19.10.2017 | 
Մշակույթ
«ԵՎԱ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
«ԵՎԱ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Եվա» ֆիլմի ցուցադրությունը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբի գործունեության շրջանակում ցուցադրված հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրությունն է: Կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆարաբի կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նշենք, որ ֆիլմն այժմ ցուցադրվում է միայն կինոթատրոններում:

 

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Նա դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն անցյալը ամենուր հետապնդում է նրան:

 

Ֆիլմը նկարահանվել է Արցախում։ Գլխավոր դերակատարներն են դերասաններ Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։

 

Ֆիլմի ցուցադրության սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ով տեղեկացրեց, որ այս տարի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացվելու է հենց այս ֆիլմը:

Ֆիլմի ցուցադրության ավարտին հաջորդեց քննարկումը, որին մասնակցում էին նաև ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը, գլխավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանը և Սերգեյ Թովմասյանը:

 

Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Անահիտ Աբադն ասաց, որ ֆիլմի գաղափարը ծագել է դեռևս 1999 թ.-ից, երբ ինքն առաջին անգամ այցելել է Դադիվանք. «Միանգամից առաջացավ նման սյուժեով ու նման սցենարով ֆիլմ նկարահանելու ցանկություն: Ճիշտ է, նկարահանելու ժամանակ արդեն ինչ-ինչ բաներ փոխվեցին, բայց իմ հիմնական գաղափարը կարողացա պահպանել»:

 

Անահիտ Աբադն ասաց, որ դերասաններին յուրօրինակ ձևով է ընտրել. «Ինձ համար կերպարը տեսք ունի, որը գտնում եմ դերասանների մեջ: Ֆիլմում ոչ բոլորն են պրոֆեսիոնալ դերասաններ, իսկ պրոֆեսիոնալներն էլ հիմնականում թատրոնի դերասաններ են: Ոչ դերասաններին էլ ընտրել ենք հենց Արցախի ժողովրդի միջից: Աշխատել ենք այնպես անել, որ տարբերությունն ակնհայտորեն չերևա, թե ովքեր են դերասաններ, ովքեր՝ ոչ»:

 

Անահիտ Աբադի համար շատ հետաքրքիր էր լսել, թե ինչպես են հասկացել ֆիլմը ուսանողները. «Ես իմ խոսքն արդեն ասել եմ. իմ խոսքն իմ ֆիլմն է: Ինձ հետաքրքիր է, թե ինչ կստեղծվի հանդիսատեսի և ֆիլմի դերասանների բաց երկխոսության արդյունքում»:

 

 

Քննարկման ընթացքում ուսանողները հայտնեցին իրենց կարծիքները ֆիլմի մասին: Մասնավորապես ուսանողներից մեկն ասաց, որ ֆիլմում իսկապես երևում է հայ ընտանիքի ու հայ գյուղացու կերպարը. «Ապրիլյան պատերազմը նույնպես ապացուցեց, որ հայերն ինչքան էլ կորուստ ունենան, ինչքան էլ սարսափի մեջ ապրեն, միևնույնն է, մինչև վերջին շունչը կմնան ու կապրեն իրենց հողի վրա»:

 

Եվային մարմնավորած դերասանուհի Նարինե Գրիգորյանն էլ ասաց, որ իր կերպարն իսկապես զուսպ և ուժեղ կնոջ մարմնավորում է. «Նկարահանման ընթացքում ինձ թվում էր, թե Եվան «լացող» կերպար է, բայց երբ նայեցի ֆիլմը, հասկացա, որ ռեժիսորին իսկապես հաջողվել է ստանալ կնոջ կերպար, որն իսկապես շատ զուսպ է և ուժեղ»:

 

Քննարկման ընթացքում ֆիլմի ստեղծագործական կազմի ներկայացուցիչները պատասխանեցին նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին:

 

Այլ նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Հոկտեմբերի 3-8-ը Վիեննայի Հայ Առաքելական և կաթոլիկ համայնքներում ներկայացվեցին ԵՊՀ-ի վերջին տարիների հրատարակությունները:
ԵՐԴՎԵՑԻՆ, ՈՐ ԲԱՐՁՐ ԵՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄԸ
Սեպտեմբերի 19-ին Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցավ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: