23.02.2016 | 
Կրթություն
ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ
ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ
«Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով միջոցառումների շրջանակում ԵՊՀ դասախոսները այցելեցին նաև ՀՀ մի քանի մարզերի դպրոցներ:

Միջոցառումների շարքը Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ նախաձեռնել էին ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը և Հայ բանասիրության ֆակուլտետը:

 

Մարզային այցելությունների մեկնարկը տրվեց փետրվարի 17-ին Աբովյան քաղաքի համար 4 ավագ դպրոցում, որտեղ ակնարկային դասախոսությամբ հանդես եկավ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Սարգիս Մխիթարյանը:

 

«Աշակերտները շատ հետաքրքրված էին, որովհետև խոսվեց նախաքրիստոնեական շրջանի գաղափարագրերի, սեպագիր գրատեսակների, հնչյունական գրի առանձնահատկությունների, մաշտոցյան գրերի գյուտի, հայոց լեզվի ու հայ դպրության սկբնավորման և զարգացման խնդիրների վերաբերյալ»,- ասաց Սարգիս Մխիթարյանը:

 

Պարոն Մխիթարյանի կարծիքով՝ մայրենին անաղարտ պահելու համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել մեր լրատվամիջոցներին: Նա ցավով է նշում, որ լեզվական խախտումներն այս ոլորտում շատ են. պետք է լրջորեն զբաղվել հարցով:

 

Մարզային հաջորդ այցելությունն Իջևանի ավագ դպրոցում էր, որտեղ հայ բանահյուսությանը, մասնավորապես «Սասնա ծռեր» էպոսին նվիրված դասախոսություն կարդաց Հայ գրականության ամբիոնի դոցենտ Վաչագան Ավագյանը:

 

Դասախոսի խոսքով՝ լեզուն անխնամ վիճակում է. «Լեզվի նկատմամբ մենք դարձել ենք մի տեսակ անտարբեր. այդ անտարբերությունը, կենցաղից սկսած, նույնիսկ գիտական միջավայրում է երևում»:

 

Փետրվարի 20-ին էլ Սևանի Վազգենյան դպրանոցը հյուրընկալել էր Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Սուսաննա Գրիգորյանին: Նա ներկայացրեց մեր լեզվի ամբողջ պատմությունը: Տիկին Գրիգորյանն ամեն տարի նրանց համար դասախոսություն է կարդում, հատկապես Մայրենի լեզվի օրվան նվիրված:

 

«Այս տարի ես շեշտն ավելի շատ դրեցի մեր բարբառների վրա, հետո անդրադարձա այսօրվա ժարգոնային խոսակցություններին՝ հորդորելով նրանց սխալները վերացնել», - մեզ հետ զրույցում նշեց նա:

 

Հայոց լեզվի պատմության ամբիոնի ասիստենտ Նաիրա Պարոնյանն ու նույն ամբիոնի դոցենտ Նորայր Պողոսյանն էլ դասախոսություններ կարդացին Գևորգյան ճեմարանում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում: Նաիրա Պարոնյանը ճեմարանում նաև գրաբար է դասավանդում, բայց հանդիպման նպատակն այս անգամ մի փոքր այլ էր:

 

«Քանի որ նրանք ապագա հոգևորականներ են, հիմնական նպատակս էր, որ կարողանան հասկանալի և մատչելի քարոզներ ասեն, իսկ դրան հասնելու համար պետք է նաև կարողանալ ճիշտ ու հայեցի խոսել»,- ասաց ԵՊՀ դասախոսը:

 

Տիկին Պարոնյանը հավելեց, որ չպետք է անհարմար զգալ առօրյայում գրական խոսելուց: Նա վստահ է՝ եթե յուրաքանչյուր անձ նախանձախնդիր լինի հայերեն խոսել, դիմացինը ևս կաշխատի նմանատիպ պատասխան տալ:

 

Բավականին հագեցած էր նաև Նորայր Պողոսյանի դասախոսությունը, որը նվիրված էր հայերենի ծագման ու զարգացման փուլերին. հատկապես կարևորվեց գրաբարի դերը: Խոսվեց նաև բարբառների, աշխարհաբարի 2 ճյուղերի ձևավորման մասին: Դասախոսության երկրորդ հատվածում էլ զրուցեցին մայրենի լեզվի արդի խնդիրների, պահպանության, գրական հայերենով ազատ արտահայտվելու հարցերի վերաբերյալ:

 

Այլ նորություններ
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի և իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում ի.գ.դ., պրոֆեսոր Վահե Ստեփանյանի հետ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած հոդվածների ժողովածուի կարևոր թեմաներից մեկին:
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ արձակագիր Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» գրքի շնորհանդեսը՝ ևս մեկ անգամ արժևորվելու և կարևորվելու ստեղծագործության ուրույն դերը գրականության մեջ: