20.03.2019 | 
Կրթություն
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՊՀ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀ-ԵՐԻ ՀԵՏ՝ «ERASMUS+» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՊՀ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀ-ԵՐԻ ՀԵՏ՝ «ERASMUS+» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի երկու դասախոսներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ինչպես նաև Ուկրաինայի և Ուզբեկստանի իրենց գործընկերների հետ 2019 թ․ փետրվարի 13-ից 26-ը մասնակցել են «Erasmus+ TOPAS» եվրոպական ծրագրի շրջանակում Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում (HSWT) կազմակերպված ինտենսիվ վերապատրաստման դասընթացին։

«TOPAS» ծրագիրն ընդգրկում է 10 բուհեր Գերմանիայից, Ռումինիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Հայաստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից ու նպատակ ունի զարգացնելու այդ երկրների բուհերի համագործակցությունը՝ դասավանդման և ուսումնառության ժամանակակից, նորարարական մեթոդների ներդրման ուղղությամբ։

Դասընթացը նվիրված էր գյուղատնտեսական տեխնիկային և ֆերմերային տնտեսությունների գործունեությանն առնչվող տվյալների հավաքագրման, կառավարման ու օգտագործման նորագույն մեթոդներին և գործիքներին։ Վերջիններս հնարավորություն են տալիս բարձրագույն կրթության համապատասխան մասնագիտությունների կրթական գործընթացներն ուղղորդելու դեպի գործնական հմտությունների զարգացում՝ ագրարային տնտեսագիտության ոլորտում։ 

 

Դարմշտատի Գյուղատնտեսական տեխնիկայի և կառուցվածքների գիտահետազոտական կենտրոնում (KTBL) դասընթացի մասնակիցները ծանոթացան  կենտրոնի կողմից ստեղծված և գյուղատնտեսական տեխնիկային առնչվող տվյալների շտեմարաններին ու ներկայացրին իրենց նյութերը: «KTBL»-ում ԵՊՀ դասախոսները ներկայացրին դասընթացի այս փուլի համար իրենց հավաքագրած տեղեկատվությունը և պատրաստած նյութը՝ գյուղատնտեսական տեխնիկայի տվյալների փորձնական շտեմարանի ու դրանց հաստատուն և փոփոխուն ծախսերի հաշվարկը ներկայացնող պաստառի տեսքով:

 

 Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ֆերմերային տնտեսությունների գյուղատնտեսական գործունեության եկամտաբերության ու արդյունավետության գնահատման «MAX» ծրագրային փաթեթը։ 


Վերջինս օգտագործելով՝ մասնակիցները մանրամասն ծանոթացան հաշվարկների մեթոդին և պրակտիկ հաշվարկներ կատարեցին՝ Գերմանիայում այցելած ֆերմայից իրենց կողմից հավաքագրված տվյալների հիման վրա։

«MAX» փաթեթը հնարավորություն է տալիս ստանալու գյուղացիական տնտեսության գործունեության տնտեսագիտական գնահատականներ՝ հավաքագրելով դրանց վերաբերյալ մանրակրկիտ տեղեկատվություն։ Այդ փաթեթի միջոցով հնարավոր է հաշվարկել գյուղացիական տնտեսության վարման տարբեր սցենարներ, ինչպես նաև համեմատել դրանց արդյունավետությունը։ Այս գործիքի կիրառումը ուսանողներին հնարավորություն կտա կրթական գործընթացում գործնականում կիրառելու իրենց տեսական գիտելիքները, իրականացնելու տնտեսագիտական հաշվարկներ ու գործնական վերլուծություններ՝ իրական տվյալների հավաքագրման հիման վրա։ 

«Հայաստանում գյուղատնտեսական գործունեության ուղղվածությունը, սակայն, բավականին տարբերվում է Գերմանիայից, որտեղ փաթեթը մշակվել է։ Ուստի մենք կարևորում ենք համագործակցության շարունակությունն ինչպես կրթական ու հետազոտական, այնպես էլ փաթեթը հայաստանյան իրողություններին համապատասխանեցնելու ուղղություններով»,- պատմեց դասընթացի մասնակից, ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ Նաիրուհի Ջրբաշյանը։  

««MAX» փաթեթի միջոցով տվյալների հավաքագրման ու ցուցանիշների հաշվարկման մեթոդը տնտեսագիտական կրթության ոլորտում բարձրագույն տեխնոլոգիաների կիրառման օրինակ կարող է դառնալ։ Մենք մտադիր ենք կիրառել այս մեթոդը բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերում, ինչպես նաև շարունակել համագործակցությունը գործընկեր երկրների հետ՝ փաթեթի միջոցով հավաքագրված տեղեկատվության տվյալների շտեմարանի կառուցվածքի ու տեխնոլոգիական լուծումների մշակման, շտեմարանի ստեղծման ու տվյալների մշակման  ուղղությամբ։ Տվյալների շտեմարանի ստեղծումը հնարավորություն կտա օգտագործելու  հավաքագրված տվյալներն ինչպես կրթական գործընթացում, այնպես էլ  հետազոտական նպատակներով»,- ասաց դասընթացի մասնակից, Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ Արամ Կարապետյանը։



Դասընթացի արդյունքների հիման վրա ձևակերպվեցին «TOPAS» ծրագրի շրջանակում գործընկեր համալսարաններում գործնական ուղղվածություն ունեցող կրթության խորացման հիմնական ուղղությունները, և մշակվեցին համագործակցության հետագա խորացման առաջարկներ:

 

 «Համագործակցության հետագա զարգացման համար մեր կողմից ներկայումս աշխատանքներ են տարվում՝ «TOPAS» ծրագրի շրջանակում տվյալների հավաքագրման և տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների ժամանակակից գործիքների  կիրառման հիման վրա դրանց շտեմարանի ստեղծման ռազմավարության մշակման ուղղությամբ։ Գյուղացիական տնտեսությունների գյուղատնտեսական ակտիվների, մեքենա-սարքավորումների, գյուղատնտեսական գործունեության ու արտադրության տվյալների շտեմարանը հնարավորություն կտա իրականացնելու ինչպես մաթեմատիկական հաշվարկներ, այնպես էլ տվյալների գործոնային, կոռելյացիոն և կլաստերային հետազոտություններ։ Կարծում ենք՝ այս ներդրումն արժեքավոր կլինի ինչպես մեզ, այնպես էլ ծրագրի մասնակից երկրների համար»,- նշեց Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Առաքելյանը:

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգի» իրավական փաստաթղթերի մշակման և վերամշակման աշխատանքային խմբերի հանդիպումը:
«ԵՊՀ-Ն ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ. ԵՍ ԱՅՍՕՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՄ ՍՈՎՈՐՈՒՄ». ԱՍՏՂԻԿ ՇՄԱՎՈՆՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն-ֆրանսերեն հաղորդակցության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Աստղիկ Շմավոնյանն այժմ սովորում է Ֆրանսիայի Լիլ քաղաքի Լիլլի համալսարանի կիրառական օտար լեզուների ֆակուլտետում: