04.02.2019 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Անահիտ Մամիկոնյանի կողմից ներկայացված «Արգինազը կրծքագեղձի քաղցկեղի և շաքարախտով խթանված սիրտ-անոթային հիվանդությունների բուժման ցուցանիշ» գիտական թեման:

Նշենք, որ ֆինանսավորումն իրականացվել է «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր 2018»-ի շրջանակում:

 

Ներկայացնելով գիտական թեման՝ ծրագրի ղեկավարը մանրամասնեց. «Քաղցկեղային բջիջները կարող են տարբերվել իրենց նորմալ անալոգներից որոշակի ֆերմենտների ակտիվությամբ և կոնցենտրացիայով: Այդպիսի ֆերմենտների ակտիվության չափումների միջոցով հնարավոր է նոր թերապևտիկ մոտեցումներ կիրառել քաղցկեղի բուժման ժամանակ: Վերջին տարիների հետազոտությունների արդյունքում հաստատվել է Լ-արգինին ամինաթթվի նյութափոխանակության մեջ  ընդգրկված  ֆերմենտների՝ արգինազի և NO-սինթազի վճռորոշ դերը ուռուցքի իմունոկենսաբանությունում»:

 

Ստացված արդյունքների համաձայն՝ արգինազի ակտիվության բարձրացումը սիրտ-անոթային համակարգում կարող է հանգեցնել էնդոթելային դիսֆունկցիայի:

 

Ըստ ծրագրի ղեկավարի՝ էնդոթելային դիսֆունկցիան աթերոսկլերոզի և շաքարախտի հետևանքով անոթային բարդացումների առաջացման հիմնական պատճառն է: Անոթային բարդացումները, որոնք կապված են    2-րդ տիպի շաքարախտի հետ, համարվում են լայնորեն տարածված կլինիկական խնդիր: Այս բարդացումների առաջացման մեխանիզմը դժվար է հասկանալ, իսկ հատուկ բուժումը բացակայում է:

 

Ա. Մամիկոնյանի խոսքով, արգինազի արգելակումը կարող է ունենալ որոշակի հակաքաղցկեղային ազդեցություն և սիրտ-անոթային համակարգում պաշտպանական հատկություններ:  

 

Գիտական թեմայի շրջանակում ներկայացվելու է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման նոր մոդել. ուսումնասիրվելու են արգինազի ակտիվության արգելակման հակաքաղցկեղային հնարավորությունները՝ կրծքագեղձի քաղցկեղի և 2-րդ տիպի շաքարախտի  փորձարարական մոդելներում սինթետիկ ու բնական ծագման արգելակիչների կիրառմամբ:

 

«Քաղցկեղի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում արգինազը թիրախավորելու հեռանկարները կարող են օգտագործվել կլինիկական բժշկության մեջ ֆերմենտների ակտիվության որոշման համար»,- ամփոփեց ԵՊՀ ասպիրանտը:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում այսօր տեղի է ունենում «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողով, որն ուղեկցվում է սոցիալական ձեռնարկությունների ցուցահանդես-վաճառքով:
«ՍԱ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՍԿԻԶԲ Է». ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարին: