24.05.2018 | 
Գիտություն
«ՄԵԾ Է ԵՂԵԼ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
«ՄԵԾ Է ԵՂԵԼ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
Այսօր Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչությունը ԵՊՀ-ում կազմակերպել էր «Հայ կանանց դերը զարթոնքից հանրապետություն» խորագրով Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված խորհրդաժողով:

Միջոցառմանը ներկա էին Հայ օգնության միության վարչության տարբեր երկրներից ժամանած անդամներ, Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

 

Միջոցառման մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի Քարոլին Շմավոնյանը:

 

Նա նշեց, որ այս խորհրդաժողովի նպատակն է քննարկել և արժևորել հայ կանանց համապարփակ դերն ազգային վերազարթոնքի շրջանից մինչև 21-րդ դարի սկիզբը: «Հայ կինը միշտ էլ կարևոր դեր է ունեցել մեր ազգի զարգացման երկար ճանապարհին, իր անսասան հավատով ու կենսունակությամբ»,- հավելեց նա:

 

Համաժողովին զեկուցումներով հադես եկան ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Թերեզա Երեմյանը, Հայաստանի ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանը: Բանախոսներն իրենց զեկույցներում անդրադարձան Առաջին Հանրապետության օրերին կնոջ դերի կարևորությանը, ինչպես նաև ներկայացրին հայ կանանց դերն արդի քաղաքականության մեջ:

 

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Հայ օգնության միությունն այն կազմակերպություններից մեկն էր, որը ժամանակին ուրվագծեց համահայկական կառույցների ստեղծման գաղափարը, որն էլ իր համեստ, բայց շատ կարևոր նպաստը բերեց 1918 թվականին հայոց պետականության վերականգնման գործում:

 

«Ես շատ կարևորում եմ 20-րդ դարի սկզբին համահայկական կառույցների ստեղծումը, որոնք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և հայոց պետականության վերականգնման գործում ունեցան վճռորոշ դեր: Այս մասին շատ քիչ է խոսվել, սակայն իրականությունն այն է, որ ՀՕՄ-ը և համահայկական այլ կառույցներն ուրվագծել են հայոց պետականության ստեղծման գաղափարը, դրանով իսկ մեկ անգամ ապացուցելով այն թյուր տեսակետը՝ թե իբրև հայոց պետականությունը ստեղծվել է «պարապ հողի» վրա: Հայոց պետականությունը ստեղծվել է գաղափարական, նախապատրաստական և կազմակերպչական լուրջ աշխատանքի արդյունքում»,- հավելեց բանախոսը:

 

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին հայ կանանց դերակատարմանը, հատկապես Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ կանաց հերոսական գործունեությանը:

 

«Հայ կինը իսկապես մեծ դերակատարում է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետության կայացման գործում, ոչ միայն կռիվներին իր անմիջական մասնակցությամբ, այլև զենք ու զինամթերք մատակարարելու, թիկունքից անհրաժեշտ բժշկական օգնություն ապահովելու, հիվանդախնամության, որբահավաքության հարցերում: Մեծ է եղել հայ կանանց դերը հայոց պետականաշինության մեջ: Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին չորս հայ կանայք ընտրվել էին խորհրդարանի անդամ: Հայ կանայք մեծ դերակատարում ունեցան կրթական, սոցիալական, խնամակալության և դիվանագիտական աշխատանքներում, որոնք էլ նպաստեց հայոց առաջին պետականության կայացմանը»,- ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը:

 

Հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանն իր ելույթում նշեց, որ ի վերջո մեր երկիր զարգացման, անվտանգության, սոցիալական արդարության և համերաշխության շահն է պահանջում օգտագործել կանանց ներուժը:

 

«Արդարությունը, բարեկեցությունը, անկախությունը, ազգային ուժեղ պետությունը հայ ժողովրդի մշտական օրակարգերն են  և կլինեն: Այս օրակարգերն անկատար և խոցելի կմնան քանի դեռ չի ապահովվել հայ կնոջ ամբողջական, համակողմանի մասնակցությունն ու նվիրումն այդ գործընթացներին: Ընդհանրական համոզում պետք է լինի այն ճշմարտությունը, որ պետական կառավարման բոլոր մակարդակներում կանանց հավասարակշռված ներկայացվածությունը բխում է պետության արդիականացման շահերից»,- փաստեց Լիլիթ Գալստյանը:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 14-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
Սոցիոլոգիայի ֆակուլտետում ամփոփվեց երեկ տեղի ունեցած ամենամյա երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕՏԱՐՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ. ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԸ
Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում պատմական քարտեզագիր, ազգային գործիչ Ռուբեն Գալչյանը ներկայացրեց «Հայաստանն օտարների քարտեզներում» թեմայով դասախոսություն: