26.03.2020 | 
Կրթություն
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ 90 ՏՈԿՈՍԸ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ 90 ՏՈԿՈՍԸ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Սոցիոլոգիայի ֆակուլտետում առցանց ուսուցման իրականացման մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանի հետ:

Վերջինս փաստեց, որ մարտի 16-ից սկսած՝ իրենց ֆակուլտետը հնարավոր բոլոր հարթակներով իրականացնում է առցանց դասավանդում՝ չընդհատելով ուսումնական գործընթացը:

 

«Մենք դասախոսներին հնարավորություն ենք տվել կազմակերպելու իրենց դասընթացը՝ ըստ սեփական հայեցողության: Մեր դասախոսական անձնակազմը հեռավար ուսուցման որոշակի փորձ արդեն իսկ ուներ, քանի որ ֆակուլտետում 15 տարի շարունակ գործում է Հեռավար ուսուցման լաբորատորիան»,- ասաց Ա. Մկրտիչյանը:

 

Դեկանը խոսեց նաև հեռավար ուսուցման դժվարությունների մասին՝ նշելով, որ նմանօրինակ ուսուցմանն անհրաժեշտ էր պատրաստել ոչ միայն դասախոսներին, այլև ուսանողներին:

 

Ա. Մկրտիչյանն ասաց, որ ինքն անմիջական կապի մեջ է ֆակուլտետում գործող բոլոր ծրագրերի ղեկավարների հետ, նրանք էլ՝ դասավանդող դասախոսների, իսկ դեկանատի՝ ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքի շնորհիվ ինքն իրազեկվում է ուսանողների բավարարվածության մասին. «Ամեն շաբաթ մենք կազմում ենք կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն»:

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, դասախոսական անձնակազմը 70-100 տոկոսով ապահովում է ուսումնական գործընթացի արդյունավետությունը:

 

«Այդ 70 տոկոսանոց աշխատանքն իրականացվում է միայն մագիստրոսական թեզեր գրող ուսանողների հետ, քանի որ մեր ֆակուլտետում մագիստրատուրան հետազոտահեն է, անպայման ենթադրում է որոշակի դաշտային հետազոտություններ, ինչը հիմա անհնար է»,- նշեց նա:

 

Սակայն դեկանը և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ուղիներ են փնտրում այս հարցը լուծելու համար: 

Արթուր Մկրտիչյանը նաև հավաստիացրեց, որ ուսանողության մասնակցությունը դասընթացներին գրեթե 90 տոկոս է:

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: