15.10.2018 | 
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գիտական հետազոտությունների որակի ապահովումը» խորագրով տարածաշրջանային երկօրյա սեմինարը:

Սեմինարը կազմակերպվում է «Erasmus+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների տեխնիկական աջակցության առաքելության շրջանակում:

Երկօրյա սեմինարի   հիմնական նպատակն է մշակել  ուսումնական գործընթացի համար որակի ապահովման հատուկ մեխանիզմներ, որոնց շնորհիվ գիտահետազոտական ուսումնասիրությունները կարող են ավելի արդյունավետ ու նպատակային դառնալ, հատկապես կրթական երրորդ մակարդակում:

Սեմինարի ժամանակ ելույթ ունեցան տարբեր երկրներից ժամանած բարձրագույն կրթության բարեփոխման փորձագետներ, ովքեր ներկայացրին բարեփոխումների սեփական փորձը՝ անդրադառնալով այդ փորձի պատմությանը, առավելություններին ու թերություններին:

Խորվաթիայի  Զագրեբի համալսարանի բարձրագույն կրթության փորձագետ Մելիտա Կովաչևիչը ելույթում առանձնահատուկ շեշտեց  համալսարանում անցկացվող հետազոտությունների անհրաժեշտությունն ու  կարևորությունը, ինչպես նաև անդրադարձավ, թե ինչպես է այդ հետազոտությունների որակն ազդում համալսարանի հեղինակության վրա:

Շվեդիայի  Լունդի համալսարանի փորձագետ  Ալլեհ Չերպն էլ խոսեց պետական և մասնավոր համալսարանների կադրերի մշակման քաղաքականության, ինչպես նաև համալսարանների կրթական բարեփոխումների, թեզերի թեմաների ընտրության և հաստատման կարգի մասին. « Մեր բուհերի  ուսումնական գործընթացում ներառված են նաև աշխատանքային դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս սովորողին աշխատել և փորձ ձեռք բերել հենց ուսումնառության ընթացքում»: 

 

 

Կրթության փորձագետ Քրիստինե Ծատուրյանը ներկայացրեց այն հիմնական մարտահրավերները, որոնք առկա են մեր կրթական համակարգում: Ըստ բանախոսի՝ անցումը սովորողից հետազոտողի դժվար  է տեղի ունենում: Դրա համար կան մի շարք պատճառներ՝ դասավանդման ծրագրերի բացթողումներ, սեմինարների սակավություն, հետազոտության անցկացման  պայմանների բացակայություն և այլն:

 Դասախոսի գերծանրաբեռնվածությունը նրան թույլ չի տալիս անհրաժեշտ ուշադրություն դարձնել թեզերի որակին, արդիականությանը:

«Այստեղ պետք է նաև խոսեմ կրթության ոլորտի ֆինանսավորման խնդրի մասին, որը կազմում է ՀՆԱ-ի 0,25 տոկոսը: Նշեմ, որ աշխարհում միջին ցուցանիշը 2,27 տոկոս է:Իհարկե, մենք պետք է վերանայենք այս մոտեցումը, քանի որ առանց ֆինանսավորման կրթական բարեփոխումները դժվար է պատկերացնել»,-ասաց բանախոսը:

Վրաստանի Իլիի պետական համալսարանի կրթության փորձագետ Քեթևան Գուրչիանին էլ ընդգծեց վրացական կրթական համակարգի մարտահրավերները, որոնցից առանձնացրեց, այսպես կոչված, «մեկուսացման» հաղթահարումը:

«Վրաստանի բուհերն ակտիվ մասնակցում են միջազգայնացման գործընթացին, բարեփոխում են կրեդիտային համակարգը, միջազգային գիտական ամսագրերում հրապարակում են գիտական հոդվածներ: Բացի դրանից՝ Վրաստանում գործում են շարժունակությանը նպաստող փոխանակման ծրագրեր, որոնց շնորհիվ հաղթահարվում է նաև արտաքին մեկուսացումը»:

Սեմինարի վերջում ներկաները հնարավորություն ունեցան փորձագետներին ուղղելու կրթական ոլորտին վերաբերվող իրենց հուզող հարցերը: