05.10.2018 | 
Քաղաքականություն
«ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿԸ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿԸ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում կայացավ գիտական խորհրդի նիստը, որի օրակարգում դեկանի ընտրության հարցն էր:

Կենսաբանության Ֆակուլտետի հինգ ամբիոնների կողմից դեկանի պաշտոնի համար առաջադրվել էր գործող դեկան, ԳԱԱ թղթակից անդամ,կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը:

 

Նիստին ներկա էր նաև ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:

 

Մինչ ընտրություններին անցնելը թեկնածուն նախ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը՝ անդրադառնալով ֆակուլտետի զարգացմանն ուղղված իրականացվելիք մի շարք ծրագրերին, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող խնդիրներին:

 

Ելույթի սկզբում Էմիլ Գևորգյանը նաև ներկայացրեց ֆակուլտետի անցած ուղին՝ կարևորելով ֆակուլտետի զարգացմանն ուղղված կառուցվածքային փոփոխությունները. «Վերջին 4-5 տարիների ընթացքում ֆակուլտետում իրականացվել են էական փոփոխություններ, որոնցից ամենակարևորը կենսաբանության ներֆակուլտետային գիտահետազոտական ինստիտուտի ստեղծումն է: Կարծում եմ, որ առաջիկայում պետք է բարձրացնել ինստիտուտի  ինքնուրույնությունը, նպաստել ինստիտուտի հարակից ոլորտներում գործող լաբորատորիաների համատեղ գիտական ծրագրերի իրականացմանը, գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկել ասպիրանտներին, մագիստրատուրայում սովորող առավել ակտիվ ուսանողներին: Գտնում եմ նաև, որ առաջիկա տարիներին անհրաժեշտ է լաբորատորիաների պատկառելի տարիքով գիտական ղեկավարներին փոխարինել երիտասարդ, ակտիվ գիտական գործունեություն իրականացնող մասնագետներով»:

 

Նրա խոսքով,  ֆակուլտետում ժամանակակից սարքավորումներով հագեցած գիտակրթական կենտրոնների առկայությունն, անկասկած, նպաստում է ուսումնական գործընթացի, գիտական ուսումնասիրությունների պատշաճ մակարդակի ապահովմանը:

 

Ըստ բանախոսի՝ ֆակուլտետի կենտրոնների մասնագետները պետք է միջազգային դրամաշնորհների կամ պետական ծրագրերի ֆինանսավորման միջոցներից ապահովեն այդ կենտրոնների պարբերական սնուցումը. «Սա պահանջում է անընդմեջ նպատակասլաց աշխատանք, այլապես այդ բարձրարժեք սարքերը կմատնվեն պարապուրդի»:

 

Էմիլ Գևորգյանի կարծիքով, կրթական գործընթացների առաջընթացի ապահովման համար կարևոր է նաև նոր բովանդակություն և հնչեղություն ունեցող մասնագիտությունների բացումը. «Ֆակուլտետի կրթական գործընթացների զարգացման տեսակետից ցանկալի կլինի նաև վերաբացել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի «Կենսաինֆորմատիկա» մասնագիտության գծով կրթական ծրագիրը, բայց այս անգամ արդեն ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հետ համատեղ»:

 

Պրոֆեսորը նաև հակիրճ ներկայացրեց ֆակուլտետի առաջիկա գործունեության համար անհրաժեշտ միջոցառումների շարքը, որը հիմնված է ֆակուլտետի կողմից ստանձնած զարգացման հիմնադրույթների վրա:    

 

Նրա խոսքով, վերջին 10 տարիների ընթացքում ֆակուլտետն առաջընթաց է ապրել. «Համոզված եմ, որ պետք է անենք ամեն հնարավորը՝ պահպանելու ֆակուլտետի գիտակրթական պատշաճ մակարդակը»:

 

Դեկանի նախընտրական ելույթից հետո ֆակուլտետի ամբիոնի վարիչները և դասախոսները շնորհակալություն հայտնեցին Էմիլ Գևորգյանին երկարատև աշխատանքի, հավասարակշռված քաղաքականություն վարելու և ֆակուլտետում  տիրող դրական մթնոլորտի համար:

 

Նիստի վերջում ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը գոհունակությամբ խոսեց դեկանի կատարած աշխատանքի մասին և շնորհակալություն հայտնեց երկարատև և նվիրված աշխատանքի համար:  

 

Խոսելով ֆակուլտետում իրականացվող ծրագրերից՝ ԵՊՀ պրոռեկտորը նշեց, որ մագիստրատուրայում անհրաժեշտ է ներդնել այնպիսի մասնագիտություններ, որոնք շատ դիմորդներ կունենան:

 

Գեղամ Գևորգյանն անդրադառնալով դասախոսներին ու ուսանողներին հուզող ուսումնական պրակտիկայի խնդրին՝ նշեց, որ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողների ուսումնական պրակտիկան այս ուստարի նույնպես կանցկացվի Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում: 

 

Նիստի վերջում փակ ու գաղտնի քվեարկությամբ 33 կողմ և մեկ անվավեր ձայների հարաբերակցությամբ դեկան ընտրվեց Էմիլ Գևորգյանը: Նշենք, որ գիտական խորհրդի նիստին ներկա էր 34 անդամ:

 

Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

                                                 

 

 

 

 

Այլ նորություններ
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող «Մասնագիտական կողմնորոշման օր» ծրագրի շրջանակում այսօր Երևանի N 170 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները Մայր բուհի կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով այցելեցին ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ: