05.06.2017 | 
Հասարակություն
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐ
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐ
ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնում ոլորտի մասնագետները քննարկում էին էկոլոգիական տեղեկատվության և մարդու կենսագործունեության միջավայրի անվտանգության հարցերը:

Նշված թեմայով գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «Էկոլոգիական տեղեկատվության հիմնախնդիրներ» ծրագրի շրջանակում: Այս միջոցառմամբ ծրագրի մասնակիցները ներկայացնում են մինչ այժմ կատարված հետազոտությունների միջանկյալ արդյունքները: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերին:

 

Քանի որ հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրն է, Իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանն իր խոսքը սկսեց տոնի պատմությամբ՝ թվարկելով բոլոր այն իրավական ակտերը, որոնք ընդունվել են տարբեր երկրներում ու տարբեր կառույցների կողմից ու մինչ այսօր էլ կարևոր նշանակություն ունեն ոլորտի կարգավորման համար:

 

«Այսօրվա մեր գիտաժողովի հիմնական նպատակը քննարկումն է, ցանկանում ենք տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կարծիքներ ու առաջարկություններ լսել: Թեպետ ՀՀ բնապահպանության նախարարությունը կարծում է, որ «էկոլոգիական տեղեկատվության մասին օրենքի» ընդունման կարիքը չկա, և բավարար է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, բայց մեր խորին համոզմամբ՝ դրա կարիքը կա»,- ասում է Աիդա Իսկոյանը:

 

Կենտրոնի գիտաշխատող Հեղինե Հախվերդյանի խոսքերով էլ՝ այսօր Հայաստանի Հանրապետությունն էկոլոգիական տեղեկատվության մատչելիությունն առանձին իրավական կարգավորում չունի, ընդհանուր շրջանակային կարգավորման դաշտում է:

 

«Այս պահին աշխատում ենք «էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի հայեցակարգի ուղղությամբ, և մեր կատարած ուսումնասիրությունը վեր է հանում այն խնդիրները, որոնք այսօր առկա են և ապագայում պետք է դրվեն նոր օրենքի հիմքում: Գիտաժողովի նպատակն է նաև վերհանել ոլորտի խնդիրները: Ներգրավել ենք և՛ պետական մարմինների, և՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Թեև մեր թեմատիկ ուսումնասիրությունն իրավագիտության ոլորտին է առնչվում, բայց մեր գիտաժողովի բովանդակային ընդգրկումը ներառում է նաև միջճյուղային խնդիրներ»,- ասում է Հեղինե Հախվերդյանը:

 

Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, արտաքին իրավիճակների, բնապահպանության նախարարությունների, տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, ովքեր ևս հանդես եկան զեկուցումներով:

Այլ նորություններ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է»
ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնած հանդիպումների շարքն առաջին կուրսեցիների հետ ամփոփվեց այսօր Հայ բանասիրության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում: