25.06.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԻՍՏ ԿԼԻՆԻ
ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԻՍՏ ԿԼԻՆԻ
Այսօր տեղի ունեցած գիտական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ դասախոսների վերաբերյալ ելույթի մասին դիրքորոշում հայտնելու անհրաժեշտությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցած նիստի ավարտին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն առաջարկեց քննարկել նաև հայագիտական առարկաների բացակայությունն այն մասնագիտությունների ցանկից, որոնց դեպքում փոխհատուցում է կատարվելու, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ վերջերս ունեցած ելույթի վերաբերյալ հայտնել դիրքորոշում:

 

Ըստ Արմեն Ավետիսյանի՝ նրա ելույթը, որում ասվում է, թե պետք է մաղել դասախոսներին, կոպիտ վերաբերմունք է վերջիններիս նկատմամբ, և բացի դրանից՝ այսքան ժամանակ, Արմեն Ավետիսյանի փոխանցմամբ, ԱԺ ամբիոնից երբևէ չի հնչել կոչ՝ քաղաքական հետապնդում իրականացնել դասախոսների նկատմամբ, որոնք փորձել են, համարձակվել են քննադատել կառավարությանը կամ վարչապետին:

 

Արհեստակցական կազմակերպության նախագահի խոսքով, անընդունելի է նաև այն, որ եկամտային հարկի հաշվին ուսման վարձավճարի փոխհատուցում հայագիտական առարկաների և լրագրության համար չի իրականացվելու, քանի որ դրանց բացակայությունը որևէ այլ բացատրություն չունի, քան այն, որ կառավարությունը պարզապես չի ցանկանում օժանդակել դրանց:

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն ասաց, որ պատրաստ է համալսարանի անունից ստորագրել դիրքորոշումը, եթե Պատմության, Հայ բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետների դեկանները կկազմեն համապատասխան գրություն:

 

Ինչ վերաբերում է պատգամավորի ելույթին, ապա, ըստ Գեղամ Գևորգյանի, այն քննարկելու կարիք չկա. «Եթե նկատել եք, ես որևէ անձի, այս կամ այն կազմակերպության կողմից արված հայտարարություններին չեմ արձագանքել, հատկապես անհայտ մարդկանց կողմից արված: Իմ անձի նկատմամբ շատ բան են ասել, բայց ես ուշադրություն չեմ դարձրել: Հիմա էլ, եթե մենք քննարկենք, կլրջացնենք այդ մարդու ասածը: Պետք է արհամարհել պարզապես»:

 

Նրա խոսքով, կարելի է քննադատել ցանկացած մարդու, բայց դրա համար չպետք է ծառայեցնել դասերը:

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր անհամաձայնությունը հայտնեց ռեկտորի դիտարկման վերաբերյալ. «Հարցը չպետք է փակված համարել: Եթե վիրավորում են Ձեզ, դուք կարող եք պատասխանել կամ ոչ: Բայց այդ հայտարարություններն անհայտ մարդ չի արել: Լուլուն իշխող կուսակցության և իշխող խմբակցության անդամ է, քաղաքական թիվ մեկ ամբիոնից ասում է, որ պետք է մաղել դասախոսներին: Ճիշտ կլինի, որ ԵՊՀ-ն դասախոսների արժանապատվությանը վիրավորող հայտարարության վերաբերյալ հայտարարություն տարածի, իսկ այդ նույն պատգամավորուհին ԱԺ ամբիոնից ներողություն խնդրի»:

 

Նրա փոխանցմամբ, օրինակ, «Պատմություն» առարկայի դասաժամերին կարելի է և պետք է անդրադառնալ ընթացիկ իրադարձություններին. «Ես էլ կարող եմ հակառակ մի քանի օրինակ բերել, թե ինչպես իշխող կուսակցության անդամ դասախոսներ հիշում են 2018 թ. դեպքերը, ինչն էլ հակառակ ծայրահեղություն է: Զարմանալի էր նաև այն, որ նախարարը, այնտեղ նստած, որևէ կերպ չարձագանքեց այդ սահմանումներին»:

