24.10.2014 | 
Հասարակություն
ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒՏ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒՏ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
ԵՊՀ-ում մեկնարկել է թմրամիջոցներին և դրանց ապօրինի շրջանառությանը նվիրված սեմինարների շարք:

Կազմակերպիչը Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն է, իսկ առաջարկությունը ներկայացրել են ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը և ԵՊՀ ռեկտորատը: Սեմինարները վարելու է Օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը:

 

Առաջին սեմինարին, որն անցկացվեց այսօր, հիմնականում մասնակցում էին Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ուսանողները:

 

«Երբ ես Ոստիկանությունում աշխատում էի, հասկացա, որ իրենք շատ հաճախ են մասնագետների օգնության կարիքը զգում, բայց նրանք քիչ են լինում: Ուզում եմ՝ մեր ուսանողները հասկանան, որ կյանքի ցանկացած բնագավառում իրենց պետք կգա մի քիչ ավելի շատ քիմիա իմանալը: Քիմիան այն գիտությունն է, որը գտնվում է կրիմինալի և ոչ կրիմինալի սահմանին, և պետք է կարողանալ այդ սահմանը տարբերել»,- սեմինարի կարևորությունն այսպես է բացատրում պարոն Մելիքյանը:

 

Ամիսը մեկ կամ երկու անգամ անցկացվելիք սեմինարների ընթացքում թմրամիջոցների և դրանց ազդեցությունների մասին ինֆորմացիա կտրամադրվի զուտ գիտական տեսանկյունից: Ուսանողները քննարկում են կոնկրետ նյութերի քիմիական կառուցվածքը, մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունն ու հետևանքները և այլն: Պարոն Մելիքյանը չի բացառում, որ նրանց մեջ կլինեն այնպիսիք, ովքեր հետագայում կաշխատեն որպես փորձագետներ:

 

Կազմակերպիչների հավաստմամբ՝ հաջորդ սեմինարներում ընդգրկվելու են նաև Կենսաբանության, Փիլիսոփայության և հոգեբանության, Սոցիոլոգիայի ֆակուլտետների, ինչպես նաև Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներ: Եվ որպեսզի այն չվերածվի պարզապես դասախոսությունների շարքի, ուսանողները ևս պետք է ուսումնասիրեն կոնկրետ թեմաներ ու դրանք վերածեն քննարկման:

 

«Թեման մեզ էլ շատ հետաքրքրեց, բայց հասկացանք, որ միայն մեկ սեմինարը բավական չէ: Կարծում եմ՝ կարևոր չէ, թե քիմիկոսն ինչ նեղ մասնագիտացում ունի. սա այն ոլորտն է, որից պետք է տեղյակ լինեն: Դրա համար էլ ընտրել ենք այնպիսի մասնագետ, ով դրանց մասին կխոսի քիմիայի համատեքստում և կմատնանշի դրանց բացասականությունը»,- ասում է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սևակ Գրիգորյանը:

 

Պարոն Մելիքյանի խոսքերով՝ Հայաստանում թմրանյութերի օգտագործումն ավելի շատ տարածված է մինչև 30 տարեկան անձանց շրջանում, սակայն այլ երկրների համեմատությամբ՝ ընդհանուր վիճակը շատ ծանր չէ. «Ես կարծում եմ՝ այդ հարցում շատ մեծ է հայկական պահպանողական ընտանիքի դերը: Հայ ընտանիքներում երեխաներին ավելի շատ են հետևում և զերծ պահում բացասական ազդեցություններից»:

Այլ նորություններ
ՀՆԴԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Կիշան դան Դեվալին, որի հետ քննարկել է համագործակցության ոլորտները և ուղիները:
ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՊՀ ՀՈՒՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որի հետ քննարկել է ԵՊՀ-ում հունարենի ուսուցման արդյունավետությանն ուղղված աշխատանքներ: