06.07.2017 | 
Հասարակություն
ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ»
ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստում նշվեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանի 70-ամյակը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շնորհավորելով վաստակաշատ պրոֆեսորին, նրան ցանկացավ երկար տարիների առողջ կյանք ու գործնական անսպառ եռանդ. «Պարոն Գևորգյանը ծանրակշիռ գիտական վաստակ ունի, նրա բոլոր աշխատանքները փաստում են, որ նա համալսարանի ամենաերևելի անդամներից մեկն է, ով իր կյանքով և գործունեությամբ, ինչ-որ տեղ, նաև մի ամբողջ ժամանակաշրջան է բնորոշում համալսարանի կյանքում»:

 

ԵՊՀ ռեկտորը նշեց նաև, որ Էմիլ Գևորգյանը կենսաֆիզիկայի բնագավառի ամենախոշոր մասնագետներից մեկն է և 2000 թ.-ից ղեկավարում է այնպիսի բարդ օրգանիզմ, ինչպիսին է Կենսաբանության ֆակուլտետը. «Նրա աշակերտներն այսօր աշխատում են կենսաբանության տարբեր ոլորտներում և լինելով առաջատար մասնագետներ՝ բարձր են պահում ոչ միայն իրենց ուսուցչի, այլև համալսարանի պատիվը: Մենք ուրախ ենք, որ այսօր կարող ենք գնահատել Ձեզ ու Ձեր գործունեությունը, պարո՛ն Գևորգյան, դուք համալսարանի ամենահավատարիմ զինվորներից մեկն եք»:

 

Պարոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Էմիլ Գևորգյանին ներկայացրել են «Անանիա Շիրակացի» մեդալի:

 

Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը շնորհավորական իր խոսքում ասաց, որ Էմիլ Գևորգյանը յուրաքանչյուր հարցի մոտենում է օբյեկտիվ հիմնավորումներով. «Մաղթում եմ քաջառողջություն և ցանկանում եմ, որ Ձեր մեծ ներդրումը ֆակուլտետում շարունակական լինի»:

 

 

Կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ Պողոս Վարդևանյանն էլ փաստեց, որ նաև Էմիլ Գևորգյանի մեծ ջանքերի շնորհիվ է, որ Կենսաբանության ֆակուլտետում խաղաղ ու հանգիստ մթնոլորտ է տիրում. «Հենց նրա՝ որպես դեկան աշխատելու ժամանակաշրջանում ֆակուլտետը մեծ վերելք ապրեց ու դարձավ գիտահետազոտական հզոր կենտրոն»:

 

ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը նշեց, որ Էմիլ Գևորգյանը եզակի անհատ է. «Կենսաբանության ֆակուլտետի ստեղծագործ մթնոլորտը, անշուշտ, նրա և նրա գործընկերների երկար տարիների տնքաջան աշխատանքի արդյունքն է: Էմիլ Գևորգյանն է, որ կարողացել է ղեկավարել, համադրել և բոլորի համար արդյունավետ միջավայր ստեղծել»:

 

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն էլ իր շնորհավորական ուղերձում ասաց, որ մեծ հաճույք է աշխատել և շփվել Էմիլ Գևորգյանի հետ. «Նրա շնորհիվ այսօր ֆակուլտետում սիրով աշխատում են և՛ մեծավաստակ մասնագետները, և՛ երիտասարդները, ինչը շատ կարևոր է ֆակուլտետի հետագա զարգացման համար»:

 

Շնորհավորական խոսքերից ու բարեմաղթանքներից հետո իր շնորհակալական խոսքն ասաց Էմիլ Գևորգյանը. «Ինձ բնութագրելիս պարոն ռեկտորն ասաց, որ ես հավատարիմ համալսարանական եմ, ինչին միանգամայն համաձայն եմ: Իսկապես համալսարանի զինվորներից մեկն եմ, և ինչպես նրանք են ասում՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ես էլ ասում եմ՝ ծառայում եմ Երևանի պետական համալսարանին»:

Այլ նորություններ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է»
ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնած հանդիպումների շարքն առաջին կուրսեցիների հետ ամփոփվեց այսօր Հայ բանասիրության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում: