11.05.2012 | 
Ուսանողական
ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Քաղաքացին իրեն հասցված վնասի համար «Հայջրմուղ» ՓԲԸ-ից պահանջում է բռնագանձել 1 մլն 560 հազար դրամ:

Իրականում, սակայն, այդ ամենի հեղինակները ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն են, ովքեր հենց այդ խնդիրն էին ընտրել որպես դատախաղի թեմա: Չնայած ֆակուլտետում դատախաղի ավանդույթը դրվել է շատ վաղուց, սակայն քաղաքացիական դատավարության իրավունքից կազմակերպվում է առաջին անգամ (նախկինում եղել է միայն քրեական դատավարության իրավունքից):

 

Երեկ եղել է նախնական դատական նիստը, որի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրել է իր պահանջը, եւ կատարվել են նախապատրաստական աշխատանքները: «Հայջրմուղ»-ը վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացու ավտոտնակին վնաս է պատճառել: Հայցվորն էլ պահանջում է նյութական վնասի փոխհատուցում:

 

Վեճի բուն էությունն այն է, որ ավտոտնակը կառուցված է եղել մայրուղային ջրագծերի վրա, ինչը Հողային օրենսգրքով արգելված է: Սակայն քաղաքապետարանն օրինականացրել է ավտոտնակը` որպես ինքնակամ կառույց: Անշարժ գույքի պետական կադաստրն էլ դրա հիման վրա սեփականության վկայական է տվել: Դատական վեճի կողմերը քաղաքացին ու «Հայջրմուղ» ընկերությունն են, սակայն վիճարկվում է նաեւ քաղաքապետարանի որոշումը: Կողմերը ներկայացնում են Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի 2 հոսքերը:

 

«Երկու կողմերի դիրքերն էլ բավականին ուժեղ են, իսկ թե դատն ով կշահի, կախված է իրենց կողմից իրականացված տակտիկական հնարքներից: Եթե հայցվոր կողմը գտնի դատախաղի մեխը, ինքը կհաղթի, եթե պատասխանող կողմը կարողանա ներկայացնել իր ապացույցները` հիմնավորելով, որ ըստ էության վնաս չի պատճառել, կհաղթի ինքը: Հնարավոր է նաեւ հաշտություն կնքելու տարբերակը»,- ասում է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տիգրան Նաղդալյանը:

 

Ուսանողների մի մասը` որպես դատական վեճի կողմ, հանդես էր գալիս առաջին անգամ, սակայն ՈՒԳԸ-ն կազմակերպել է մի քանի այցեր դատարաններ, որտեղ նրանք ներկա են գտնվել իրական դատավարության եւ այդ գործընթացին ծանոթ են: Նշենք, որ մայիսի վերջին էլ կազմակերպվելու է միջբուհական դատախաղ: Մի կողմը կներկայացնեն ԵՊՀ-ի, մյուս կողմը` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները:

 

Այդ դատախաղը եւս կլինի քաղաքացիական դատավարության իրավունքից: Ի վերջո, նիստի ավարտին կողմերը հաշտության համաձայնություն կնքեցին, ինչը նշանակում է, որ «Հայջրմուղը» քաղաքացու պահանջած գումարը կփոխհատուցի մասնակիորեն:

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ». ԳԱՅԱՆԵ ԼԱԼԱՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գայանե Լալայանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով հաղթողներից է: Գայանեի հետ զրույցի առանցքում ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու և վերապատրաստման միջազգային դասընթացների մասնակցելու կարևորությունն է:
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Նարե Շալունցը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղի մրցանակակիր է: Նարեի հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու կարևորության և այլ թեմաների շուրջ: