13.11.2017 | 
Գիտություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանքի պրակտիկայի գիտական ընդհանրացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով միջազգային գիտաժողովը:

ԵՊՀ-ի և Սոցիալական աշխատանքի հայաստանյան ասոցիացիայի համատեղ ջանքերով կազմակերպված գիտաժողովը նվիրված էր Սոցիոլոգիայի ֆակուլտետի ծննդյան 13-ամյակին:

 

Բացման խոսքով հանդես եկավ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը: Նա շնորհավորեց ֆակուլտետի բոլոր աշխատակիցներին, ուսանողներին. «Այսօր մեր ֆակուլտետի ծննդյան օրն է: Այսօրվա գիտաժողովն էլ մեր ամենամյա, ավանդույթ դարձած գիտաժողովն է: Շատ ուրախ եմ, որ այս անգամ այն միջազգային բնույթ ունի: Սա ոչ միայն լավ առիթ է լսելու մյուսների կարծիքները, այլև աշխարհին ներկայացնելու սեփական դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ»:

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Սոցիալական աշխատանքի հայաստանյան ասոցիացիային՝ գիտաժողովի կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար և նշեց, որ այն անցկացվում է ասոցիացիայի երկու ծրագրերի շրջանակում:

 

«Առաջինը ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի դրամաշնորհով իրականացվող ծրագիրն է, որի շրջանակում փորձում ենք ակտիվացնել քաղաքացիական հասարակության և քաղաքացիների մասնակցությունը տեղի ունեցող սոցիալական ռեֆորմներում, իսկ երկրորդը Եվրամիության և Ավստրիական համագործակցության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «HILFSWERK AUSTRIA» կազմակերպության հետ իրականացվող ծրագիրն է, որը նվիրված է տարածաշրջանում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) սոցիալական աշխատանքի զարգացմանը»,- ասաց տիկին Սահակյանը:

 

 

Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցան երկու պլենար նիստեր՝ «Տրանսազգային սոցիալական աշխատանքը՝ որպես սոցիալական աշխատանքի գիտական հենք» և  «Սոցիալական աշխատանքի գիտական ընդհանրացման ներկա դիսկուրսը ՀՀ-ում» խորագրերով: Երկրորդ նիստի ժամանակ քննարկվեց նաև «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի անհրաժեշտությունը, անդրադարձ կատարվեց երեխաների պաշտպանության ոլորտում սոցիալական աշխատանքի պրակտիկայի տեսականացման խնդիրներին:

 

Զեկուցումներով հանդես եկան մասնակիցներ Ավստրիայից, Խորվաթիայից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Գերմանիայից:

 

Գիտաժողովից հետո Սոցիալական աշխատանքի հայաստանյան ասոցիացիայի, Հայաստանի պետական մանկավարժական և Գյումրու մանկավարժական համալսարանների միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

 

 

Այլ նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Այսօր Մատենադարանում մեկնարկեց Երկրորդ համահայկական գիտական համաժողովը՝ նվիրված Հայկական առաջին Հանրապետության 100-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԳԻՏԱՓԱՌԱՏՈՆ
Այսօր Մայր բուհում տեղի ունեցավ «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը, որը կազմակերպել էին աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «Ռուսալ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը: