Հայաստանում Ռուսաստանի հեռուստատեսության օրերի շրջանակում նոյեմբերի 16-ին ԵՊՀ էին այցելել ռուսական լրագրության պատվիրակությունը: 13 ներկայացուցիչներից բաղկացած կազմը ղեկավարում էր «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ, միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
«Վերջին ժամանակաշրջանում շատ են քննադատում հեռուստատեսությունն ընդհանրապես եւ մարդկանց, ովքեր աշխատում են հեռուստատեսությունում: Սակայն ձեզ վստահաբար կարող եմ ասել, որ ավելի լավ մասնագիտություն, քան լրագրությունն է եւ հատկապես հեռուստատեսային լրագրությունը, աշխարհում չկա»,- ողջունելով ներկա լրագրողներին եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ներկայացուցիչներին` ասաց Միխայիլ Շվիդկոյը:
Պատվիրակության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ռուսաստանյան հեռուստաընկերությունների Հայաստան այցելած ներկայացուցիչներին: Կարճ նախաբանից հետո հյուրերը պատասխանեցին ուսանողների եւ հայաստանյան լրագրողների հարցերին: Կարճատեւ հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնվեցին թե ընդհանրապես լրագրության եւ թե ռուսաստանյան հեռուստատեսության առջեւ ծառացած խնդիրների, հայաստանյան եւ ռուսաստանյան հեռուստատեսային դաշտի ներկայացուցիչների համագործակցության հեռանկարների մասին:
«Կարծում եմ ռուսական լրագրությանը պակասում է բավարար չափով ազատությունը: Պետական գրաքննություն ամեն տեղ էլ կա, դա հերքելն անիմաստ է, սակայն ռուսական լրագրությունում զգալի է նաեւ ինքնագրաքննադատությունը: Ռուսաստանում այսօր լրագրողները գրելուց կամ ցույց տալուց առաջ նախ մտածում են, թե ինչ հետեւանքներ կարող են լինել»,-ասաց «Совершенно секретно» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էթերի Լեւիեւան: Հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրերին նվիրեց Հայաստանը ներկայացնող լուսանկարչական ալբոմներ: Հյուրերն էլ դատարկաձեռն չէին եկել: ԵՊՀ-ի համար պատրաստված նվերների շարքում էր նաեւ խտասկավառակների մեծ ժողովածու` նվիրված Ռուսաստանի պատմությանը: