Դասագիրքը նախատեսված է իրավաբանական բուհերի և ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների և դասախոսների համար: Այն կարող է օգտակար լինել դատական և դատախազական մարմինների աշխատողների, էկոլոգիական իրավունքի խնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար:
Դասագրքում, բացի իրավական համապատասխան դրույթների մեկնաբանություններից, նաև քննադատական վերաբերմունք է դրսևորված առանձին նորմատիվ իրավական դրույթների թերությունների և բացերի առնչությամբ, ինչպես նաև ներկայացված են ոլորտի օրենսդրության կատարելագործմանն ուղղված փոփոխությունների մասին առաջարկություններ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանը փաստեց, որ դասագրքում ներառված էկոլոգիական իրավունքի ընդհանուր մասի բոլոր թեմաները լուսաբանված են գիտության և կրթության ոլորտում, բնապահպանական գործունեության ասպարեզում անգնահատելի ներդրում ունեցող՝ ԵՊՀ պրոֆեսոր Աիդա Իսկոյանի և հեղինակային խմբի մյուս գիտնականների համատեղ ջանքերով:
Նրա տեղեկացմամբ, համահեղինակների խումբը ներկայումս զբաղված է «Հայաստանի Հանրապետության Էկոլոգիական իրավունք» դասագրքի հատուկ մասի ստեղծման աշխատանքներով:
Նոր դասագրքի հեղինակները հուսով են, որ այն, օգնելով ուսանողներին յուրացնելու էկոլոգիական իրավունքի ընդհանուր մասի հիմնախնդիրները, կծառայի իր նպատակներին և էականորեն կնպաստի ոլորտի բարձրակարգ և լայնախոհ մասնագետներ պատրաստելու գործընթացին:
Պատրաստեց Քնար Միսակյանը