20.04.2020 | 
Կրթություն
ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը, ելնելով երկրում հաստատված արտակարգ իրավիճակից, շարունակում է առցանց հարթակների օգնությամբ, ըստ սահմանված դասատախտակի, իրականացնել հեռավար ուսուցումը:

Հեռավար ուսուցման մեկամսյա արդյունքների, արդյունավետության և ուսանողների ներգրավվածության մասին զրուցեցինք ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանի և Մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու Աննա Ալեքսանյանի հետ:

 

Ամփոփելով արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման մեկամսյա  արդյունքները՝ կենտրոնի տնօրենը տեղեկացրեց. «Ուսանողերի մասնակցությունն ամբողջ ամսվա ընթացքում միջինը եղել է 86-95 %: Ուսանողներն առավել դժվարացել են առաջին շաբաթվա սկզբին տարբեր տեխնիկական խնդիրների պատճառով, ինչպիսիք են՝ ինտերնետի բացակայությունը, տեխնիկայի հետ կապված խնդիրները, որոշ ուսանողների էլեկտրոնային և առցանց ուսուցման համակարգերին անծանոթ լինելը»:

Վերջինիս հավաստմամբ, վերոնշյալ խնդիրները կարգավորվել են մի քանի օրվա ընթացքում:

«Կենտրոնի և՛ բակալավրիատի, և՛ մագիստրատուրայի դասացուցակով նախատեսված բոլոր դասընթացները, ինչպես նաև համալսարանի 12 ֆակուլտետներում մանկավարժի որակավորման համակարգի «Մանկավարժություն» դասընթացներն ընթացել են կանոնավոր՝  ըստ սահմանված ժամանակացույցով»,- ասաց տիկին Հարությունյանը:

 

Կենտրոնի տնօրենը ներկայացրեց նաև, որ հեռավար ուսուցումն արդյունավետ իրականացնելու համար կենտրոնի դասախոսներն ընտրել են առցանց ուսուցման համար հասանելի գործիքներից այն տարբերակները, որոնք առավել հարմար ու կիրառելի են հենց իրենց համար. «Skype», «Zoom.us», «MeetGoogle», «GoogleClassroom», ինչպես նաև ԵՊՀ ուսուցման կառավարման «e-learning.ysu.am» համակարգը:


«Պետք է փաստել, որ  դասախոսներից ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք երբեք չէին օգտվել առցանց գործիքներից, արտակարգ դրության պայմաններում պատվով են ընդունել իրավիճակի մարտահրավերը և հաջողությամբ իրականացնում են դասերը»,- նկատեց Ն․ Հարությունյանը: 

 

Տիկին Հարությունյանի տեղեկացմամբ,  ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը համակցված ուսուցումը հաջողությամբ իրականացրել է  նախքան արտակարգ դրության հայտարարումը. «Առցանց դասավանդումը համակցված ուսուցման գործիքներից մեկն է միայն: Համակցված ուսուցման ժամանակ համադրվում էին ԵՊՀ ուսուցման կառավարման «e-learning.ysu.am» համակարգում առկա էլեկտրոնային և առցանց գործիքները լսարանային աշխատանքների հետ»,- ամփոփեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրենը :


Նման դասավանդման հաջող փորձ ունի Մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու Աննա Ալեքսանյանը։ Նրա հավաստմամբ,  ԵՊՀ ուսուցման կառավարման  «e-learning.ysu.am» համակարգը հագեցած է գործիքակազմով և ընձեռում է լայն հնարավորություններ ամենատարբեր աշխատանքների կատարման համար ու կարևոր է հատկապես ակտիվ ուսուցման իրականացման տեսանկյունից. «Այստեղ կարելի է մշակել ինտերակտիվ հանձնարարություններ, վարել սովորողների ինքնուրույն աշխատանքները, ուղղորդել խմբային նախագծերը, կազմակերպել քննարկումներ, ըստ նախօրոք մշակած չափանիշների՝ գնահատել միավորներով, տալ մեկնաբանություններ նշանակված գնահատականներին, իրականացնել սովորողի ինքնագնահատում, փոխադարձ գնահատում և այլն»։

Վերջինիս տեղեկացմամբ, վերոնշյալ  գործիքները համալրվել են ևս մեկով՝ «BigBlueButton» հարթակով, որը, ըստ Ա. Ալեքսանյանի, չի փոխարինում լսարանային աշխատանքին, սակայն շատ հաջողված է:

 

«Այս հարթակն  ապահովում է դասի բոլոր փուլերը, ինչպես նաև հնարավոր է կիրառել հեռավար ուսուցման բոլոր միջոցները: Այսպես՝ ես ներբեռնում եմ իմ տեսասահիկները, օգտագործում եմ հարթակում առկա գրատախտակը, ցուցադրում մասնագիտական տեսանյութեր, հետադարձ կապով հարցումներ եմ անում ուսանողներին, խմբերի եմ բաժանում համապատասխան առցանց «դասասենյակներում» և կատարում ենք նույնիսկ խմբային աշխատանք»,- ներկայացրեց մանկավարժության ամբիոնի դոցենտը:

 

 

Նա նաև հայտնեց, որ մինչև արտակարգ դրություն հայտարարելը «e-learning.ysu.am» համակարգում երկրորդ կիսամյակի սկզբում Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի 96 ուսանողներ  համակարգի ակտիվ օգտագործողներ են եղել և շարունակում են արդյունավետորեն օգտագործել այդ համակարգի բոլոր հնարավորությունները նաև արտակարգ դրության պայմաններում։

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: