30.11.2009 | 
Ուսանողական, Կրթություն
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
«Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում» թեմայով ձմեռային դպրոցը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը:

Սա արդեն երրորդ նմանատիպ դպրոցն է: Նախորդ երկուսը թեեւ ամառային էին, բայց բնույթով նույնն էին: Դպրոցին մասնակցում են հայաստանյան պետական եւ ոչ պետական բուհերի 31 ներկայացուցիչներ: Մասնակիցներին դասավանդելու համար Մեծ Բրիտանիայից հրավիրվել են պրոֆեսոր Էնդի Գիբսը (Նապիեր համալսարան, Էդինբուրգ) եւ պրոֆեսոր Թերենս Քլիֆորդ-Ամոսը (Քրայստ Չերչ համալսարան, Քանթըրբրի):

 

Բեղմնավոր աշխատանք մաղթելով դպրոցի մասնակիցներին` ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը կարեւորեց այս տարվա դպրոցի թեմատիկան. «Ուսումնական ծրագրեր կազմելու մեթոդաբանությունը , եվրոպական «թյունինգը» նորություններ են, որոնք մի քանի տարի է, ինչ հաջողությամբ կիրառվում են եվրոպական կրթական համակարգերում»:

 

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» տնօրեն Ռուբեն Թոփչյանի կարծիքով` այսօր կրթությունը մեր երկրում մեծ պահանջարկ ունի. «Այսօրվա ուսանողները սովորում են մեկ համալսարանում, ավարտում մեկ ուրիշում, այսինքն` սովորում են ամբողջ կյանքում: Այսօր մեր համալսարանները չեն կարող աշխատել առանձին` իրենց ստանդարտներով: Նրանք պետք է իրենց ստանդարտները համահունչ դարձնեն եվրոպական չափանիշներին:

 

Այդ տեսակետից այսօրվա ձմեռային դպրոցը կօգնի ծրագրեր կազմելու գործում»: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի Բարձրագույն կրթության աջակցության ծրագրի շրջանակում իրականացվող դպրոցը նախատեսված է բուհերի վարչական աշխատողների համար: Միջոցառումը կազմակերպել է «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն» ՀԿ-ն` ԵՊՀ-ի հետ համատեղ: Դասընթացի հիմնական թեմաներից են` եվրոպական չափայնության խթանումը որպես Բոլոնիայի գործընթացի ուղղություն, համադրելի ծրագրեր կազմելու մեթոդաբանությունը, Եվրոպական «թյունինգ» նախագիծը եւ այլն: Եվրոպական «թյունինգ» նախագծի մասին զեկույց էր պատրաստել ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանը:

 

Բանախոսը հույս հայտնեց, որ դպրոցի ավարտից հետո մեր բուհերը հնարավորություն կունենան «թյունինգ» անել (կարգաբերել) իրենց կրթական ծրագրերը` դրանք համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հայաստանյան մասնաճյուղի Բարձրագույն կրթության աջակցության ծրագրի համակարգող Աննա Գեւորգյանն էլ խոստացավ. «Հիմնադրամը կփորձի աջակցել այն բուհերին, որոնք չափանիշներն ընդունելուց հետո կփորձեն կիրառել այդ մեխանիզմները»: Աջակցության համար հիմնադրամն արդեն հայտարարել է մրցույթ բուհերի համար:

 

Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ներկայացուցիչը` Արայիկ Գյոզալյանն արդեն երրորդ անգամն է մասնակցում դպրոցի աշխատանքներին: Ի դեպ, կազմակերպիչների փոխանցմամբ, մասնակիցների 50 տոկոսը երկրորդ կամ երրորդ անգամն են ընդգրկվում այս ծրագրում: «Կարող եմ վստահ ասել, որ իմ նախորդ մասնակցությունները մեծ փորձ տվեցին: Ցավում եմ միայն, որ այս անգամ արտերկրից մասնակիցներ չունենք, քանի որ այդպես մենք փորձի փոխանակում էինք կատարում»,- ասում է Արայիկ Գյոզալյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։