01.04.2020 | 
Կրթություն
ՀՀ-ՈԻՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ ՍԿՍԱԾ՝ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԱԵՎ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
ՀՀ-ՈԻՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ ՍԿՍԱԾ՝ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԱԵՎ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
Ելնելով մարտի 16-ին ՀՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն ուսումնական գործընթացը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում իրականացվող հեռավար դասընթացների, ուսանողների և դասախոսների ներգրավվածության մասին զրուցեցինք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանի, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Պետրոսյանի հետ:

Ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը նշեց, որ արտակարգ դրության հայտարարման առաջին օրվանից սկսած՝ հեռավար ուսուցման դասընթացներին մասնակցել են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոսական կազմի գրեթե բոլոր ներկայացուցիչները և ուսանողները:

«Այս պայմաններում հասկանալի է, որ ամբողջական մասնակցություն, այն էլ ՀՀ-ի տարբեր վայրերում գտնվող մեր ուսանողների կողմից չենք կարող սպասել: Սակայն ամեն քայլ արվում է՝ դասընթացներն ինտենսիվ անցկացնելու և ուսումնական գործընթացը շարունակական դարձնելու համար»,- փաստեց դեկանը:

 



Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն  Կարեն Թռչունյանի տեղեկացմամբ, առցանց հարթակները, որոնց միջոցով անցկացվում են հեռավար ուսուցումը, քննարկումները, դասախոսությունները, ուսանողների աշխատանքները ներկայացնելու և վերլուծելու առումով շատ կարևոր են։

«Չնայած ուսանողներն այլևս միջանկյալ քննություններ չեն հանձնելու, այնուամենայնիվ մենք փորձում ենք քննարկումների, դասախոսությունների միջոցով ներկայացնել և ստուգել ուսանողների ընթացիկ աշխատանքները,  որոնք, ըստ ինձ, շատ կարևոր են»,- նշեց Կ. Թռչունյանը:

 

Որքան էլ կրթության շարունակականությունն ապահովող այս միջոցները կենտրոնի տնօրենն իրատեսական է դիտարկում, այնուամենայնիվ նա նշեց, որ գործնական և լաբորատոր աշխատանքները, որոնք ուսումնական գործընթացի անբաժանելի մաս են կազմում, այս եղանակով փոխարինել որևէ կերպ չի հաջողվելու․ «Դասերը մեկնարկելուն պես մենք փորձելու ենք ինտենսիվորեն լրացնել բաց թողնված լաբորատոր պարապմունքները»:

 



Կ. Թռչունյանի հավաստմամբ, ֆակուլտետում ուսանողների մեծամասնությունն է ներգրավված աշխատանքներին: Նա նաև  ասաց, որ «Zoom», «E-learning.ysu.am», «Moodle» առցանց հարթակների միջոցով ուսանողներն արդեն հասցրել են  ներկայացրել  մի շարք զեկուցումներ, հանդես են եկել դասապրոցեսին վերաբերող տարբեր հարցադրումներով:

Անդրադառնալով դիպլոմային-ավարտական աշխատանքներին՝ ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը և Կարեն Թռչունյանը վստահեցրին, որ դասախոսներն առցանց հարթակներն օգտագործում են նաև օգնելու ուսանողներին ավարտական աշխատանքները գրելու, քննարկելու, վերլուծելու և համակարգելու գործում:

Կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Պետրոսյանի խոսքով էլ,  հեռավար ուսուցմամբ մատուցվող դասախոսությունները պարզ և մատչելի են.«Դասընթացը հաջողված է դասախոսների և ուսանողների համագործակցության շնորհիվ, ինչպես նաև հարցերի  վերլուծմամբ և գնահատմամբ»:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ:
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2020-2021 ԱՌԿԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված սկզբունքների համաձայն՝ 2020-2021 առկա ուսումնական տարվա ընդունելության դիմում-հայտերն ընդունվելու են առցանց: