27.03.2020 | 
Կրթություն
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ  ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ելնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման:

ԵՊՀ  ֆարմացիայի ինստիտուտն այսօր, օգտվելով հեռավար ուսուցումը կազմակերպելու առցանց  հարթակներից, անցկացրել է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտական խորհրդի նիստ, որի ժամանակ նախնական քննարկման և գիտական խորհրդի եզրակացության նախագծի հաստատման է դրվել ինստիտուտի ասպիրանտներից մեկի՝ Հայկ Պետրոսյանի ատենախոսական աշխատանքը, ինչպես նաև Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի հայցորդ Հովհաննես Ղազարյանի թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի հաստատման հարցը:

 

 

Անցկացված գիտական խորհրդի նիստի, հեռավար ուսուցման ընթացքի, արդյունավետության, ուսանողների ներգրավվածության և առկա խնդիրների մասին զրուցեցինք ԵՊՀ  ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանի, Ֆարմտեխնոլոգիայի  և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի հետ:

Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ մարտի 16-ին երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, Ֆարմացիայի ինստիտուտը, ըստ ամբիոնների ծանրաբեռնվածության  և սահմանված դասատախտակի, շարունակել է իր բնականոն աշխատանքը․ «Դասընթացներն անցկացվում են՝ ըստ ամբիոններում սահմանված ժամատախտակի, երբեմն 90 րոպե տևողությամբ սահմանված դասաժամերից հասնելով  մինչև 2 և ավելի  ժամ տևողությամբ քննարկումների և դասախոսությունների»։

 

Վերջինս տեղեկացրեց, որ հեռավար դասընթացներին ուսանողների և դասախոսների ներգրավվածությանը հետևում է անձամբ․ «Կարող եմ փաստել, որ բավականին ակտիվ և պատրաստակամ են թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, երբեմն նույնիսկ ինձ թվում է՝ առցանց հարթակում ուսանողներն ավելի ազատ և անկաշկանդ են իրենց դրսևորում, քան լսարաններում»:

Այդուհանդերձ,  ներկա վիճակի լավագույն ելքը դիտարկելուց զատ՝ Աշոտ Սաղյանը խոսեց հեռավար ուսուցման բացասական կողմերի  և առկա խնդիրների մասին:

«Մենք ուսանողներ ունենք ՀՀ ողջ տարածքից, նրանցից  ոմանք համացանցից  օգտվելու և առցանց դասընթացներին մասնակցելու խնդիրներ ունեն, որոնք, ցավոք, դեռևս չեն լուծվում. նրանք բաց են թողնում ծրագրային դասընթացները, ինչը, կարծում եմ, հեռավար ուսուցման թերի կողմը և բացասական հետևանքներից մեկն է»:

 

Այնուամենայնիվ,  պրոֆեսորը տեղեկացրեց, որ  հեռավար ուսուցման դասընթացներին մասնակցում է ուսանողների մոտ 60-65 %-ը:

«Որքան էլ արտակարգ իրավիճակում կարողանում ենք կազմակերպել ուսումնական գործընթացի շարունակությունը, այնուամենայնիվ ես մաղթում եմ մեր հասարակությանը շուտափույթ դուրս գալ այս իրավիճակից և անցնել բնականոն կենսագործունեությանը»,- նշեց Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը:

Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանից էլ հետաքրքրվեցինք, թե առցանց ինչպիսի հարթակներ են օգտագործում՝ հեռավար ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար․ «Դասընթացներն անցկացնում ենք  «Gmail.com»,  «Zoom», « Skype», «E-learning.ysu.am», «Moodle» և այլ առցանց հարթակների միջոցով, որոնց մասնակցում է ինստիտուտում սովորող ուսանողների մեծ մասը»։

 

Վերջինիս պնդմամբ, առցանց հարթակում ուսանողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում դասապրոցեսին և գոհունակությամբ խոսում այդ մասին:

 

«Հարցուպատասխանի ձևաչափով, առաջադրանքների լրիվ կատարմամբ և ուսանողների պատրաստակամությամբ կարելի է բնութագրել ամենօրյա մեր դասապրոցեսը»,- նշեց տիկին Հովհաննիսյանը:

Ֆարմացիայի ինստիտուտում իրականացվող հեռավար ուսուցման մասին մենք խոսեցինք նաև ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Արշակյանի հետ:

 

Վերջինս դասընթացներին մասնակցում է  հայրենի գյուղից: Նրա տեղեկացմամբ, ուսանողներից  ոմանց անհանգստացնող համացանցի և ինտերնետային կապի անհասանելիությունն իրեն չի սպառնում․ «Հեշտությամբ կարողանում եմ օգտվել «Zoom» ծրագրից. այն բավականին արդյունավետ է և շատ քիչ է տարբերվում մեր դասերից»։

Ուսանողուհու փոխանցմամբ, կուրսն ամբողջությամբ ներգրավված է դասընթացներին, իսկ դասախոսները դասը վարում են հասկանալի  և մատչելի:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձվգել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը: