորձով:

Միջոցառմանը ներկա էին խոցելի խմբերի և երիտասարդների հետ աշխատող ու քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների և նշված թիրախային խմբի ներկայացուցիչներ:

Համաժողովին բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը:

Վերջինս խոսքում շեշտեց, որ այսօր կազմակերպության կյանքում կարևոր օր է, քանի որ մեկնարկում է միանգամից 3 ծրագիր, որոնց իրականացման արդյունքում Հայաստանում բնակվող հարյուրավոր երիտասարդներ կդառնան տնտեսապես ավելի ակտիվ և սոցիալապես ավելի կայուն:

 

«Հաշվի առնելով երիտասարդության շրջանում գործազրկության բարձր և տնտեսական ակտիվության ցածր ցուցանիշները՝ կազմակերպության առաջնային խնդիրներից մեկն է  հատկապես խոցելի խմբի ներկայացուցիչներին զարգացնել տնտեսապես և սոցիալապես»,- ասաց Գրիգոր Երիցյանը:

Ըստ պրն. Երիցյանի՝ տարբեր վիճակագրական տվյալներ փաստում են, որ Հայաստանում բնակվող երիտասարդների 38-41 տոկոսն այսօր չունի աշխատանք և տնտեսապես ակտիվ չէ, ընդ որում՝ այդ երիտասարդների կեսից ավելին ունի բարձրագույն կրթություն:

 

«Երիտասարդների զբաղվածության խնդրով զբաղվում է նաև պետությունը, բայց պետք է նշեմ, որ այստեղ կարևոր են նորարարական մոդելների ստեղծումն ու քննարկումը, ինչը պետք է իրականացնել պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության արդյունքում»,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց Գրիգոր Երիցյանը:

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը, որը համակարգում է կառավարության «Աշխատի՛ր, Հայաստա՛ն» ծրագրի աշխատանքները. ««Աշխատի՛ր, Հայաստա՛ն» ծրագիրը տանիք է զբաղվածության ոլորտին առնչվող ծրագրերի համար՝ սկսած կրթությունից  մինչև բուն զբաղվածության խթանում»։

 

Վիկտորյա Այդինյանը փաստեց, որ ներառական տնտեսական զարգացման ամենակարևոր հենասյունը կրթության որակի բարձրացումն է, երբ կրթությունը, գիտելիքից զատ, կտա նաև հմտություն, կարողություններ և կզարգացնի անձնային հատկանիշները:

Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ քննարկում, որտեղ կողմերը քննարկեցին զբաղվածության հիմնահարցերը Հայաստանում և կիսվեցին ոլորտում ձեռք բերած իրենց փորձով:

 

Անի Պողոսյան

 

 

 

 

 

Այլ նորություններ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵԲՐԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել են Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության կենտրոնի հիմնադիր Մայքլ Սթոունը և ներկայիս տնօրեն Ռուվեն Ամիտայը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԵՈՒԼ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, ԵՊՀ-ում կորեերենի աշխատանքները համակարգող Արթուր Իսրայելյանը հունիսի 16-21-ը «Կորեա հիմնադրամ»-ի հրավերով այցելել է Սեուլ և մասնակցել «Հաջորդ սերնդի առաջնորդներ» ծրագրին («KF Russian Next-Generation Leaders Program»):