04.09.2020 | 
Հասարակություն
«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼ, ՊԵՏՔ Է ՆԱԽԵՎԱՌԱՋ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԴՈՒԼ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ». ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼ, ՊԵՏՔ Է ՆԱԽԵՎԱՌԱՋ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԴՈՒԼ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ». ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի համակարգչային դահլիճում այսօր անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադան (EJOI):

ysu.am-ը զրուցել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայի միջազգային կոմիտեի անդամ, ԵՊՀ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանի հետ:

 

Վերջինս տեղեկացրեց, որ մինչև 15 տարեկանների համար նախատեսված օլիմպիադային մասնակցում է աշխարհի 27 երկրներից 90 մասնակից. «Օլիմպիադայի կազմակերպիչ երկիրը Վրաստանն է, և պայմանավորված արտակարգ իրավիճակով՝ այն անցկացվում է առցանց եղանակով»:

 

Մասնագետի հաղորդմամբ, Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադան անցկացվում է դեռևս 2017 թվականից Բուլղարիայի առաջարկով:

 

Նրա տեղեկացմամբ, օլիմպիադան ընթանալու է երկու օր, յուրաքանչյուր օր՝ 4 ժամ տևողությամբ, որի ընթացքում մասնակիցները լուծելու են 3 խնդիր. «Ենթախնդիրները լուծելիս ամփոփվելու են մասնակիցների միավորները, և դրանց հիման վրա որոշվելու են հաղթողներն ու մեդալակիրները, որոնք լինելու են ոչ թե մեկը կամ երկուսը, այլ մի քանիսը»: 

 

Նշենք, որ մասնակիցներն ընտրվել են ընտրական մրցույթներով՝ միջազգային կոմիտեի անդամի և թիմի ղեկավարների կողմից:

«Մեր թիմի հիմնական կորիզը Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի 8 աշակերտներն են, որոնց հետ մինչև օլիմպիադայի մեկնարկը մենք առցանց եղանակով պարապմունքներ ենք անցկացրել»,- ասաց Արմեն Անդրեասյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ այս օլիմպիադան հնարավորություն է ընձեռել ստեղծելու արտամրցութային թիմ, որի հետ նույնպես անցկացվել են առցանց պարապմունքներ:

 

«Քանի որ վերջին տարիներին միջազգային օլիմպիադաներում եվրոպական երկրների ցուցաբերած արդյունքները զիջում են արևելյան և խաղաղօվկիանոսյան երկրների ցուցանիշներին, ապա Եվրոպայում որոշեցին նմանաբնույթ օլիմպիադա կազմակերպել, որի արդյունքներով ուժեղագույնները կդառնան ապագայում կազմակերպվելիք  միջազգային օլիմպիադայի կորիզը»,- ասաց Ա. Անդրեասյանը:

 

 

Խոսելով նմանաբնույթ օլիմպիադաներում ՀՀ թիմի մասնակցության նվազագույն քանակի և առկա բացթողումների մասին՝ ԵՊՀ ասիստենտն առանձնացրեց մի քանի կետ. «Օլիմպիադաներում մեր խնդիրն օլիմպիադայի հանրայնացումն է: Ըստ թվային տվյալների՝ «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների օլիմպիադաների մասնակիցների քանակի տարբերությունն էական է»:

 

 

Նման ցուցանիշը մասնագետը պայմանավորեց «Ինֆորմատիկա» առարկայի՝ ընդունելության քննություններում ներառված չլինելու և աշակերտների մոտիվացիայի պակասով:

 

«Եթե ուզում են հաջողություն գրանցել, պետք է նախևառաջ դուրս գալ ուսումնական ծրագրից և կազմակերպել աշխատանքն անդուլ աշխատասիրությամբ: Ցավոք, Հայաստանում քիչ են այդպիսինները»,- ասաց պարոն Անդրեասյանը:

 

Օլիմպիադայի մասնակից, «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Համլետ Պետրոսյանը նշեց, որ միջազգային օլիմպիադային իր մասնակցությունն արդեն կարևոր քայլ է հետագայի համար: 

 

Ապագա ծրագրավորողի խոսքով, օլիմպիադայի առցանց եղանակով կազմակերպումը  հավելյալ դժվարություն չի առաջացրել՝ շնորհիվ առարկայի բնույթի: 

 

Համլետը նաև նշեց, որ օլիմպիադան անցկացվում է ընկերական մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուրը գիտի դիմացինի հնարավորությունները. «Մեկս մյուսի հնարավորությունները ճանաչելով՝ կարողանում ենք աջակցել ու օգնել միմյանց՝ այս կերպ ցուցաբերելով թիմային միասնություն»:

 

 Նշենք, որ սեպտեմբերի 6-ին առցանց կկայանան օլիմպիադայի փակման արարողությունը և հաղթողների որոշումը:

 

Մեդալների հանձնումը, ըստ էության, կանցկացվի մյուս տարի, իսկ դիպլոմների հանձնման արարողությունը տեղի կունենա էլեկտրոնային եղանակով: 

 

Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։