09.11.2017 | 
Կրթություն
ՀԱՅ ԵՎ ԼԵՀ ԻՐԱՎԱԲԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀԱՅ ԵՎ ԼԵՀ ԻՐԱՎԱԲԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Լեհաստանում հայերին թագավորական արտոնություններ տրամադրելու 650-ամյակին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության և Վարշավայի համալսարանի իրավունքի և կառավարման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը փաստեց, որ քննարկման առանցքում իրավաբանական բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումների հայկական և լեհական փորձի վերլուծությունն է. «Բացի այդ՝ նախատեսվում են զեկուցումներ՝ նվիրված հայկական համայնքի պատմական ինքնավարությանը Լեհաստանում, ինչպես նաև մի շարք մասնավոր խնդիրների քննարկում»:

 

Վարշավայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները քննարկման ընթացքում ներկայացրին նաև կրթության իրենց մոդելը, ֆակուլտետի գործունեությունը և համալսարանների ապագայի իրենց տեսլականը:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Աննա Մարգարյանն էլ լեհ գործընկերներին ծանոթացրեց Հայաստանում իրավաբանական կրթություն ստանալու կարգին՝ նշելով, որ այստեղ իրավաբանական կրթությունը կարելի է ստանալ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերում, որոնք հիմնականում գործում են մայրաքաղաք Երևանում:

 

«Ներկայումս կրթական համակարգը զարգացման փուլում է: Սակայն, պետք է նշել, որ ամենակարևոր ասպեկտը շարունակում է մնալ այնպիսի իրավաբանների պատրաստումը, ովքեր կարողանում են ինքնուրույն մտածել, պաշտպանել իրենց կարծիքները, փաստարկել իրենց տեսակետները, որոշումներ կայացնել ու կատարելագործվել»,- նշեց Աննա Մարգարյանը:

Այլ նորություններ
«ԱՅՍ ՏԱՐԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ Է ԹԵ՛ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ». ԴԵՍՊԱՆ ԳԵՈՐԳԻ ՍԱԳԱՆԵԼԻՁԵՆ
Այսօր ԵՊՀ-ում Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Գեորգի Օթխմեզուրին «Վրաստանի անկախության 100 տարվա ճանապարհ» խորագրով դասախոսություն ներկայացրեց:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք: