02.09.2019 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ. «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ» ԲԱԺԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ. «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ» ԲԱԺԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության «Նախապատրաստական դասընթացներ» բաժինը կատարում է 2019-2020 ուստարվա դիմորդների ընդունելություն հանրակրթական բոլոր առարկաներից:

Դիմորդների համար կազմակերպվող դասընթացներն անցկացվում են ՀՀ բուհերի ընդունելության պահանջներին նախապես համապատասխանեցված ծրագրերով:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական  դասընթացների բաժնի վարիչ Արշալույս Գալստյանն ասաց, որ դասընթացները վարում են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները. «Համապատասխան ամբիոնների փորձառու դասախոսներն են աշխատելու դիմորդների հետ, որոնք ծանոթ են քննական կարգին, այս կամ այն չափով մասնակցել են շտեմարանների կազմման աշխատանքներին և պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել դիմորդներին»:

 

Ուսումնական տարվա ընթացքում ունկնդիրները պարբերաբար մասնակցելու են ընթացիկ ստուգումների, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս ունկնդիրների ծնողներին` հետևելու իրենց երեխաների պատրաստվածությանը:

 

Արշալույս Գալստյանն ասաց, որ նախապատրաստական դասընթացներն ավարտողները հաջողությամբ մասնակցում են պետական ավարտական և միասնական քննություններին, ստանում բարձր գնահատականներ. «Վերջին տարիներին ունկնդիրների ավելի քան 95 տոկոսն ընդունվել է ՀՀ տարբեր բուհերի առկա և հեռակա բաժիններ»:

 

Ի դեպ, դասընթացներ են կազմակերպվում նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Դրանց արդեն մասնակցել են դիմորդներ Սերբիայից, Սիրիայից, Իտալիայից, Իրանից, Վրաստանից , Չինաստանից և հաջողությամբ համալրել հայաստանյան բուհերի ուսանողների շարքերը:

 

Նախապատրաստական  դասընթացների բաժնի վարիչն ասաց, որ օտարերկրյա քաղաքացիները գրանցվելու համար պետք է ունենան նաև միջնակարգ կրթության վկայական, իսկ ՀՀ քաղաքացիները դասընթացներին մասնակցում են միջնակարգ կրթությանը զուգահեռ, նույնիսկ՝ երկրորդ կիսամյակից:

 

Տեղեկացնենք, որ 2019-2020 ուստարվա դասընթացները սկսվելու են հոկտեմբերի 1-ից և ավարտվելու են  մայիսի 31-ին: Յուրաքանչյուր առարկայի ուսման վարձը 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ է, որը վճարվելու է երկու կիսամյակում: Դասընթացներն անցկացվելու են ԵՊՀ 8-րդ մասնաշենքում: Օտարերկրյա քաղաքացիների համար դրանք կազմակերպվելու են առավոտյան, իսկ ՀՀ քաղաքացիների համար՝ ժամը 15:00-ից մինչև 18:00-ն:

 

2019-2020 ուստարվա ունկնդիրների գործերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 10:00-ից 17:00-ն: Դիմորդները պետք է ներկայացնեն 1 լուսանկար և ծննդյան վկայականի (անձնագրի) պատճենը:  

 

Դիմել` Աբովյան 52ա, 115 սենյակ (Հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենք, 1-ին հարկ), հեռ.՝ (060) 71 06 79, (096) 71 06 79:

 

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻԻՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ արևելագիտություն ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի են ունեցել ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր, պատմագիտության դոկտոր Կարեն Խանլարյանի «Հայաստանի աշխարհագրության սահմանումը ըստ իսլամական աղբյուրների» պարսկերեն մենագրության շնորհանդեսը և հեղինակի հետ հանդիպումը։
ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԵՊՀ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՄԻՋԻՆ ՈՐԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՄՈԳ) ՇԵՄԸ
ԵՊՀ-ում 2019-2020 ուսումնական տարվա համար միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը բակալավրիատում սահմանվել է 11.00-ն, իսկ մագիստրատուրայում՝ 15.00-ն: