25.03.2020 | 
Կրթություն
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՆԱՍԵՐՆԵՐԸ
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՆԱՍԵՐՆԵՐԸ
Ելնելով մարտի 16-ին ՀՀ-ում հաստատված արտակարգ դրությունից՝ ԵՊՀ-ն շարունակում է հեռավար ուսուցման աշխատանքները։ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, օգտագործելով առցանց տարբեր հարթակներ, իրականացնում է հեռավար ուսուցման գործընթաց՝ ըստ սահմանված դասատախտակի։

Հեռավար ուսուցման, դասախոսների և ուսանողների ներգրավվածության, ուսուցման գործընթացի արդյունավետության մասին զրուցեցինք ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի, Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի և ֆակուլտետի ուսանողներից մի քանիսի հետ։

 

 Դեկանը նշեց, որ հեռավար ուսուցման առաջին իսկ օրվանից ֆակուլտետի բոլոր ամբիոնները ներգրավվել են ուսումնական գործընթացին։ «Ուսումնական գործընթացն իրականացվել է՝ ըստ ամբիոնների ծանրաբեռնվածության և դասատախտակի»,- տեղեկացրեց դեկանը։

 

Վերջինիս փոխանցմամբ, առցանց  հարթակում ավելացել են ուսանողների հետ տարվող աշխատանքների դասաժամերը. «Եթե նախկինում դասապրոցեսն անցկացվում էր 90 րոպե տևողությամբ, ապա առցանց տիրույթում դասախոսները տրամադրում են օրվա մեծ մասը՝ ուսումնական գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար»։

 

 Այնուամենայնիվ, ըստ դեկանի, սա ուսումնական բնականոն գործընթացի ոչ ամբողջական փոխարինումն է. «Կարելի է ասել՝ «չարյաց փոքրագույնը», որի միջոցով ուսանողները չեն մատնվի պարապուրդի և կծանոթանան ծրագրային դասընթացներին ու գրականությանը»։

 

Անդրադառնալով ավարտական կուրսերի ուսանողներին անհանգստացնող թեմաներին՝ դիպլոմային և մագիստրոսական թեզի աշխատանքներին՝ դեկանը նշեց, որ ինքը կարգադրել է դասախոսներին առավել շատ ժամանակ տրամադրել, ստուգել ուղարկված աշխատանքները և աջակցել գրականության ներբեռնման գործում։

 

 «Վստահ եմ, որ շուտով վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին և ուսումնական գործընթացին, ուստի եղեք պատասխանատու և պահպանեք բարձր տրամադրությունը»,- ասաց Արծրուն Ավագյանը։

 

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ներկայացմամբ, համավարակն ունի իր տրամաբանությունը և մարտահրավերները, ուստի, անկախ իրավիճակից, կրթության շարունակականությունն ապահովելու համար, արդեն երրորդ շաբաթն է՝ իրենք հեռավար դասեր են կազմակերպում. «Այս ընթացքում մի շարք հարթակներ ենք փոխել, գնահատել արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման «պերճանքն ու թշվառությունը»: Իհարկե, հեռավար կրթության հեռանկարն ու առավելություններն անկասկած են ապագայի կտրվածքով, սակայն այսօր ակներև է մեր հանրապետության և նրա անբաժան մասի՝ ԵՊՀ-ի անպատրաստ լինելը համատարած անցմանը հեռավար կրթության, որովհետև ամենից առաջ հեռավարությունը պահանջում է հզոր, անխափան աշխատող համացանցային կապ, իսկ հայաստանյան համացանցային կապն ապահովող ընկերությունների մալուխները, պարզվում է, թշվառ են, գերարագ համացանցը՝ երազանք»,- նշեց դասախոսը:

 

Խեղճության երկրորդ գործոնը ըստ Ն. Դիլբարյանի՝ մարզային բնակչության համակարգչային, թվային տեխնիկայով ապահովվածության ցածր մակարդակն է, մի զգալի տոկոսի միայն հեռախոսներով ապահովված լինելը։

 

«Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները մեր պետության բոլոր ծրագրից են՝ Արցախից, Լեռնահայաստանից մինչև Արարատյան դաշտավայր, ներառյալ հայոց Ջավախքը: Արտակարգ դրությունը բոլորին վերադարձրել է իրենց տները: Ուսանողներին համախմբելու իմ առաջին փորձը կատարեցի «Moodle» ծրագրով, սակայն առաջին իսկ փորձերն ապացուցեցին, որ հատկապես ավարտական կուրսերի ուսանողների մի զգալի մասը՝ բակալավր, մագիստրոս, կորցրել են իրենց էլեկտրոնային հասցեները և, ամենացավալին, վատ են տիրապետում ծրագրից օգտվելու հմտություններին: Այնուհետև, քանի որ «Moodle» իմ երեք կուրսերից ստացված արձագանքը 10-30 տոկոսի շրջագծում էր, դիմեցի ամենահաս «Facebook»-ին, որի շնորհիվ 100 տոկոս իրազեկում ապահովվեց՝ տեղեկատվության փոխանակում»,- փաստեց տիկին Դիլբարյանը։

 

 

Ուսումնական գործընթացն արդյունավետ դարձնելու համար նրանք դիմել են նաև այլ առցանց հարթակների։ «Ամենաճկունը և հասանելին «Zoom»-ն է, օրը 3 տեսաժողով-դաս կազմակերպողներին բոնուսներ է տրամադրում՝ անսահմանափակ ժամաքանակի տեսքով, բացի դրանից ՝ համացանցի մեծ արագություն չի պահանջում: Քանի որ այս կիսամյակում իմ դասերը հիմնականում գործնական են՝ գրաբար, լեզվի պատմություն, ձեռագրագիտություն, անհրաժեշտ էր հարթակ, որտեղ ոչ միայն դու ես խոսում, այլև քեզ հարցեր են տալիս, պատասխանում, բանավեճեր ծավալում: «Zoom»-ն ապահովում է այս ամենը, ուսանողներն էլ 3-րդ տեսադասից հետո արդեն հմտացան: «Moodle» դասընթացներից տեղափոխել եմ հարցաշարերը, տեսադիտողական նյութերը, առաջադրանքները, «Zoom»-ի զրուցարանը ևս կիրառվում է, ինչպես նաև«Facebook»-ի զրուցարանը»,- ասաց դոցենտը։

 

Այն հարցին, թե պահպանվում է դիպլոմային-ավարտական աշխատանք գրողների հետ կապը՝ Ն. Դիլբարյանը հավաստիացրեց, որ ամեն քայլ արվում է։ «Միանշանակ, ուսումնական գործընթացը ծավալվում է, բայց եթե կապ հաստատել ենք 100 տոկոսի հետ, ապա տեսադասերին ներգրավվում է նրանց 75-80 տոկոսը, միայն մագիստրոսների դեպքում է ապահովվում 100 տոկոս մասնակցություն, քանզի խմբերը փոքր են՝ 7-8 ուսանող: Այսպիսին է հեռավար գրաբարի, լեզվի պատմության և ձեռագրագիտական ժառանգության ուսումնասիրման մեր ժամանակագրությունը»,- ամփոփեց Ն. Դիլբարյանը:

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Վարսե Առաքելյանի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Վահագն Ամիրջանյանի տեղեկացմամբ, հեռավար ուսուցումը կազմակերպելու համար իրենք օգտագործում են առցանց տարբեր հարթակներ, մասնավորապես՝ «Moodle», «Zoom», «Facebook»։ Ընդ որում՝ «Facebook» առցանց հարթակում հանդես եկող դասախոսություններին  որպես ունկնդիրներ ներգրավվում են ոչ միայն Հայ բանասիրության ֆակուլտետի ներկա, այլև նախկին ուսանողները, սոցիալական այլ խմբեր՝ ծանոթանալով հայ գրականության մնայուն էջերին։ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Սամվել Եղիազարյանը, որը բարձրաձայնել էր դիպլոմային-ավարտական աշխատանք գրելու դժվարությունների  և վերջնաժամկետը երկարացնելու առաջարկ էր ներկայացրել, նշեց, որ առցանց գրականության տրամադրման հարցում իրեն օգնել են ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և իր դիպլոմային աշխատանքի ղեկավար Հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանը։

 

 

«Հեռավար ուսուցման պայմաններում ավարտական աշխատանքներ գրելու և ներկայացնելու դժվարությունների ու մտավախությունները ներկայացրի ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանին, որն ինձ անձնապես ուղարկեց առցանց գրքեր, որոնք օգտակար կլինեն իմ աշխատանքի իրականացմանը։ Շնորհակալ եմ մեր պրոռեկտորին և Ն. Դիլբարյանին»,- ասաց Սամվել Եղիազարյանը և հավելեց,  որ դիպլոմային-ավարտական աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը երկարացնելու համար իր կուրսընկերներից ոմանք առցանց տիրույթում դիմել են նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 3-ին տեղի ունեցավ վիրտուալ շրջայց Հայաստանի պատմության թանգարանում։ Էքսկուրսիան անցկացրեց թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Լիլիթ Հովհաննիսյանը:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: