25.01.2019 | 
Գիտություն
«ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԿՎՆԱՍԻ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
«ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԿՎՆԱՍԻ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ներկայացուցիչներն այսօր Քիմիայի ֆակուլտետում քննարկեցին բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկի ընդունման բացասական հետևանքները և որոշեցին այն չեղարկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Օրեր առաջ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, դիմելով խորհրդի անդամներին, ասաց, որ վերջերս կառավարությունը հաստատել է կամ արդեն իսկ հաստատելու գործընթացում է բազային ֆինանսավորումը հիմնադրամ դարձած բուհերում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկը, որը օրենքի ուժ ստանալու դեպքում ծանր հետևանք կունենա գիտության զարգացման համար:

 

ԵՊՀ տարբեր ֆակուլտետների (Ֆիզիկայի, Քիմիայի, Կենսաբանության, Ռադիոֆիզիկայի, Աշխարհագրության և երկրաբանության, Փիլիսոփայության և հոգեբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցման) և Ֆարմացիայի ինստիտուտի պրոֆեսորները, դասախոսները և գիտաշխատողներն իրենց կարծիքները հայտնեցին այդ գործընթացի վերաբերյալ՝ պնդելով, որ դադարեցումը ոչ միայն գործազուրկ է դարձնում բազմաթիվ աշխատողների, այլև կասեցնում է գիտական մի շարք ծրագրերի իրականացումը:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Աննա Քոթանջյանը խոսեց հարցերի մասին, թե գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածք հասկացությունը ՀՀ կառավարության կողմից ի՞նչ կարգավիճակ է ստանում, անհրաժե՞շտ է արդյոք, որ այդ ենթակառուցվածքները  պահպանման ու զարգացման ծրագիր ունենան, և թե այդ ծրագրերի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցություն կստանա՞ն, թե՞ ոչ:

 

«Եթե այո, ապա ես և իմ գործընկերներն ինչո՞ւ ենք այսօր գործազուրկ: Ինչո՞ւ մեզ հետ չի կնքվել տարեկան գործունեության խնդիրներն ու հանձնարարությունները նկարագրող, ինչպես նաև ֆինանսական նախահաշիվը ներկայացնող պայմանագիր: Եթե ոչ, եթե կա գիտական քաղաքականությունը փոփոխության ենթարկելու նախագիծ, ո՞ւմ հետ է դա քննարկվել, ինչո՞ւ գիտնականները տեղյակ չեն այդ նախագծից. չէ՞ որ հենց ինքներս ենք փորձագետ, ո՞վ պետք է գնահատականներ տա, նշի ուղղությունները, ոլորտները, որոնցով պետք է զարգանա ՀՀ գիտությունը»:

 

Քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական քիմիայի գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Հեղինե Ղազոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործընթացը ոչ մի հիմնավորում չի կարող ունենալ. «Առանց մոնիթորինգի և գիտությամբ զբաղվող մարդկանց կարծիքները հաշվի առնելու՝ նման մոտեցում մշակելն անընդունելի է»:

 

«Նախևառաջ բազային լաբորատորիաների վերացումն ինքնըստինքյան տեխնիկական խոչընդոտներ կառաջացնի ինչպես բնագիտության, այնպես էլ հասարակագիտության ոլորտում ուսանողների և ասպիրանտների գիտահետազոտական գործունեության համար: Բացի դրանից՝  բազային լաբորատորիաների նշանակությունը ի սկզբանե եղել է բուհական ենթակառուցվածքների պահպանումը և դրանց զարգացնելը, որոնք էլ հնարավորություն են տալիս բուհերում գիտաշխատողներ և գիտնականներ պատրաստել: Մինչդեռ բազային լաբորատորիաների ստեղծման մրցութային կարգը չի կարող ապահովել բազային լաբորատորիաների այս հիմնական գործառույթը»,- ասում է Հեղինե Ղազոյանը:

 

 

Քննարկմանը ներկա էր ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանը, որը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ մինչ այժմ ամեն տարի ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար է հատկացվել ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեին, որն էլ Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի համաձայն՝ ֆինանսավորել է այս կամ այն հաստատությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանումը և զարգացումը. «Այս պահի դրությամբ ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա: Այդ ենթակառացվածքներում աշխատում է ավելի քան 450 մասնագետ, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն»:

 

Պարոն Վարդանյանն ասաց, որ նախորդ տարիներին, երբ հաստատվում էր բյուջեն, ծախսային ծրագրերի դիմաց նշվում էր, որ դրանք իրականացվում են այս կամ այն սուբյեկտում և շեշտվում էր՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում. «Այս տարի դա նշված չէր: Ընդ որում՝ փաստենք՝ երբ բազային ֆինանսավորման պայմանագրերը մեկ տարով էին կնքվում, հաջորդ տարի՝ մինչև հունվարի կեսը, կնքվում էին նորերը՝ այդ ընթացքում չընդհատելով մասնագետների հետ ունեցած աշխատանքային պայմանագրերը: Իսկ այս տարի, երբ հարցում ուղարկեցինք ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեին՝ հետաքրքրվելով, թե ինչ ընթացակարգ է գործելու այս դեպքում, ստացանք պատասխան, որ այժմ մրցութային կարգ է գործելու»:

 

Գիտական քաղաքական վարչության պետը բացատրեց, որ գիտական և գիտատեխնիկական ծախսային ծրագրում նշված է, որ պետությունը ֆինանսավորումն իրականացնում է դրամաշնորհի ձևով, իսկ հիմնադրամների մասին օրենքում նշվում է, որ հիմնադրամին պետությունը դրամաշնորհի ձևով ուղղակի ֆինանսավորում չի կարող հատկացնել, պետք է մրցույթ հայտարարվի. «Այսինքն՝ բոլոր այն կրթական և գիտական գործունեություն իրականացնող հաստատությունները, որոնց իրավակազմակերպական ձևը հիմնադրամն է, պետք է մրցութային կարգով ստանան ֆինանսավորում: Սա է առ այսօր ունեցած մեր տեղեկատվությունը: Ընդ որում՝ այս պահի դրությամբ դեռևս հայտնի չեն մրցութային կարգի պայմանները»:

 

Այսօր տեղի ունեցած քննարկմանը ներկա գտնվեց նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որը ներկաներին փոխանցեց ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի խոսքը, ըստ որի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա երեք ամիսներին խնդիրը կկարգավորվի նախորդ կարգի համաձայն, որից հետո կհայտարարվի մրցույթ:

 

Քննարկման ավարտին մասնակիցները, թերևս չբավարվելով ստացած նոր տեղեկությունից, որոշեցին ֆակուլտետներում, տարբեր գիտական կենտրոններում և ինստիտուտներում անցկացնել գիտխորհրդի նիստեր, ընդունել որոշում և բողոք-առաջարկությունով դիմել պատկան մարմիններին՝ այս հարցն առավել հստակեցնելու և հնարավորության դեպքում առաջարկը չեղարկելու համար:

 

Ի դեպ, հունվարի 29-ին Ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում անցկացվելու է Ֆիզիկայի ֆակուլտետի և Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտխորհուրդների բաց նիստ, որի մուտքն ազատ կլինի շահագրգիռ բոլոր մասնակիցների համար: 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ. ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2018-ի 1.1 (24), 1.2 (25) և 1.3 (26) համարների շնորհանդեսը:
«ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հովհաննես Թումանյանը հայ իրականության մեջ առաջիններից էր, որը հղացավ ազգային համալսարան հիմնելու գաղափարը և ամեն ինչ արեց այն իրագործման համար։