 

Գեղամ Գևորգյանը փաստեց, որ ինքը ծանոթ չէ այդ ելույթին և առաջարկեց կազմել տեքստ ու ստորագրահավաք իրականացնել. «Ինչպես հասկացա, անհասցե հայտարարություն էր, որն այժմ չենք քննարկի, քանի որ հարցն օրակարգում չի եղել»:

 

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ քննարկում չկազմակերպելու կամ ստորագրահավաք կազմակերպելու կոչը ռեկտորի ժ.պ.-ի լիազորությունների գերազանցում է. «Սա համալսարան է, ոչ թե հանրույթ: Հարցը շատ լուրջ է: Համալսարանն անպայման պետք է արձագանքի, քանի որ խոսքը վերաբերում է բուհին: Ես՝ ինքս, իմ դասախոսությունների ժամանակ ընդունված օրենքները քննարկելիս քննադատում եմ դրանց չհիմնավորված լինելը: Դե փորձեք ինձ մաղել կամ մյուսներին»:

 

Գեղամ Գևորգյանը կրկին շեշտեց, որ ծանոթ չէ այդ ելույթին, ապա առաջարկեց բոլորին հասանելի դարձնել այդ հայտարարությունը, հետո կազմել հանձնաժողով, որի կազմում կլինեն Ա. Ավետիսյանը, Գ. Ղազինյանը և Ռ. Մելքոնյանը: Նրանց կողմից կկազմվի տեքստի նախագիծ, որը կքննարկվի գիտական խորհրդում:

 

Գագիկ Ղազինյանի խոսքով, իշխանության կողմից նմանօրինակ հայտարարություններն արդեն ցուցում են և պարտադիր կատարման հրաման. «Եթե պետք է կատարենք, ես արդեն չեմ պատկերացնում, թե որտեղ ենք գտնվում»:

 

Արմեն Ավետիսյանը քննարկման ընթացքում հասանելի դարձրեց պատգամավորի ելույթը, որի ավարտին ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն ասաց, որ իր վերաբերմունքն ավելի կոշտ է, քանի որ, ըստ էության, պատգամավորը մեղադրում է համալսարանականներին նաև կաշառակերության մեջ:

 

Նա կոչ արեց հավաքվել վաղը՝ ժամը 13:30-ին, և քննարկել տեքստի նախագիծը, որում անպայման անդրադարձ կկատարվի նաև հայտարարության այդ հատվածին:

 

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի դեկան Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց, թե այս հայտարարությունը կոնկրետ համալսարանի՞ն է վերաբերում, թե՞ ընդհանուր բուհական համակարգին, ինչին ի պատասխան՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ կա ձևավորված ավանդույթ, որ բուհական համակարգի վերաբերյալ որևէ բան խոսելիս հասկանում են համալսարանը. «Ես վստահ եմ, որ եթե որևէ լրատվամիջոցով այս հայտարարությունը տարածվեր, անպայման համալսարանի նկարը կլիներ»:

 

Վ. Դումանյանը նշեց, որ հնչեցված մտքերը, այնուամենայնիվ, անընդունելի են, սակայն նա պետք է նշի կոնկրետ բուհ և կոնկրետ անուն ու ազգանուններ:

 

Որոշվեց վաղը՝ ժամը 13:30-ին, կրկին առցանց եղանակով հրավիրել նիստ և քննարկել հանձնաժողովի կողմից մշակված տեքստը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Իրավաբանական կլինիկան 2019-2020 ուսումնական տարում տոնում է իր 20-ամյակը։ Ինչպես նախորդ տարիներին, կլինիկան 20-րդ տարվա շրջանավարտներին ևս ճանապարհում է վկայագրերով, որոնք այս տարի ուսանողներին նախապես ուղարկվել էին փոստով։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթին, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։