18.04.2017 | 
Ուսանողական
«ՄԵՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՆԴԵՊ ՄԵՆՔ ԱՆՓՈՒՅԹ ԵՆՔ ԳՏՆՎԵԼ»
«ՄԵՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՆԴԵՊ ՄԵՆՔ ԱՆՓՈՒՅԹ ԵՆՔ ԳՏՆՎԵԼ»
«Ազգային գրադարանային շաբաթն» այս տարի մեկնարկեց Եղիշե Չարենցի 120-ամյակին նվիրված միջոցառմամբ:

Արդեն 15-րդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման համակազմակերպիչն էր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

 

«Պատահական չէ, որ «Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված առաջին միջոցառումը նվիրված է հենց Չարենցին: Նա մեր ազգի մեծագույն հանճարներից է, իսկ այս միջոցառումը մեկ անգամ ևս լավ առիթ է մեծարելու ու արժևորելու նրան»,- նշեց Հայաստանի ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը:  

 

Հայաստանի ազգային գրադարանի ցուցասրահում ներկայացված էին Չարենցի՝ տարբեր ժամանակներում հրատարակված երկերի ժողովածուները, հեղինակի մասին գրականագիտական աշխատությունները, նրա ու նրա ընտանիքի մասին եղած հուշերը, ինչպես նաև Չարենցի լավագույն բանաստեղծությունները։

 

Միջոցառմանը հրավիրված գրականագետ, գրաքննադատ Դավիթ Գասպարյանը խոսեց Չարենցի, նրա կյանքի որոշ դրվագների, իր կողմից հրատարակված չարենցյան անտիպ գործերի մասին, որոնք ամփոփել է «Գիրք մնացորդաց» գրքում։ Այն հրատարակվել է ընդամենը 500 օրինակով, նախատեսված է մասնագիտական նեղ շրջանակների համար և նպատակն է մի օր հասնել Չարենցի երկերի լիակատար ժողովածուի ստեղծմանը:

 

«Չարենցը մեր ամենակենդանի հեղինակն է, ում նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում, բայց մեր հանճարի հանդեպ մենք անփույթ ենք գտնվել, քանի որ յուրաքանչյուր գրողի երազանքը նախևառաջ իր երկերի լիակատար հրատարակություն ունենալն է»,- կարծում է գրականագետը։

 

Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպչական բաժնի վարիչ Անահիտ Քեհեյանի կարծիքով՝ այսպիսի միջոցառումների նպատակը մեկ անգամ ևս գիրքը, ընթերցանությունը արժևորելն է, գրագետ, տեղեկացված հասարակության ձևավորմանը նպաստելը:          

                                        

Միջոցառումը եզրափակվեց Չարենցի լավագույն բանաստեղծությունների ընթերցմամբ. ասմունքում էին Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
Հունիսի 17-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ-ն կազմակերպել էր «ԵՊՀ ուսանողները՝ երեխաների համար» խորագրով միջոցառում:
ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՎԱԾՈՒՄ ԷԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կազմակերպվել էր ազգագրական երգի ու պարի երեկո՝ նվիրված ՀՀ պետական խորհրդանիշների օրվան: