14.10.2021 | 
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԻՆՉՊԵՍ  ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր իրականացվել է «Սովորիր արտերկրում» խորագրով ծրագիր, որի ընթացքում ուսանողներին տեղեկություն է տրամադրվել արտերկրում ուսումը շարունակելու համար առկա կրթաթոշակային ծրագրերի և իրավունքի ոլորտում մասնագիտացված կրթական հաստատությունների մասին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ֆակուլտետի ուսանողներն ամենայն մանրամասնությամբ ներկայացրին ուսումն արտերկրում շարունակելու 7 կրթաթոշակային ծրագիր և անդրադարձան դրանց դիմելու ընթացակարգին ու ընձեռած հնարավորություններին:

 

Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Անի Ղիմոյանը նշեց, որ ծրագրի իրականացման հիմնական նպատակն է ուսանողներին ծանոթացնել այն բոլոր հնարավորություններին, որոնք կարող են տրվել ԵՊՀ-ում ուսումն ավարտելուց հետո:

«Միջոցառման ընթացքում ներկայացվել են այն բոլոր ծրագրերը, որոնք Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում սովորած ուսանողներին հնարավորություն են տալիս անվճար հիմունքով ուսումը շարունակելու արտասահմանյան լավագույն բուհերում»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Նա հավելեց, որ ծրագրի մյուս կարևոր նպատակն է մոտիվացնել ուսանողներին և ներկայացնել ՀՀ աշխատաշուկայի առավելությունները, որոնք հասանելի կլինեն ուսումն ավարտելուց հետո:

Ծրագրի երկրորդ հատվածում ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Տաթևիկ Դավթյանը սեփական փորձով ներկայացրեց, թե ինչպես պետք է ճիշտ կազմակերպել կրթությունն արտասահմանում, մասնավորապես՝ ինչ սկզբունքով պետք է բուհ ընտրել, ինչպիսի ճանապարհ պետք է անցնել, և ինչ առանձնահատկություններ ունի կրթությունն արտերկրում:

 

«Արտասահմանյան լավագույն բուհերի ցանկն ուսումնասիրելիս այնպիսի բուհ պետք է ընտրել, որ այն համապատասխանի Ձեր էությանը, քանի որ վերջինս դառնում է անձի ինքնության մի մասը»,- ասաց ԵՊՀ դոցենտը:

 

Հանդիպման վերջում մասնակիցներն արտասահմանում սովորելու հնարավոր մարտահրավերների վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղեցին Տաթևիկ Դավթյանին և ստացան սպառիչ պատասխաններ: