Երևանի պետական համալսարանի կողմից անցկացվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ԵՊՀ պատմության թանգարանն ապրիլի 10-ին Կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկի ճեմասրահում կազմակերպել էր Ռադիկ Շառոյանի «Էրգիրը տիրոջ աչքերով» խորագրով պրոֆեսիոնալ լուսանկարների ցուցահանդեսի բացումը:
Լուսանկարներն արվել են Անիում, Վանում, Բիթլիսում, Մուշում, Սասունում և Համշենում: Իր լուսանկարների միջոցով պարոն Շառոյանը փորձել է արտահայտել տվյալ տեղամասի բոլոր գույներն ու իր զգացողությունները: Հեղինակի միակ նպատակն է եղել Արևմտյան և Արևելյան Հայաստանները տեսնել որպես մեկ ամբողջական Հայաստան:
Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ժամանակ հոգու խորքում վերապրելով Հայոց ցեղասպանության օրերին իր պապերի կրած ցավն ու կորուստը` լուսանկարիչը լուսանկարչական ապարատին ի պահ է տվել և այսօր մեզ է ներկայացնում հայ ժողովրդի` հազարամյակների բնօրրանի հիասքանչ բնապատկերներն ու պատմական հուշարձանները:
Ցուցահանդեսի հեղինակը մի առիթով նշել է նաև, որ կցանկանար կազմակերպել նաև մեկ այլ՝ դիմանկարների ցուցահանդես՝ նվիրված Արևմտյան և Արևելյան Հայաստանում ապրող մարդուն:
«Այցելուները, հատկապես ուսանողները, մեծ հուզմունքով են դիտում լուսանկարները: Հուսով եմ` նրանց հոգիներում կարթնանա անթեղված այն կրակը, որը պետք է հայ երիտասարդին պատմական արդարության հասնելու վեհ նպատակի համար»,- նշում է ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը: