«Վարդանանքի» նախաձեռնությամբ եւ ԵՊՀ ռեկտորի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին «Վարդանանք» ակումբի անդամները` ուսանող-ակումբականներ, համալսարանական զոհված ազատամարտիկների մայրեր, հարազատներ: Միջոցառումն ինչ-որ չափով դարձավ արդեն տասներկու տարի գործող ակումբի կատարած աշխատանքների փոքրիկ հանրագումարը: Նախ` ակումբականները նախարարին ներկայացրին ակումբը, նրա նպատակները, իրականացվող ծրագրերը:
Մինչ նախարարին խոսք տալը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «ԵՊՀ-ում ռազմահայրենասիրական դաստիարակության ավանդույթները զարգացնելու եւ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնելու գործում ունեցած ներդրման համար» պատվոգրեր տվեց «Վարդանանքի» ակտիվ անդամներին եւ ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանին: Նախարարը ողջունեց ակումբի գործունեությունն ու խոստացավ, որ այսուհետ «Վարդանանք»-ՀՀ պաշտպանության նախարարություն համագործակցությունը կդառնա անհամեմատ ավելի արդյունավետ, իսկ այդ գործընթացը կկազմակերպի եւ կվերահսկի անձամբ ինքը:
«Երբ վերլուծում եմ մեր անցած ճանապարհը, գալիս եմ այն համոզման, որ մեր ժողովուրդն ու մեր երկիրը խաղաղ պայմանները լիարժեք չենք օգտագործել գալիք վտանգներին եւ սպառնալիքներին նախապատրաստվելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը եւ նշեց, որ ՀՀ կառավարությունը եւ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում են անկախության տարիները լիարժեք օգտագործելու համար: Վերջում ներկաները նախարարին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան: Զրույցը շատ ջերմ ու բազմաբովանդակ ստացվեց: Հարցերն այնքան շատ էին, որ Արամ Սիմոնյանը ստիպված էր ընդհատել հարցուպատասխանը:
Սեյրան Օհանյանը խոստացավ, որ նման հանդիպումների առիթներ դեռ շատ կլինեն, համագործակցությունը դեռ նոր է սկսվում: Հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտորը համալսարանականների անունից նախարարին նվիրեց Նարգիզ Փաշայանի` «Գարուն» անունը կրող կտավն ու համալսարանական վերջին հրատարակության մի գիրք: Նվերներով էր եկել նաեւ նախարարը: Նախատոնական հանդիպման վերջում Սեյրան Օհանյանը ծաղիկներ եւ հուշանվերներ բաժանեց համալսարանական զոհված ազատամարտիկների զավակներին ու կին հարազատներին: