20.05.2022 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԿՐԹԱԲԱՑ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ, ԱՄԵՆՈՒՐ, ՑԿՅԱՆՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈԻՄ
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԿՐԹԱԲԱՑ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ, ԱՄԵՆՈՒՐ, ՑԿՅԱՆՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈԻՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության հանրայնացման արշավ, որը կրում է «ԿրթաԲԱՑ․ կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» խորագիրը: Արշավի շրջանակում ԵՊՀ-ի հետ համագործակցությամբ կազմակերպվեց բաց քննարկում՝ «Լրացուցիչ և շարունակական ոչ ֆորմալ կրթությունը համալսարաններում. ազգային և միջազգային համատեքստ» թեմայով:

Երևանի պետական համալսարանում անցկացված քննարկմանը մասնակցում էին ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, որոնց թվում՝ լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի աշխատակիցներ, թեմայով հետաքրքրված դասախոսներ ու փորձագետներ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը:

 

ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը ներկայացրեց «ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը՝ որպես մեծահասակների ուսումնառության և կրթության համալսարանական մոդել» թեման:

 

 

 

Լ. Խառատյանը ներկայացրեց ԵՊՀ-ում շարունակական կրթության զարգացման պատմությունը. «ԵՊՀ ՇԿԿ-ն ժառանգել է մի ամբողջ պատմություն. 1968 թ. հիմնադրվել է դասախոսների որակավորման բարձրացման ֆակուլտետ, այդ ֆակուլտետի բազայի վրա՝ 2002 թ. հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը, իսկ 2022 թ. այն վերանվանվեց և վերափոխվեց «Շարունակական կրթության կենտրոն»-ի ՝ ընդլայնելով իր գործառույթների շրջանակը»:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը ներկայացրեց «Կրթության մասին» օրենքում փոփոխությունները և լրացումները ԼՇԿ բնագավառում» թեման: Գ. Մամիկոնյանն ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում սկսել են սերտորեն համագործակցել «Դի-Վի-ՎիԻնթերնեյշնալ»-ի հետ՝ լրացուցիչ և շարունակական կրթության շրջանակում և հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով:

 

«Մենք զբաղված ենք մեծահասակների կրթության և ոչ ֆորմալ կրթության ջատագովությամբ, տարբեր հարթակներում խոսում ենք դրանց կարևորության և անհրաժեշտության մասին, ինչպես նաև հանդես ենք գալիս բուհական համակարգում ոչ ֆորմալ մեթոդներով կրթության խրախուսմամբ»,- ասաց Գ. Մամիկոնյանը:

 

«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը և ծրագրերի համակարգող Միշա Թադևոսյանը ներկայացրին «Մեծահասակների կրթության միջազգային և հայաստանյան համատեքստը 2020-2021 թթ. իրականացված հետազոտությունների և զարգացումների շրջանակում» թեման:

 

 

 

Արշավի շրջանակում ոչ ֆորմալ կրթությունը ներկայացվում է որպես հարթակ, որտեղ ավելի հեշտ է կարճաժամկետ ծրագրերը փորձաքննության ենթարկել և դրա արդյունքում նաև կրթական ֆորմալ ծրագրերի ավելի հաջող մեկնարկ խոստանալ:

 

Արշավը նվիրված է Հայաստանում «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության գործունեության 20-ամյակին: Նպատակն է լայն հանրությանը ցույց տալ, որ ցկյանս ուսումնառությունը իրավունք է բոլորի համար՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, և այս համատեքստում ոչ ֆորմալ կրթությունը հեռանկարներ ստեղծող հնարավորություն է և մարդու ներքին ռեսուրսները բացահայտող գործընթաց:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։