11.03.2014 | 
Քաղաքականություն
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ
Իտալական «AlmaLaurea» համալսարանների կոնսորցիումը Բոլոնիայում կազմակերպել էր «Ձեռներեցություն և նորարարություն. շրջանավարտների դերակատարությունը» խորագրով կոնֆերանս:

Մարտի 10-ին Բոլոնիայի համալսարանում կազմակերպված կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին Իտալիայի բուհերի շրջանավարտների շրջանում իրականացված աշխատանքային պայմանների խնդիրներին նվիրված 16-րդ ուսումնասիրության արդյունքները: Զեկույցներով հանդես եկող բանախոսները նշեցին, որ շրջանավարտների գործազրկության տոկոսը նվազել է և ներկայումս կազմում է 10-20% (ավարտած կրթական ծրագրից կախված):

 

Ընդգծվեց, որ ներկա իրավիճակում շրջանավարտների՝ աշխատանք գտնելու հնարավորությունը հիմնականում կախված է նրա գիտելիքներից ու ձեռք բերած հմտություններից և որոշ չափով պայմանավորված է նաև երկրի տնտեսական վիճակով: Կոնֆերանսի ընթացքում մանրամասն դիտարկվեց ձեռներեցության և նորարարության խնդիրը: Բանախոսներից շատերն այս հարցում կարևորում էին համալսարանների դերակատարությունը:

 

Կոնֆերանսին ԵՊՀ-ն ներկայացնում էր Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Մասնակցում էին նաև ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գյումրու մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը և «HEN-GEAR» ծրագրի մասնակից ՀՀ բուհերի այլ ներկայացուցիչներ:

 

«AlamLaurea» համալսարանների կոնսորցիումը ստեղծվել է շուրջ 20 տարի առաջ և ներկայումս միավորում է Իտալիայի 64 համալսարաններ: «AlmaLaurea»-ի տվյալների բազայում այժմ գրանցված է շուրջ 2 մլն շրջանավարտ: Կոնսորցիումը համագործակցում է Երևանի պետական համալսարանի և ՀՀ մի շարք այլ համալսարանների հետ Եվրոպական միության «HEN-GEAR» «Տեմպուս» ծրագրի շրջանակներում:

 

«HEN-GEAR» ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել շրջանավարտների տվյալների միասնական շտեմարան, ձևավորել գործատուների հետ համագործակցության համապատասխան հարթակ և աջակցել բուհերի շրջանավարտների մուտքին աշխատաշուկա: Ծրագրում ներգրավված  են նաև Ագրարային համալսարանը, ՀՊՃՀ-ն (Պոլիտեխնիկ), ՀՊՏՀ-ն, ԵՊՃՇՀ-ն, Գավառի պետական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը:

 

Կոնֆերանսում ծավալուն զեկույցով հանդես եկավ «AlmaLaurea»-ի տնօրեն Ա. Կամելին, մասնակիցներին ողջունեց Բոլոնիայի համալսարանի ռեկտորը:  Հետազոտությունների և բուհական համակարգի զարգացման խնդիրների մասին խոսեց Իտալիայի շրջակա միջավայրի նախարար Գ. Գալետին: «Նոր իրավիճակը, որը գալիս է ճգնաժամից հետո, կարող է բնութագրվել որպես մրցակցություն հետազոտություններում և կրթությունում»,- նշեց նա:

 

«AlmaLaurea»-ն համագործակցում է ոչ միայն Հայաստանի, այլև Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մոնտենեգրոյի, Մարոկոյի, Թունիսի, Խորվաթիայի և այլ երկրների համալսարանների հետ: Կոնֆերանսին մասնակցում էին նաև գործընկեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները: Իտալիայում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, ով Իտալիայի Տրիեստեի համալսարանի շրջանավարտ է, կարևորեց «AlmaLaurea»-ի փորձի կիրառումն ու համագործակցությունը հայաստանյան բուհերի հետ:

 

Կոնֆերանսի ավարտին ամփոփիչ ելույթով հանդես եկավ Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդին: Նա շեշտադրեց նորարարություններին և տեխնոլոգիական զարգացման մարտահրավերներին արձագանքելու խնդիրը և մասնավորապես նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մի կողմից ավելացնում, իսկ մյուս կողմից կրճատում են աշխատատեղերը, և հաճախ տուժում է աշխատաշուկայի միջին սեգմենտը:

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՉԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Քննարկման հրավիրյալ բանախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, տնտ. գիտ. թեկն., դոցենտ Կառլեն Խաչատրյանը և իրավ. գիտ. թեկն. Լևոն Գևորգյանը: