16.03.2009 | 
Ուսանողական, Կրթություն
ԱՄԲԻՈՆԻ ՄՈՏ ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐՆ ԷԻՆ
ԱՄԲԻՈՆԻ ՄՈՏ ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐՆ ԷԻՆ
Մարտի 14-15-ը Ծաղկաձորում անցկացվեց գիտաժողով` նվիրված ԵՊՀ հիմնադրման 90 եւ Տնտեսագիտության ֆակուլտետի վերաբացման 25-ամյակներին:

Երկօրյա գիտական կոնֆերանսը կազմակերպել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Այն դեռեւս նոյեմբերին ֆակուլտետում կազմակերպված գիտաժողովի երկրորդ փուլն էր: Բոլոր 18 մասնակիցներն էլ իրենց զեկուցումները կարդացել էին գիտաժողովի առաջին փուլում: Ժյուրիի անդամները բոլոր զեկույցների վերաբերյալ ներկայացրել էին իրենց կարծիքն ու դիտողությունները: Կոնֆերանսի երկրորդ փուլում զեկուցողները ներկայացրին իրենց աշխատանքների` արդեն իսկ համալրած ու բարեփոխած տարբերակները:

 

 

«Զեկուցողների որոկական աճը պարզապես ակնհայտ էր: Նրանք բոլորն էլ ներկայացրել էին անհամեմատ ավելի ամբողջական աշխատանքներ: Ես ուրախ եմ, քանի որ, ըստ իս, նման հետեւողական աշխատանքը նախ եւ առաջ ցույց է տալիս գիտաժողովի նկատմամբ մասնակիցների լուրջ վերաբերմունքն ու գիտական աճի հնարավորությունը»,- ասաց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Գուրգեն Գասպարյանը: Ֆակուլտետի վեց ամբիոնների ներկայացուցիչներից կազմված ժյուրիի յուրաքանչյուր անդամ զեկուցումները գնահատում էր ըստ չորս հիմնական չափորոշիչների` զեկույցի նորույթը, որակը, ներկայացնելու ձեւը եւ կիրառելիությունը: Չափանիշներից յուրաքանչյուրի համար մասնակիցները կարող էին ստանալ մինչեւ 10 միավոր:

 

Արդյունքում ստացված միջին միավորներով էլ որոշվեցին գիտաժողովի երեք մրցանակակիրները: Առաջին մրցանակին արժանացավ ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Արթուր Մակարյանը: Երկրորդ տեղում Տիգրան Աբովյանն էր (4-րդ կուրս), իսկ երրորդում` Լիլիթ Պոպոյանը (մագ. 1-ին կուրս): Հաղթողները ստացան պատվոգրեր եւ մրցանակներ գիտաժողովի հովանավոր ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից: Ունկնդիրները հնարավորություն ունեին ընտրելու իրենց հաղթողին:

 

Գիտաժողովի հանդիսատեսի եւ ժյուրիի կարծիքները, սակայն, համընկան, ուստի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը ստացավ որ թե առաջին, այլ երկրորդ տեղում հայտնված մասնակիցը` Արթուր Եղիազարյանը: «Որպես կանոն` ուսանողները ՈւԳԸ աշխատանքներին ներգրավվում են 3-րդ կուրսից հետո: Այս գիտաժողովին մասնակցում էին չորս երկրորդ կուրսեցիներ, եւ նրանց համարձակությունը չգնահատել պարզապես չէինք կարող»,- ասաց ԵՊՀ ՈւԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանը:

 

Ժյուրիի խրախուսական մրցանակը ստացավ կրտսեր մասնակիցներից ամենաշատ միավոր հավաքած Աստղիկ Գալոյանը: Մարտի 14-ի երեկոյան կազմակերպիչներն անցկացրին կլոր սեղան-քննարկում` «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ-ի վրա» թեմայով: Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումները ե´ւ կազմակերպիչներին, ե´ւ ժյուրիի անդամներին շատ են դուր եկել, ուստի որոշվել է դրանք անպայման տպագրել:

Այլ նորություններ
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ‹‹ԿԱՌԱՎԱՐՈՒՄ›› ԵՎ ‹‹ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ›› ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Մարքեթինգ» առարկայի շրջանակում տեղի է ունեցել վարպետության դաս, որը կրել է «Թվային մարքեթինգի գործիքների կիրառումը բիզնեսի առաջխաղացման համար» խորագիրը։
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆ ՔՐԻՍԹԵԼ ԿՈԼՈՄԲԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի է ունեցել «Մեծահասակների նյարդահոգեբանական գնահատում. նպատակը, մեթոդները և գործիքները» թեմայով դասախոսություն: