29.11.2017 | 
Հասարակություն
ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Դոկտորանտուրա» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը:

Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կազմակերպման հիմունքներն ուսումնասիրող «Դոկտորանտուրա» գրքի հեղինակներն են ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ, բան. գիտ. դոկտոր Սերգո Երիցյանը, տնտեսագիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանն ու Բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը:

 

Ասպիրանտների, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, բարձրագույն կրթության ու գիտության կառավարիչների համար նախատեսված աշխատությունը, ինչպես նաև դրա հեղինակներին ներկայացրեց «ՀՌԿԿ-Հայաստան» հիմնադրամի ղեկավար Հեղինե Մանասյանը:

 

«Նախաձեռնությունը, իսկապես, ողջունելի է, իսկ թեման՝ արդիական: Ոլորտը քիչ է ուսումնասիրված, ինչն էլ ավելի է արժևորում տվյալ աշխատությունը»,- նշեց Հեղինե Մանասյանը:

 

Գրքի հրատարակման նպատակն ու կառուցվածքային առանձնահատկությունները ներկայացրեց գրքի համահեղինակ Ատոմ Մխիթարյանը և շեշտեց, որ աշխատության մեջ ներկայացված են դոկտորանտուրայի կազմակերպման հիմունքներն ու դրանց զարգացման ուղղությունները՝ ելնելով Բոլոնիայի գործընթացի պահանջներից և բարձրագույն կրթության երրորդ աստիճանում իրականացվող ուսումնահետազոտական աշխատանքների առանձնահատկություններից:

 

«Ձեռնարկի նպատակն է սկսնակ դոկտորանտներին ուսուցանել, թե ինչպես ձեռք բերել ինքնակազմակերպման նոր մակարդակ, կանխարգելել դոկտորանտական կրթության ձախողման ռիսկերը՝ լինելով ստեղծարար և շահագրգիռ»,- ասաց Ատոմ Մխիթարյանը:

 

 

 

Գիրքը բաղկացած է 5 գլուխներից, որոնց մեջ արծարծվում են ոչ միայն տեսական ու գործնական գիտելիքներ, այլև պատմական անդրադարձ կա դոկտորանտուրայի արդի խնդիրներին, ծագմանն ու զարգացման փուլերին:

 

Հեղինակները վստահ են, որ ձեռնարկն իր գործուն աջակցությունը կունենա դոկտորանտուրայում ուսանողների կազմակերպչական վարքի բարելավման, ինչպես նաև նրանց արդյունավետ գիտահետազոտական, ուսումնառության գործընթացների ինքնակառավարման վրա, որը, ի վերջո, շրջանավարտներին տեղին և ժամանակին կուղղորդի ցանկալի ու մրցունակ գիտակրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը: 

Այլ նորություններ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉՈՐԱԹԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԵՊՀ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գաղտնիք չէ, որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ հայրենիքի պաշտպանության գործում կատարում են նույն դերը, ինչ սահմանին կանգնած զինվորը: Այնտեղ ապրող մարդն իր գոյությամբ ու կենսակերպով սահմանը դարձնում է կենսունակ ու շնչող:
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ  ՖՐԱՆԿՈՖՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԵՑ ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Այսօր Մայր բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: