16.11.2017 | 
Հասարակություն
«ՎԱՑԼԱՎ ՀԱՎԵԼ. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԻՂՃ». ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՎԱՑԼԱՎ ՀԱՎԵԼ. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԻՂՃ». ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ գրադարանի մասնաշենքի նախասրահում բացվեց Չեխիայի Հանրապետության Թավշե հեղափոխության 28-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես:

Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության համագործակցության շրջանակում կազմակերպված «Վացլավ Հավել. քաղաքականություն ու խիղճ» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում էր չեխ թատերագիր, ակնարկագիր, բանաստեղծ, քաղաքական գործիչ Վացլավ Հավելի գաղափարները և մտքերը՝ զուգորդված լուսանկարներով:

 

 

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, ՀՀ-ում Վրաստանի, Եգիպտոսի, Ճապոնիայի և այլ երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, դասախոսներ, ուսանողներ և հյուրեր:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով ողջունեց բոլորին և շնորհակալություն հայտնեց ներկաներին ԵՊՀ-ում Չեխիայի Հանրապետության Թավշե հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար:

 

«Թվում է, թե այդքան էլ երկար ժամանակ չի անցել, բայց արդեն 28 տարի է, ինչ եվրոպական ժողովուրդների պատմության մեջ փոխվել է մի կարևոր էջ: Խորհրդանշական է, որ այսօր ցուցահանդեսն անցկացվում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հարևանությամբ, կրթական և գիտահետազոտական կենտրոնի, որը ստեղծվել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության արդյունավետ համագործակցության արդյունքում»,- նշեց Ռուբեն Մարկոսյանը և հավելեց, որ կենտրոնում գործում է մարդու իրավունքների հիմնախնդրին նվիրված մագիստրոսական ծրագիր:

 

ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան էլ իր ելույթում ասաց. «1980-ականների կեսերին Խորհրդային միության ընդհանուր իրավիճակը դարձավ ավելի թեթև, մասնավորապես Պերեստրոյկա հեղափոխությունից հետո։ Սակայն Չեխոսլովակիայի ղեկավարությունը, որի գլուխն էր Գուստավ Հուսակը (նա ղեկավարության գլուխ էր անցել 1968 թ.-ի խորհրդային ներխուժումից հետո), թերահավատորեն էր վերաբերվում կոմունիզմը ներքուստ փոխելու քաղաքականությանը և շարունակում էր իր խիստ քաղաքականությունը Չեխոսլովակիայում։ Սակայն 1988 թ.-ին կազմակերպված ցույցեր տեղի ունեցան, որոնք լուրջ փոփոխություններ էին պահանջում։ Արդյունքում՝ Բեռլինի պատի փլուզումից մեկ ամիս անց, կոմունիզմը Չեխոսլովակիայում ևս դարձավ աղետալի»:

 

 

Դեսպանը հավելեց նաև, որ 1989 թ.-ի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, որը տապալեց Չեխոսլովակիայի կոմունիստական ռեժիմը՝ առանց արյունահեղության։

 

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, շնորհավորելով սլովակ և չեխ ժողովուրդներին, նշեց. «Այս իրադարձությունը, հիրավի, փոխեց երկու ժողովուրդների ողջ պատմությունը՝ այն դարձնելով ավելի ժողովրդավարական՝ թոթափելով 40 տարվա կոմունիստական լուծը: Այսօր մենք նշում ենք Թավշե հեղափոխության 28-րդ տարեդարձը, սակայն մեր այստեղ գտնվելու առիթը մի մեծ մարդու, այդ դարաշրջանի փարոսներից մեկի նկարների և մտքի ցուցահանդեսն է, որը, կարծում եմ, արժանի է առանձնահատուկ գնահատականի, և պետք է ավելի մանրամասն ներկայացնել նրա կենսագրությունը»:

 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: