27.11.2018 | 
Հասարակություն
«Ի՞ՆՉ ԱՆԵԼ»․ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՊ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋԵՎ
«Ի՞ՆՉ ԱՆԵԼ»․ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՊ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋԵՎ
Նոյեմբերի 23-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, ներգրավելով Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերի ներկայացուցիչներին, Արդյունաբերողների և գործարարների միության հետ կազմակերպել էր խորհրդաժողով, որը նվիրված էր Հայաստանի տնտեսության զարգացման հիմնախնդիրներին: Խորհրդաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Գիտաժողովի սկզբում ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ գիտապրակտիկ գիտաժողովի կազմակերպման գաղափարը ծնվել էր մի քանի ամիս առաջ։ Նրա խոսքով, հայ տնտեսագիտական մտքի ներկայացուցիչներն ամիսներ առաջ սկսեցին մտածել և գրել ՀՀ տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրների և ռազմավարական ուղղությունների մասին, ինչի արդյունքում այսօր ունենք «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» գիտագործնական զեկույցների ժողովածու։

Նշենք, որ «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» գրքում տեղ գտած զեկուցումների ճնշող մեծամասնության հեղինակները համալսարանականներ են։

Գիտաժողովի թեմատիկայի, նպատակի և առաջիկա անելիքների մասին ysu.am-ն այսօր զրուցել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հայկ Սարգսյանի ու Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ։

- Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս հղացավ նմանօրինակ ձեռնարկ ստեղծելու գաղափարը։

- Կայուն, բարեշրջված սոցիալ-տնտեսական զարգացումների առումով մենք շուրջ 3 տասնամյակ լավ օրի չենք եղել։ Իրավիճակն այսպես բնութագրելու համար բոլոր հիմքերը կան՝ ահագնացող արտագաղթ, կենսամակարդակի անկում, ունեզրկություն, վստահության կորուստ կառավարության ու վաղվա օրվա նկատմամբ. մի խոսքով ստեղծվել էր գաղջ մթնոլորտ։ Այս ամենի մասին եղել են բազմաթիվ վերլուծություններ, բայց դրանց կողքին անհամեմատ քիչ էին ապագային միտված զեկուցումներն ու վերջապես ի՞նչ անել հարցին պատասխանող հրապարակումները։ Մեր ու Արդյունաբերողների և գործարարների միության նպատակն էր ունենալ մի ձեռնարկ, որը պետք է ապագային միտված որոշակի խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտեր՝ նախանշելով այսօրվա ելակետային դիրքերն ու ուղղությունները։ Մենք համոզված ենք, որ այն խիստ պահանջված է լինելու։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք կանխատեսել զարգացման համար կառուցվածքային հիմնական տեղաշարժերի ուղղությունները երկրում, չհետաձգենք խորը բարեփոխումները։

- Ո՞րն էր խորհրդաժողովի առաջին թեման։

- Այն սկսվեց «Իշխանության գերխնդիրը սահմանադրականության մակարդակի բարձրացումն է» հավակնոտ վերնագիրը կրող զեկուցմամբ, որը, ըստ էության, դարձավ այն հիմնասյունը, որի առանցքի շուրջ, կարծում ենք, պետք է հետագայում ձևավորվի ՀՀ կառավարության զարգացման տեսլականը: Անցած տարիների ընթացքում մենք ասում էինք, որ բիզնես ծավալելու համար մարդը պետք է ունենա լավ հովանի՝ «կռիշա»։ Իսկ հիմա՝ նոր կառավարության ժամանակ, այդ հովանին պետք է լինի սահմանադրականության բարձր մակարդակը։

Երբ մենք տարանջատում ենք այն վարկանիշային գործոնները, որոնք կարող են մեզ դուրս բերել գարգացման նոր ուղեգիծ, տեսնում ենք, որ այստեղ ամենակարևոր դերակատարումն ունեն ժողովրդավարությունն ու ինստիտուցիոնալ զարգացումը։ Եթե մենք այսօր որոշակի ձեռքբերումներ ունենք ժողովրդավարության առումով, ապա ինստիտուցիոնալ առմամբ դեռևս կաղում ենք։

- Ինչպե՞ս արձագանքեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն այս գիտաժողովին։

- Պետք է ասեմ, որ այս ձեռնարկին երկրի բարձրագույն ղեկավարությանը՝ ի դեմս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի մասնակից դարձնելը նպատակային էր։ Մեզ համար ոգևորող էր այն, որ անդրադառնալով արծարծված հարցերին և ամփոփելով խորհրդաժողովի առաջին մասում ծավալված քննարկումները՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջին 5 զեկուցումներում շարադրված են իրենց քայլերի տրամաբանությունը և առաջնահերթությունը, թե ինչ են իրենք այս ընթացքում անում, ինչ են փորձում անել և ինչ են փորձելու ավելի լավ անել։

- Կարել է ասել, որ «Ի՞նչ անել»-ը գիտագործնական ձեռնարկ է ՀՀ կառավարության համար։

- Տեսնենք: ԽՍՀՄ-ում կային տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք սպասարկում էին ամենատարբեր ոլորտները՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն և այլն։ Նրանք ամենատարբեր խնդիրների համար լուծումներ էին ներկայացնում երկրի բարձրագույն իշխանությանը։ Ցավոք, մենք գիտական սպասարկման առաջնահերթությունը մինչ այս ստվերել ենք, երկրորդ պլան ենք մղել։ Իսկ հիմա գրքում առկա զեկուցումներում մենք անդրադարձել ենք այն առաջնային հիմնահարցերին, որոնցով պետք է զբաղվի իշխանությունը բարձր տնտեսական աճ գրանցելու համար։ Կարծում եմ, որ «ի՞նչ անել» հարցը պետք է լինի մշտապես արդիական և շարունակական։ Սա տրամաբանական այն հարցադրումն է, որը պետք է ընկած լինի երկրի տնտեսական զարգացման հիմքում։

- Նմանօրինակ խորհրդաժողովները ՀՀ ղեկավարության տարբեր մարմինների մասնակցությամբ կարո՞ղ են կրել պարբերական բնույթ։

- Գիտագործնական խորհրդաժողովը նոր իշխանությունների հետ կապ հաստատելու առաջին քայլն էր։ Մենք ունենք պայմանավորվածություն հետագայում այն պարբերական դարձնելու առումով, և եթե մեր գործերն ըստ պլանի ընթանան, ապա տարբեր հարցերի շուրջ տարեկան մի քանի հանդիպումներ կունենանք։

Բացի դրանից՝ մենք խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում ենք երկարաժամկետ զարգացման ծրագրի հիմնադրույթների մշակմամբ զբաղվել, որի վերաբերյալ արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել:



- Պարո՛ն Խաչատրյան, կարելի՞ է ասել, որ այս գիտաժողովը միտված էր նաև վերահաստատելու գիտություն-կառավարություն փոխշահավետ կապը։

- Մենք բազմիցս խոսել ենք գիտություն-տնտեսություն-կառավարություն կապի մասին։ Ֆակուլտետն արդյունավետ համագործակցում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ՝ պարբերաբար իրականացնելով կլոր սեղան-հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են բիզնես միջավայրին հուզող գործնական խնդիրները։ Դրանք բերվում են տնտեսական-ակադեմիական դաշտ, որտեղ մենք մեր վերլուծություններով փորձում ենք նպաստել տնտեսության առաջխաղացմանը։ Այսպիսով՝ հերթական հանդիպման ժամանակ միտք հղացավ, որ նոր կառավարությունը գիտական սպասարկման կամ գոնե տնտեսագետների կարծիքը լսելու կարիք ունի։ Որոշվեց, որ «Ի՞նչ անել․ Հայաստանի տնտեսության արդի հիմնախնդիրները և ռազմական ուղղությունները» գիտագործնական խորհրդաժողովին պետք է հրավիրել նաև վարչապետի պաշտոնակատարին, որը, ի ուրախություն մեզ, ընդունեց հրավերը, և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար ու տնտեսական հարցերով իր խորհրդականի հետ մասնակցեց խորհրդաժողովի առաջին հատվածին։

-Նմանատիպ հանդիպումները կարո՞ղ են շարունակական բնույթ կրել։

- Կառավարության կողմից նմանատիպ հանդիպումները շարունակական դարձնելու ցանկություն ունեն։ Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց հաջորդ անգամ հանդիպել ոչ աշխատանքային օր, որպեսզի կարողանա ավելի երկար ժամանակ հատկացնել քննարկումներին և ինտենսիվ մասնակցել մտքերի փոխանակմանը։ Եթե մենք կարողանանք ապահովել «ի՞նչ անել» ձևաչափի շարունակականությունը, ընտրել տվյալ ժամանակահատվածում կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող խնդիրները, ապա մեր գիտնականների կողմից արված հետազոտությունները գործնական նշանակություն կունենան։

- Նպատակայի՞ն էր արդյոք նմանաբնույթ թեմատիկա կրող գրքի շնորհանդեսն այն ժամանակ, երբ հրապարակվեց վերջին տարիներին ՀՀ տնտեսական աճի սանդղակը, որը, մեղմ ասած, հուսադրող չէր։

-Ո՛չ, սա պատահականություն էր։ Գրքի մասին մենք սկսել ենք մտածել դեռևս սեպտեմբերից։ Աշնան առաջին ամիսներին մենք զբաղվում էինք տնտեսական զարգացմանը խոչընդոտող տարբեր հիմնախնդիրների բացահայտումներով և վերլուծություններով։ Դրանից հետո որոշվեց մինչ խորհրդաժողովն ունենալ զեկուցումների ժողովածու, որը դարձավ գիտագործնական խորհրդաժողովի առանցքը։

- Որքանո՞վ է հավանական, որ ապագայում գիտական ոլորտը ՀՀ կառավարության համար կդառնա նաև սպասարկող ինստիտուտ։

- Առհասարակ, գիտական սպասարկումը ֆինանսական ռեսուրսներ է պահանջում։ Այս պահին նման կառույց ստեղծելու մասին խոսելը վաղ է, քանի որ նմանատիպ հանդիպումների միջոցով կառավարությունը պետք է համոզվի, որ այդ ֆինանսական միջոցների ծախսն արդյունավետ կլինի։ Կարծում եմ՝ գոնե մեկ տարվա ընթացքում մենք՝ որպես ակադեմիական դաշտի ներկայացուցիչներ, կարող ենք ապացուցել, որ մեր կատարած հետազոտություններն ու վերլուծությունները կիրառական կլինեն: Կարելի է խոսել ավելի սերտ համագործակցության մասին այն ժամանակ, երբ կառավարությունը որդեգրի դրանք ու որոշակի արդյունքներ ստանա։

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով 2019 թ. ապրիլի 18-19-ին տեղի է ունենալու «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» խորագրով երիտասարդական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսերի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները մասնակցել են մարտի 13-15-ը Երևանում տեղի ունեցած «English-Speaking Union» միջազգային կազմակերպության ամենամյա հրապարակախոսական մրցույթին (Հայաստանի մասնաճյուղն է «Shakespeare Club English-Speaking Association»):