24.03.2020 | 
Կրթություն
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՒՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 90 %-Ը
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՒՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 90 %-Ը
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, օգտագործելով առցանց տարբեր հարթակներ, իրականացնում է հեռավար ուսուցման գործընթաց՝ ըստ սահմանված դասատախտակի:

Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ասաց, որ դեռևս մարտի առաջին շաբաթվա ընթացքում, երբ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մեկ շաբաթով դադարեցվել էր ուսումնական գործընթացը, ֆակուլտետի առանձին դասախոսներ իրենց նախաձեռնությամբ «Moodle» համակարգով աշխատել են հեռավար ուսուցմամբ. «Հետագայում, երբ որոշում կայացվեց մինչև ապրիլի 14-ը դադարեցնել դասերը, ամբողջ ֆակուլտետը սկսեց լրջորեն և խիստ պատասխանատվությամբ զբաղվել հեռավար ուսուցման դասընթացների կազմակերպմամբ»:

 

Դեկանի նախաձեռնությամբ կազմվել է աշխատանքային խումբ, որի գործունեության պատասխանատվությունը ստանձնել է դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը: Վերջինիս փոխանցմամբ, խմբում ներառված են ամբիոնի վարիչները, դեկանատի աշխատակիցները, դեկանի տեղակալները. «Կոնկրետ հանձնարարություն է տրվել ապահովվելու ֆակուլտետի ուսումնական գործընթացի շարունակականությունը»:

 

Սարգիս Քելյանի խոսքով, արձագանքել են նաև այլ ֆակուլտետի դասախոսներ, որոնք դասավանդում են նաև Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում. «Կապ է հաստատվել նաև կուրսերի ավագների հետ՝ գործընթացն ուսանողների համար առավել արդյունավետ կազմակերպելու և առաջացած խնդիրերին լուծում տալու համար»:

 

Մարատ Գրիգորյանի պնդմամբ, ֆակուլտետն անցել է հեռավար ուսուցման  բնականոն աշխատանքին՝ ըստ դասատախտակի. «Օգտագործվում են առցանց տարբեր հարթակներ, մասնավորապես՝ «Moodle», «Zoom», «Padlet.com», «Gmail.com», «Skype»: Մեր ֆակուլտետում սովորում է մոտավորապես 1100 ուսանող, այս պահին ակտիվ արձագանքում և հեռավար ուսումնական գործընթացին մասնակցում է  նրանց 90 տոկոսը, ինչից կարելի է ենթադրել, որ գործընթացը ստացված է»:

 

«Ուսումնական գործընթացը վերահսկելու նպատակով ամբիոնի վարիչներին է ուղարկվել հաշվետվության ձևեր, որոնք պետք է լրացնեն բոլոր դասախոսները: Կարևորություն ենք տալիս նաև կուրսային աշխատանքներին, ավարտական աշխատանքներին և մագիստրոսական թեզերին, ուսանողները մշտական հաղորդակցվում են իրենց ղեկավարների հետ: Աշխատանքային խումբը գրեթե ամեն օր տեսակապով ամփոփում և վերահսկում է աշխատանքային գործընթացը»,- ասաց Մարատ Գրիգորյանը:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: